19/10/2021

News and Analitics

ԱԺ ընդդիմադիր ուժը ադրբեջանցիներին «հուշում» է, թե ինչ կարող են անել՝ «ցանկացած պահի կտրել Կապանը»

Հայաստանի խորհրդարանի ընդդիմադիր ուժը ադրբեջանցիներին կամա, թե ակամա «հուշում» է, թե ինչ կարող են անել՝ «ցանկացած պահի կտրել Կապանը»: «Հայաստան» խորհրդարանական խմբակցության ներկայացուցիչ Վահե Հակոբյանը հայտարարում է, որ Ադրբեջանը կարող է ցանկացած պահի կտրել Կապանը:

Բավական է ընդամենը նայել քարտեզին, հասկանալու համար, որ խնդիրը Հայաստանի համար ռազմավարական նշանակության կոմունիկացիայի այլընտրանքի բացակայությունն է: Այլընտրանք, որի ուղղությամբ, ի դեպ, անցնող ավելի քան երկու տասնամյակի ուղղությամբ որևէ գործնական քայլ չի արել նաև այն ուժը, որի ներկայացուցիչ է պատգամավոր Հակոբյանը: Ընդ որում այն դեպքում, երբ այդ ուժը մյուս կողմից էլ արտաքին տիրույթում բանակցել է այն տարածքները Ադրբեջանին վերադարձնելու շուրջ, որը իրականություն լինելու դեպքում ստեղծելու էր նույն խնդիրները կամ ռիսկերը:

Շատ կարևոր է, որ ընդդիմադիր ուժը պետք է գործնականում հայտնի հանրությանը, թե ինչպես է լուծելու հարցը Փաշինյանի հեռանալուց հետո: Ուժո՞վ է հեռացնելու ադրբեջանցիներին: Այդ դեպքում գուցե խոսվի ա՞յդ մասին, որպեսզի հանրությունն էլ հստակ դիրքավորվի իր վերաբերմունքի առումով: Թե՞ պարզապես շատ արագ կառուցելու է այլընտրանքային ճանապարհը և ադրբեջանցիներին զրկելու է ճանապարհային լծակից: Այդ դեպքում գուցե հրապարակային «դիսկուրսում» շեշտը դրվի այլընտրանքային ճանապարհի շուրջ քննարկմա՞ն վրա, եթե իհարկե մտահոգության բուն առարկան իսկապես Հայաստանի ռազմավարական շահն է, այլ ոչ քաղաքական, կուսակցական, խմբային հետաքրքրությունը:

Առավել ևս, որ կառավարությունը արդեն ամիսներ է, ինչ իրականացնում է այլընտրանքային՝ Տաթև-Աղվանի-Կապան 43 կմ երկարությամբ ճանապարհի հիմնանորոգումը: Ըստ այդմ, խոսակցությունը պետք է ծավալել շինարարության արագության շուրջ: Բայց, դա թերևս քաղաքական դիվիդենտի տեսանկյունից այդքան էլ շահեկան խոսակցություն չէ և վերստին կանգնում ենք հայկական քաղաքականության «հավերժական հարցի» առաջ՝ կա՞ն խնդիրներ և իրավիճակներ, երբ ամենաարմատական քաղաքական դիմակայության պարագայում անգամ գոնե այդ կետերում կգերակայի համապետական շահը, թե՞ ամեն ինչ ստորադասվում է մեկ նպատակի՝ որքան վատ, այնքան լավ սկզբունքով: