• Вт. Сен 21st, 2021

Քոչարյանի գրասենյակներում աջակիցների տոտալ կրճատումներ են․ նա էլ չի ուզում փող ծախսել, իսկ աջակիցները իրենց չստացած գումարներն են պահանջում

Автор:http://Mitk.am

Сен 15, 2021

«Հայաստան» դաշինքն այսօր հաղորդագրություն տարածեց՝ տեղեկացնելով դաշինքի հավաքի մասին, որը վարել էր դաշինքի ղեկավար, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։

Հաղորդագրության մեջ նշված է, որ «Հայաստան» դաշինքի ղեկավար Ռոբերտ Քոչարյանը հանձնարարականներ է տվել՝ մեծացնել հանրային ակտիվությունը երկրի համար բախտորոշ այս շրջանում, հանրության ուշադրությունը սևեռել խնդիրների վրա, ավելի ակտիվացնել աշխատանքները Դաշինքի և հանրության միջև, ստեղծել կազմակերպչական էլ ավելի արդյունավետ ստորաբաժանումներ՝ դաշինքի աշխատանքներին նոր որակ հաղորդելու համար։

Ուշագրավ է, սակայն, որ այս օրերին մենք տեղեկություններ ենք ստանում, որ Քոչարյանի գլխավորած «Հայաստան» դաշինքի գրասենյակներում աշխատակիցների լուրջ կրճատումներ են, և որ ԱԺ ընտրություններում փաստացի տապալված Քոչարյանն այլևս չի ուզում գումար ծախսել։

Դեռևս Մարտի 1-ի դատավարության ժամանակ հավաքագրված նրա աջակիցները, որոնք հետագայում նաև դարձան ընտրությունների ժամանակ Քոչարյանի համար ձայն ապահովողներ, առավոտից-երեկո այդ գրասենյակներում էին լինում, ցույցերի մասնակցում և դրա դիմաց վճարվում, ներկայումս մասսայաբար լքում են իրենց «աշխատանքը»։

Վերջին շրջանում նրանց ֆինանսավորումը այլևս նույն տեմպով չի իրականացվում և շատերին պարզապես հեռացրել են «աշխատանքից», ինչը լրջագույն դժգոհություն է առաջացրել իրենց շարքերում։

Մեզ պատմեցին, որ Քոչարյանի գրասենյակների տասնյակ ազատված աջակիցներ  այս օրերին տարբեր իրավաբաններից փորձում են ճշտել-հասկանալ իրենց կարգավիճակը՝ արդյոք կարո՞ղ են բողոքարկել, հասնել նրան, որ իրենց վճարեն։

Բնավ պատահական չէ, որ Քոչարյանի մոլի աջակից Անահիտ Մութաֆյանը նախօրեին ֆեյսբուքյան գրառմամբ հայտնեց իր հիասթափության մասին․ «3 զուր կորցրած տարիներ, 3 սպասման ու հիասթափության տարիներ։ Ափսոս էին նյարդերս, ափսոս էր տարիների աշխատանքս, որը լցվեց ջուրը իբր ճշմարտության ետևից վազելուս պատճառով, ափսոս էր եղբորս անիմաստ եռամսյա կալանքը, մեր ապրումները, ափսոս էր մորս առողջությունը։ Երբ ինչ-որ բան ես անում, անում ես հանուն գաղափարի, անում ես հանուն ինչ-որ մեկի, բայց այժմ ոչ գաղափարը կա, ոչ էլ այդ ինչ-որ մեկը։ Ափսոս ժամանակս…»,- գրել էր Մութաֆյանը։

Ի դեպ՝ գրառման մեջ հիշատակված եղբայրը՝ Նարեկ Մութաֆյանը, որը հայտնի դարձավ Մարտի 1-ի գործով դատավոր Աննա Դանիբեկյանին հետապնդելուց հետո, ևս հեռացել է Քոչարյանի աջակիցների շարքերից։ Նա ներկայումս աշխատում է ընդդիմադիր լրատվամիջոցներից մեկում՝ որպես օպերատոր։

Ֆեյսբուքում աշխատանք է փնտրում նաև Քոչարյանի մոլի աջակից, կառավարության նախկին աշխատակից Նարե Գրիգորյանը։

Քոչարյանի շատ այլ աջակիցներ ևս ֆեյսբուքում հեռացրել են իրենց նկարները Քոչարյանի պաստառներով և այլևս նույն ջանասիրությամբ քաղաքական գրառումներ չեն անում, ինչը ևս ակնհայտորեն խոսում է այն մասին, որ նրանք այլևս չեն վճարվում։

Քոչարյանը սկսել է խնայել նաև գրասենյակներ վարձակալելու, գրասենյակները պահելու ուղղությամբ ծախսվող իր գումարները։ Մասնավորապես, մենք տեղեկացանք, որ գրասենյակների վարձավճարները փոխանցելու պարտավորությունը դրվել է դաշինքի «օլիգարխ» հատվածի վրա։

Օրինակ՝ Հյուսիսային պողոտայում գտնվող «Հայաստան» դաշինքի գլխամասային գրասենյակի վարձակալության գումարը դրված է դաշինքի պատգամավոր, գործարար Վահե Հակոբյանի վրա։ Նա արդեն հասցրել է նեղ շրջանակում դժգոհել, որ ամսական 10 հազար ԱՄՆ դոլար է վճարում դրա համար։

Այս ամենից ակնհայտ է դառնում, որ Ռոբերտ Քոչարյանը փոշմանել է, որ նախընտրական շրջանում միլիոններ է ծախսել, ծախսն արդարացված չի եղել և այլևս նպատակահարմար չի համարում այդ ուղղությամբ այլ գումարներ ուղղել։

ՏԻՄ առաջիկա ընտրություններին ևս դաշինքն իր դեմքով առայժմ լուրջ հետաքրքրվածություն չի ցուցաբերում։

Փորձեցիքն այս ամենի վերաբերյալ պարզաբանում ստանալ նախընտրական շրջանում «Հայաստան» դաշինքի գրասենյակի պատասխանատու, պատգամավոր Արամ Վարդևանյանից, սակայն նա այդպես էլ մեր զանգերին չպատասխանեց։