• Вт. Сен 21st, 2021

Պուտինի լուսանկարով վահանակների պատվիրատուն քաղաքացի Երջանիկ Ղազարյանն է

Автор:http://Mitk.am

Сен 15, 2021

Արձագանք «Ասպարեզի» հրապարակմանը․ Երջանիկ Ղազարյանը Հայաստանի կոմունիստական կուսակցության Կենտկոմի առաջին քարտուղարի պաշտոնակատարն է, բայց նախաձեռնել է որպես ֆիզիկական անձ։

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, Հայաստանի տարբեր քաղաքների գովազդային վահանակներում հայտնվել են ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի լուսանկարը՝ «Հավերժ միասին» միաժամանակ ռուսերեն թարգմանությամբ, հայկական եւ ռուսական դրոշների միացմամբ, Մոսկվայի գլխավոր՝ «Կարմիր հրապարակի» լուսանկարով։ Այս վահանակները հայտնվել են օրերս՝ ՀՀ անկախության հռչակման 30 ամյակից մի քանի օր առաջ։

«Բիգ Բորդ» գովազդային գործակալությունը այս վահանակների պատվիրատուի անունը եւ այլ մանրամասներ չէր հայտնել՝ տեղեկացնելով, որ տեղեկությունները պարունակում են առեւտրային գաղտնիք։

Շրջանառվող տեղեկություններով՝ գովազդային նման վահանակների պատվիրատուն Հայաստանի կոմունսիտական կուսակցությունն է։ «Ասպարեզը» կուսակցությունից փորձել էր ստուգել տեղեկության հավաստիությունը։ Կուսակցությունից հերքել էին տեղեկությունը՝ ընդգծելով․ «Հայաստանի կոմունիստական կուսակցությունը Պուտինի նկարներով պաստառներ չի փակցրել»։ Իսկ այն հարցին, թե կոմունիստական կուսակցությունն ինչպիսի՞ լուսանկարներով վահանակներ է պատվիրել, որոնք արդեն փակցված են, կուսակցության ներկայացուցիչը ավելացրել էր, որ ինքը իրավասու չէ հարցերին պատասխանել եւ առաջարկել էր հեռախոսահամարը փոխանցել պատասխանատուին, որն ավելի ուշ այդ ոլորտին առնչվող հարցերին պատասխանելու էր։ Պատասխանատուն, սակայն, այդ օրվանից այդպես էլ կապ չհաստատեց, իսկ երեկ կուսակցության գրասենյակը չէր պատասխանում մեր զանգերին։

Այսօր առավոտյան միայն Հայաստանի կոմունիստական կուսակցության գրասենյակից «Ասպարեզին» փոխանցին, որ այդ վահանակների տարածումը կատարվել է քաղաքացի Երջանիկ Ղազարյանի անձնական նախաձեռնությամբ։ Կուսակցության ներկայացուցչի փոխանցմամբ՝ թեպետ Ե․Ղազարյանը Հայաստանի կումունիստական կուսակցության Կենտկոմի առաջին քարտուղարի պաշտոնակատարն է, այնուհանդերձ իր նախաձեռնության հետ կապ չունի կուսակցությունը։

Ե․Ղազարյանն «Ասպարեզի» հետ զրույցում վերահաստատեց տեղեկությունը՝ ասելով․ «Դա իմ անձնական նախաձեռնությամբ է կատարվել, դա իմ քաղաքացիական դիրքորոշումն է»։

Իսկ համաձայնություն ունի՞ ՌԴ նախագահ Վ․Պուտինից՝ իր լուսանկարով գովազդային վահանակներ Հայաստանում տարածելու վերաբերյալ, Ե․Ղազարյանն հարցով պատասխանեց․ «Կներեք, իսկ Բայդենի նկարը տարածելու կամ մնացածից համաձայնություն վերցնո՞ւմ եք։ Բայդենի լուսանկարը փակցված է Փարաքարի ճանապարհի վրա, «Շնորհակալություն Բայդենին» գրառմամբ»։

Ե․Ղազարյանի խոսքով՝ Հայաստանում մոռանում են, որ Ռուսաստանի Պետդուման դեռ 1995 թվականին է ցեղասպանություն իրագործողներին դատապարտող հռչակագիր ընդունել։

Ռուսաստանի Պետդուման 1995 թվականի ապրիլի 14-ին` 1915-1922 թթ. ցեղասպանություն իրագործողներին դատապարտող և ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության զոհերի Հիշատակի օր ճանաչող հռչակագիր է ընդունել, իսկ 2005 և 2015 թվականներին ընդունել է նմանատիպ հռչակագրեր 90-րդ և համապատասխանաբար՝ 100-րդ տարելիցների կապակցությամբ։

Ե․Ղազարյանը միաժամանակ պնդում է՝ ո՞ւր էին մյուս երկրները, երբ Արցախում պատերազմ էր․ պատերազմը կանգնեց ՌԴ շնորհիվ, հենց այս երկրի շնորհիվ Արցախի մնացած մասը փրկվեց հայաթաթումից, հիմա գոյատեւում է, Արցախում են ՌԴ խաղաղապահները։

«Եթե Բայդեն կա, (նկատի ունի ԱՄՆ նաագահ Բայդենի լուսակարը ՀՀ-ի տարածում, հեղինակ) ուրեմն Պուտին անպայման պետք է լինի․․․հայ-ռուսական բարեկամություն պետք է լինի, իհարկե, մենք կուզենք շատ ավելին լիներ, շատ ավելի լավը լիներ, շատ ավելի արագ լիներ ամեն ինչ»,-եզրափակում է Ե․Ղազարյանը։

Մի քանի օր առաջ Հայաստանի կումունիստական կուսակցությունը ֆեյսբուքյան էջում տեղադրելով գովազդային վահանակների լուսնկարներ՝ մարքսիստ տեսաբան, Կումունիստական կուսակցության անդամ, գրաքաննադատ Ստեփան Շահումյանի, Խորհրդային միության մարշալ, ԽՍՀՄ պաշտպանության փոխնախարար Հովհաննես Բաղրամյանի՝ մարշալ Բաղրամյանի պատկերներով, հրապարակել էր․ «Հայաստանի Կոմունիստական կուսակցության նախաձեռնությամբ, Հայաստանի գրեթէ բոլոր շրջաններում տեղադրվել են մեծ պաստառներ՝ Ստեփան Շահումյանի, մարշալ Բաղրամյանի պատկերներով և հայ-ռուսական բարեկամության թեմայով։

1920թ, երբ Հայաստանը խորհրդայնացվեց, մեր երկիրը գտնվում էր աղետալի վիճակում։ Դիմակայելով ներքին ու արտաքին մարտահրավերներին՝ կոմունիստները կարողացան եռապատկել մեր բզկտված հայրենիքի տարածքը, զարգացնել տնտեսությունը, մշակույթը, գիտությունը, Հայաստանը կրկին դարձնելով աշխարհասփյուռ հայության հանգրվան։

Սիրելի հայրենակիցներ՝ մենք հիմա էլ և միշտ պատրաստ ենք ծառայել ի բարօրություն մեր երկրի ու ժողովրդի։
Եկե՛ք, համախմբվե՛ք ձեր հարազատ կուսակցության շուրջը, որպեսզի միասին կրկին ծաղկեցնենք մեր մայր հայրենին»։

Այս բովանդակությամբ վահանակները տարածվում եւ փակցվում են ՀՀ անկախության հռչակման 30-րդ տարեդարձից օրեր առաջ։