18/10/2021

News and Analitics

Արմեն Սարգսյանը ՀՀ տնտեսական ու ներդրումային հնարավորություններն է ներկայացրել միջազգային հայտնի ընկերությունների ղեկավարներին

Աշխատանքային այցով Ֆրանսիայում՝ Շամոնիում գտնվող ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը «Մտքերի գագաթնաժողովի» (Summit of Minds) շրջանակում սեպտեմբերի 16-ի երեկոյան աշխատանքային հանդիպում է ունեցել գագաթնաժողովի մասնակից երկու տասնյակից ավելի միջազգային հայտնի ընկերությունների, հիմնադրամների ու կազմակերպությունների (այդ թվում՝ Google, Cargill, Nestlé, Revolution, Highgate, OneRagtime) ղեկավարների հետ, հայտնում են ՀՀ նախագահի աշխատակազմից՝ մանրամասնելով, որ հանդիպումը բացառիկ հնարավորություն էր՝ ներկայացնելու Հայաստանի տնտեսական ներուժը, զարգացման լուրջ կարողություններ ունեցող ոլորտներն ու փոխգործակցության համար հետաքրքրություն ներկայացնող ուղղությունները: Իր խոսքում Հանրապետության նախագահն անդրադարձել է հայաստանյան բիզնես միջավայրին, ներդրումների համար գրավիչ ոլորտներին ու ներդրումային հնարավորություններին:

Խոսելով կորոնավիրուսի համավարակի և պատերազմի հետևանքով առաջացած դժվարությունների ու մարտահրավերների մասին՝ նախագահ Սարգսյանը, մասնավորապես, ասել է, որ պետք է կարողանալ ճիշտ ելքեր գտնել առկա իրավիճակից, պայմաններ ստեղծել տնտեսության զարգացման համար, և նախանշել է առավել հեռանկարային ու զարգացման լուրջ հնարավորություններ ապահովող ոլորտները։

Պատասխանելով գործարարների հարցերին՝ նախագահը ներկայացրել է ապագայի՝ ուժեղ Հայաստանի իր տեսլականը, որին հասնելու համար պետք է օգտագործել հայ ազգի ամենամեծ առավելությունը՝ մարդկային ռեսուրսը, երկրի զարգացմանը ծառայեցնելով Հայաստանի և հայության ողջ ներուժը:

Որպես մեր երկրի կարևոր մրցակցային առավելություններից մեկը՝ Արմեն Սարգսյանն ընդգծել է նրա կամրջող դերը Եվրամիության եւ Եվրասիական տնտեսական միության միջեւ, ինչն օտարերկրյա գործարարների եւ ներդրողների առջեւ բացում է նոր ու լուրջ հնարավորություններ։ Նա նշել է, որ պատրաստ է իր լիազորությունների սահմաններում հնարավորինս աջակցել այն ընկերություններին ու գործարարներին, որոնք հետաքրքրված են Հայաստանի հետ համագործակցությամբ:

ՀՀ նախագահը ներկաներին հրավիրել է մասնակցելու այս տարվա հոկտեմբերի 23-24-ը Հայաստանում՝ Դիլիջանում նախատեսված «Մտքերի հայկական երրորդ գագաթնաժողովին»: