19/10/2021

News and Analitics

Վրաստանի Ծալկայի շրջանի Դարանագյուղում հայկական եկեղեցի է վերաբացվել․ Լուսանկարներ

Վրաստանի Ծալկայի շրջանի Դարագյուղ համայնքում, որը բնակեցված է բացառապես հայերով, 19-րդ դարի մի եկեղեցի կա, որը 1850-ականներին է կառուցվել՝ ըստ արձանագրությունների:

Եկեղեցին յուրահատուկ մշակութային օջախ է եղել տարածքի հայկական գյուղերի, հայ բնակչության համար, քանի որ այնտեղ գործել է նաև ծխական դպրոց, դասավանդել են կրոն, քերականություն, երգեցողություն, վայելչագրություն, թվաբանություն:

Վրաստանի Ծալկայի շրջանի դարագյուղում հայկական եկեղեցի է վերաբացվել

Սովետական իշխանության տարիներին, սակայն, եկեղեցին այլևս չի գործել և որպես պահեստ է շահագործվել: Դրա հետևանքով այս տարիներին եկեղեցին սկսկել է քանդվել, քայքայվել: Նշենք, որ այստեղ բնակվում են 1827-29 թթ. ռուս-թուրքական պատերազմից հետո Էրզրումից՝ Կարինից գաղթած հայերը, որոնք ամբողջությամբ տեղահանվել ու գաղթել էին հիմնականում Ջավախք: Մի մասը մնացել է բուն Ջավախքում՝ Ախալաքալաքի և, Նինոծմինդայի շրջանում, մի մասն էլ տեղավորվել է Ծալկայի շրջանի գյուղերում, այդ թվում՝ Դարագյուղում:

«Ապավեն» միջազգային բեռնափոխադրող ընկերության հիմնադիր Գագիկ Աղաջանյանը, որը ծնունդով ևս Վրաստանից է իսկ նախնիները դարձյալ Էրզրումից են, որոշել է իր միջոցներով վերանորոգել-վերակառուցել Դարագյուղի այս եկեղեցին, նոր շունչ հաղորդել դրան, որպեսզի տեղի հայ ազգաբնակչությունը նորից իր հոգևոր կենտրոնն ունենա: Եկեղեցու կողքի գերեզմանացում նաև Աղաջանյանի նախնիներն ան թաղված: Նաև դա է պատճառը, որ Աղաջանյանը որոշել է հենց այս եկեղեցին նորոգել:

Եկեղեցու նորոգման աշխատանքները սկսկել են դեռևս յոթ տարի առաջ՝ 2014-ին, երբ սկսել են նախ եկեղեցին ազատել խոնավությունից, կատարել են ամրացման աշխատանքներ, տանիքի ծածկն են փոխել, հենապատերի կառուցման աշխատանքներ ն կատարել: Հետո ամբողջովին ցանկապատել են, դարպաս են տեղադրել, ու անցել են ներքին հարդարման աշխատանքներին՝ ամվողջովին բազալտապատելով հատակը, նորոգելով պատերը, խորանը, կամարները:

Այս տարի՝ օգոստոսի 28-ին, տեղի է ունեցել արդեն նորոգված եկեղեցու վերաօծումը: Այդ նպատակով Աղաջանյանի հրավերով Ծալկայի շրջանի դարագյուղ էր ժամանել Շիրակի թեմի առաջնորդ Շիրակի թեմի առաջնորդ, Գերաշնորհ Տ. Միքայել Արքեպիսկոպոս Աջապահյանը, ով օծել է նորոգված այս եկեղեցին: Նրա հետ մեկտեղ էլի հայ հոգևորականներ են եղել ներկա, այդ թվում՝ Վրաստանի թեմի առաջնորդը, Նինոծմինդայի թեմի առաջնորդը, ընդհանուր՝ մոտ տասը հոգևորականներով, Միքայել Աջապահյանի գլխավորությամբ, իրականացրել են օծման արարողությունը:
Եկեղեցու կառուցումն ու վերաբցումը մեծ ոգևորություն է առաջացրել ինչպես դարագյուղում, այնպես էլ Ծալկայի շրջանի 12 հայկական գյուղերում:

Աղաջանյանն ասաց, որ հենց նույն օրը՝ օծումից անմիջապես հետո, կողքի գյուղից եկել ու նորաբաց եկեղեցում  առաջին մկրտությունն են իրականացրել:

Մեր հարցին՝ վրացական իշխանություններն ինչպե՞ս են վերաբերվել հայկական եկեղեցու վերաբացման այդ փաստին, Գագիկ Աղաջանյանն ասաց. «Վրացական իշխանությունները, թող տարօրինակ չթվա, բայց դրական վերաբերվեցին: Մենք գիտենք, որ վրացական իշխանությունները, սովորաբար, հայկական եկեղեցիների և, ընդհանրապես, եկեղեցիների վերականգմանը կողմ չեն, բայց նրանք այդ արարողությանը որ միայն իրենք դրական վերաբերվեցին, այլ նաև շրջանի ղեկավարն ու տեղակաան ավագանու խորհրդի ղեկավարները, որոնք երկուսն էլ ազգությամբ վրացիներ են, եկան, մասնակցեցին, նույնիսկ բաժակ բարձրացրին՝ շնորհավորելով ամբողջ գյուղի ազգաբնակչությանը այդ առիթով, մեզ էլ շնորհակալություն հայտնեցին, որ այդ հուշարձանը վերականգնվեց ու դարձավ գործող եկեղեցի»: