• Вт. Сен 21st, 2021

Վարչապետը` Անկախության օրվա մասին

Ազգային ժողով-կառավարություն հարց ու պատասխանի ընթացքում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանը հարցրեց․ «Մի՞թե այս իրավիճակում երբ ունենք գերիներ, անհետ կորած տղաներ, Եռաբլուրում թարմ շիրիմներ, ավելի ընդունելի ձև չկար անկախության օրը նշելու, քան տղերքի ծնողների սիրտը փորփրելն էր գունագեղ շոույով։ Միգուցե դրա փոխարեն անհետ կորածների հանձնաժողով կստեղծեիք, գումարն էլ կհատկացնեիք այդ նպատալով»։

Ի պատասխան վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց․ «Ես ինքս էլ վերջին ամիսներին տասնյակից ավելի հանդիպում եմ ունեցել անհետ կորածների հարազատների հետ։ Անհետ կորածների հարցով զբաղվող մարմին կա, և ես անհետ կորածների հարազատներին ասել եմ, որ ինքս եմ այդ հարցերը համակարգում։ Եվ մեր պետական մարմիններն ամենաբարձր մակարդակով զբաղվում են այդ հարցով, բոլոր հնարավոր միջոցները գործադրվում են»։

«Ինչ վերաբերում է գունագեղ և անկախության օրվան նվիրված միջոցառումներին, ես նախ ուզում եմ ներողություն խնդրել բոլոր այն մարդկանցից, ում զգացմունքները որևէ կերպ վիրավորել կամ խոցել եմ նման ձևակերպմամբ։ Բայց ես ասել եմ, որ մեր տրամադրությունը տոնական չէ, բայց նաև կա այլ խնդիր՝ ՀՀ-ն 30 տարեկան է։ Եվ եթե մենք այդ միջոցառումն անենք ՀՀ դրոշներով, իսկ պետական տոնը պետք է նշվի դրոշներով, մեր դրոշի գույները շատ վառ գույներ են, և ես չեմ կարծում, որ պետք է չեղարկենք դրոշի գույները։ Նախատեսվող միջոցառման առանցքը հենց մեր նահատակների հիշատակի ընդգծումն է։ Եվ ուզում եմ ասել՝ նախատեսվում է, որ սեպտեմբերի 21-ին հայտարարվելու է Հայաստանի անկախության և Արցախյան երեք պատերազմներում, պատերազմից դուրս մարտական հերթապահության ընթացքում իրենց կյանքը զոհած մեր եղբայրների ու քույրերի հիշատակը հավերժացնող մի նախագծի մեկնարկի մասին, որի շուրջ մենք աշխատանքային քննարկումներ ենք անցկացնում արդեն 6 ամիս»,- ասաց նա։

Նիկոլ Փաշինյանը հավելեց, որ 30 տարվա մեջ ՀՀ անկախության ոչ մի օր չենք ունեցել, երբ չունենանք անհետ կորածներ, թարմ շիրիմներ Եռաբլուրում։ Եվ դիլեման հետևյալն է՝ արդյոք մենք պետք է ընդգծենք ՀՀ անկախության տարեդարձը։ «Իմ ասածի առանցքային փիլիսոփայությունն այն է, որ իմ ընկալմամբ՝ մեր բոլոր նահատակներն ընկել են, որ ՀՀ-ն ապրի։ Սա պետք է լինի այն զոհողությունների մեկնաբանությունը, որ մենք ունեցել ենք»,- ասաց Փաշինյանը։