19/10/2021

News and Analitics

Արմենիա տաղավարը նաև մշակութային հարթակ Մոսկվայում․ Լուսանկարներ

Երեկ Մոսկվայի Ժողովրդական տնտեսության նվաճումների ցուցահանդեսի «Արմենիա» տաղավարում տեղի ունեցավ ժամանակակից հայ գեղարվեստի նմուշների ցուցադրություն, որը նվիրված էր Անկախության հռչակման 30-ամյակին: Կտավները տեղադրված են նորաբաց ցուցասրահում, որտեղ կարելի է տեսնել նաև հայկական հնագույն վանքերի մակետներ՝ Տաթևի վանքի, Դադիվանքի, Ղարսի Սուրբ Առաքելոց վանքի, Գառնու տաճարի:

Ընթացքում այցելուներին հանդիսությամբ ներկայացվեց նաև նորացված և հիմնովին վերակառուցված հայկական տաղավարը: 1954 թվին կառուցված 1833 ք.մ. ունեցող «Արմենիան» ՀՀ և ՌԴ կառավարությունների միջև կնքված միջպետական համաձայնագրով ճանաչվել էր հայկական առևտրա-տնտեսական նվաճումները ներկայացնող հարթակ: Այն վերանորոգվում է 2019 թվականից, և այժմ ոչ միայն առևտրային կամ տնտեսական, այլև մշակութային հարթակ է:

ՌԴ-ում ՀՀ դեսպանատունը հայտնում է, որ հայ նկարիչների ցուցահանդեսի բացմանը դեսպան Վարդան Տողանյանը ողջունել է այցելուներին և համոզմունք է հայտնել, որ «Արմենիա» տաղավարն այսուհետ կդառնա ամենապահանջված հարթակներից, որտեղ պարբերաբար կկազմակերպվեն տարբեր մշակութային, տուրիստական և այլ միջոցառումներ Ռուսաստանի լայն հասարակայնությանը ժամանակակից Հայաստանի նվաճումները ներկայացնելու նպատակով:

«ՌԴ-ում ՀՀ դեսպանը Լազարևյան հուշամեդալ է հանձնել «Արմենիա» տաղավարի ղեկավար Արտյոմ Մուսայելյանին ռեստավրացիոն աշխատանքները կազմակերպելու համար», — հաղորդում է դեսպանատունը: