19/10/2021

News and Analitics

Ադրբեջանցիներն առևանգման են անցել, ինչ էին անում ՀՀ ԱԱԾ-ն եւ ՌԴ ՖՍԲ սահմանապահները

Սեպտեմբերի 18-ին, ժամը 21:00-ի սահմաններում ՀՀ երկու քաղաքացիներ Գորիս-Որոտան ճանապարհահատվածով երթևեկելիս շեղվել են մայրուղուց և հայտնվել են Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող տարածքում։ ԱԱԾ-ն իհարկե իր հաղորդագրության մեջ պահել է «կանխավարկածը», սակայն կասկած չկա, որ տեղի է ունեցել առեւանգում։

Բաքուն Գորիս-Կապան ճանապարհը օգոստոսին փակեց երկու օրով, ապա անցակետ տեղադրեց ու սկսեց փող կորզել իրանցի վարորդներից։ Ապա սկսեցին կանգնեցնել արդեն հայկական մեքենաները, այդ թվում՝ երեխաներին տեղափոխող ավտոբուսը։ Հաջորդ քայլը պետք է լիներ արդեն ՀՀ քաղաքացիների դեմ սադրանքները։

«Որևէ քաղաքացի երաշխիք չունի, որ ճանապարհի այդ հատվածներով շարժվելիս ադրբեջանական ահաբեկումների կամ նույնիսկ ձերբակալման չի ենթարկվի, իսկ իշխանությունը շարունակում է համոզել, որ ամեն ինչ նորմալ է՝ ըստ նախապես ձեռք բերված պայմանավորվածությունների», երեկ գրել էր ՊՈՒ պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։ Անդրադառնալով ԱԱԾ հաղորդագրությանը, նա նշել է, որ այդ մայրուղուց շեղվելու հավանականությունը գրեթե բացառելի է․ կամ մայրուղուց դիտմամբ պետք է մտնել Ադրբեջանի վերահսկողության տակ անցած հատված, կամ պետք է տեղի ունենա առևանգում։

Եվ հարց է առաջանում՝ իսկ ինչ էին անում ՀՀ ԱԱԾ-ն եւ ՌԴ ՖՍԲ սահմանապահները։

Գորիս-Որոտան ճանապարհահատվածում Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող տարածքում հայտնված Քասախի 2  բնակիչները 20-21 տարեկան տղաներ են։ Այս մասին ասաց Քասախի համայնքապետ Արա Մկրտչյանը։

«Իմ տեղեկություններով տղաները գնացել էին իրենց ծառայակից ընկերներին տեսակցության: Վերջին կապը ընտանիքի անդամների հետ եղել է հենց այդ պահին, որ անհետացել են: Տղաներից մեկը հեռախոսով խոսելիս է եղել  եւ հեռախոսով խոսողն ասել է «սրանք մեզ կանգնեցրին, տեսնենք ինչ են ասում» և կապն ընդհատվել է: Դրանից հետո էլ նրանցից որևէ լուր չունենք», ասաց համայնքապետը։

Մկրտչյանի խոսքով` երիտասարդները միմյանց բարեկամ էին` հորեղբոր թոռներ էին։ Համայնքապետն ասաց, որ իրենց գյուղից մեքենայի մեջ 2 հոգի են եղել, ասում են, որ էլի մարդիկ են եղել մեքենայի մեջ, սակայն ինքը հստակ տեղեկություններ չունի: