18/10/2021

News and Analitics

Հայաստանում հանրային կյանքի, պետական կյանքի հետագա ընթացքի վերափոխման տեսանկյուն

Սեպտեմբերի 16-ի նիստում կառավարությունը հավանության է արժանացրել ամանորյա ոչ աշխատանքային օրերը կրճատելու նախաձեռնությունը, որ ներկայացրել է Էկոնոմիկայի նախարարությունը:

Ըստ այդմ, հունվարի 2-5, ինչպես նաև հունվարի 7-ը Հայաստանում կլինեն աշխատանքային օրեր, իսկ ոչ աշխատանքային կլինեն միայն դեկտեմբերի 31-ն ու հունվարի 1-ը, և հունվարի 6–ը՝ Սուրբ Ծննդյան օրը: Առաջին հայացքից մի նախաձեռնություն է, որը վերաբերում է աշխատանքային և ոչ աշխատանքային ժամանակացույցի վերանայմանը, իհարկե կարևորագույն տոնական շրջանում: Իրականում սակայն, այս որոշումը կարող է վճռորոշ նշանակություն ունենալ Հայաստանում հանրային կյանքի, պետական կյանքի հետագա ընթացքի վերափոխման տեսանկյունից, քանի որ կարող է փոխել հանրային վարքագիծը: Իհարկե ոչ միանգամից, սակայն հետևողականության դեպքում՝ անկասկած:

Բանն այն է, որ տասնամյակներ շարունակ Հայաստանն ապրում է մի իրավիճակ, երբ դեկտեմբերի 30-31-ից սկսած պետության բնականոն կենսագործունեությունը կանգ է առնում և մտնում նվազագույնը 7-8-օրյա, իսկ երբեմն պարզապես 10, 11, 12-օրյա ոչ աշխատանքային ռեժիմի, իրականում «թմբիրի» մեջ: Այդ կերպ, ամանօրյա տոները վերածվում են «որկրամոլության» գերակայության մի շղթայի, երբ տարին ավարտվում է բառի բուն իմաստով և բառի պատկերավոր իմաստով՝ չի սկսում դեռ մի քանի օր շարունակ:
Սրա հետևանքը լոկ տնտեսական չէ, որի դեմ պայքարն է նախաձեռնության հիմնավորման առանցքում: Ավելին խորն է հոգեբանական հետևանքը, երբ մի ամբողջ ժողովուրդ, ամբողջ հանրություն տարեկան մեկ անգամ «անջատվում» է, կանգ է առնում և հայտնվում երկու տարիների միջև անցումային առկախման մի փուլում:  Դրան նախորդում է հին և նոր այդ «անցումային շրջանի» նախապատրաստական վազքը սննդամթերքի խանութներով, երբ մի քանի օրվա համար հանրությունը տներում կուտակում է այնքան պարեն, որը թույլ կտար թերևս լուծել պարենային անվտանգության խնդիրը պետական մակարդակով: Հետո այդ ամենի մի մասը հայտնվում է օգտագործման համար ոչ ենթակա կարգավիճակում և գտնում իր տեղը աղբամանում: Այդ ամենի հոգեբանական և արժեհամակարգային հետևանքները որևէ պարագայում չեն եղել ուղիղ, չեն եղել շոշափելի թե անհատական, թե հանրային մակարդակում:
Ավելին, մարդիկ, հանրության մի զգալի մասն անգամ անասելի հաճույք է ստացել այդ գործընթացից, դրան վերաբերել այնպես, ինչպես երևի թե կվերաբերեր կամ չէր վերաբերի պետության պաշտպանությանը՝ արտաքին ագրեսիայի դեպքում: Եվ որևէ կերպ չի գիտակցվել, որ տարվա ընթացքում այդօրինակ «անցումային մրցավազքը» իր խորը հոգեբանական և մտածողական հետևանքն է թողնում ընդհանրապես հանրային վարքագծի վրա, թեև ինքն էլ թերևս որոշակիորեն հետևանք է արժեհամակարգային և մտածողական ճգնաժամի: Ոչ աշխատանքային օրերի ողջախոհ թվով, ոչ աշխատանքային օրերի անբնական երկարատև շարքը կրճատելով, հնարավոր է պայքարել պատճառահետևանքային այդ երկակի իրողության դեմ, ինչը իհարկե որոշակի տևական հեռանկարում, սակայն իր արդյունքը կտա այս պարենային մրցավազքի «ստոկհոլմյան սինդրոմով» տառապող հանրության վարքագծի փոփոխության տեսանկյունից: Այդպիսով ամանօրյա տոները մեխանիկականի վերածված գործընթացից, կվերադառնան ընտանեկան նշանակության ջերմ միջավայր, որովհետև կարճ ժամանակ անց հարկ է լինելու վերադառնալ աշխատանքային միջավայր, հետևաբար հարկ է լինելու առավելագույն արդյունավետությամբ օգտագործել ժամանակը, բնականաբար նախապատվությունը տալով ընտանիքին:

Ոչինչ անկասկած միարժեք չէ, որովհետև կան ներկայիս տոնական ռեժիմով անկեղծորեն ուրախացող, և ամենևին ոչ «պարենային մրցավազքի» մեջ գտնվող մարդիկ, խմբեր, շերտեր: Սակայն անկասկած է, որ նրանք այսօր չափազանց քիչ են՝ հանրային վարքագիծ պայմանավորելու համար: Ավելին, թերևս նրանց է, որ առաջին հերթին չպետք է խանգարի երկու տարիների միջև «պարենային մրցավազքի անցումային շրջանի» չեղարկումը: Միաժամանակ, կա անշուշտ Հայաստանի համար կարևորագույն խնդիր՝ աշխատողի իրավունքի պաշտպանությունը, որպեսզի բոլոր աշխատող մարդիկ ունենաn տարեկան իրենց հասանելիք արձակուրդի հնարավորությունը, որովհետև կա հայտնի ճշմարտությունը՝ մարդ աշխատում է այնպես, ինչպես հանգստանում է: