18/10/2021

News and Analitics

Շիրակի մարզպետը մեր ամենացանկալի թեկնածուն էր, ՔՊ-ն Գյումրիում ակտիվ քարոզարշավ կիրականացնի. Սուրեն Պապիկյան

Առաջիկա ՏԻՄ ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը բոլոր համայնքներում ունի իր թեկնածուներն ու ակտիվ քարոզարշավ է իրականացնելու: Այս մասին այսօր Գյումրիում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ փոխվարչապետ Սուրեն Պապիկյանը:

«Ակտիվորեն մասնակցելու ենք քարոզարշավին՝ բնականաբար նպատակ ունենալով բոլոր համայնքներում ունենալ ծանրակշիռ ներկայացվածություն: Լավ արդյունքի պարագայում կունենանք նաև քաղաքապետ»,- ասաց Պապիկյանը:

Հարցին՝ ինչո՞ւ Շիրակի մարզպետ Հովհաննես Հարությունյանը գլխավորեց ՔՊ ընտրացուցակը, և հաղթանակի դեպքում եթե նա դառնա Գյումրու քաղաքապետը, ո՞վ է ղեկավարելու Շիրակի մարզը, Սուրեն Պապիկյանը խորհուրդ տվեց վերջին հարցի պարագայում չշտապել: Ասաց՝ ամեն ինչ՝ իր ժամանակին: Իսկ թե ինչո՞ւ են ընտրել հենց Շիրակի մարզպետին, հստակ բացատրություն ուներ. իրենք մարզպետին են հավանում, մարզպետն էլ հատուկ վերաբերմունք ունի Գյումրու նկատմամբ:

«Մարզպետի ներկայությունը ընտրացուցակում պայմանավորված էր Գյումրու նկատմամբ հատուկ վերաբերմունքով, մարզպետի՝ Գյումրու նկատմամբ ունեցած պատասխանատվությամբ, և, բնականաբար, նաև իր ցանկությամբ: Ի վերջո, նա այս տարածաշրջանում մեր ամենացանկալի թեկնածուն է՝ որպես Գյումրու քաղաքապետի թեկնածու: Մեր բոլոր գործընկերների նկատմամբ ես ունեմ վստահություն, խոր հարգանք: ՔՊ վարչությունը կանգ է առել այս թեկնածության վրա: Սա է»,- ասաց Պապիկյանը: