19/10/2021

News and Analitics

Հայկական կողմին հարկ է լինելու անցնել չափազանց բարդ միջավայրով

«Նախադրյալների առումով ես չեմ ցանկանում երկրների անունից խոսել, բայց ՀՀ կառավարությունը հստակ նշել է, որ ավելի լայնածավալ գործողություների՝ քննարկումների չի անցնի, քանի դեռ գերիների հարցը չի լուծվել։ Ինչպես գիտեք, Միացյալ Նահանգները որոշակի քայլեր գործադրել է, ռուսաստանյան գործընկերները՝ նույնպես և որոշակի հաջողություն ունեցել ենք: Մենք հույս ունենք, որ կգանք մի կետի, երբ բոլոր գերիները կվերադառնան»:

Սա հատված է Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսիի հայաստանյան լրագրողների հետ ունեցած ճեպազրույցից, որում նա անդրադարձել է արցախյան հարցին ու հայ-ադրբեջանական հակամարտությանը: Հայկական մեդիափորձագիտական շրջանակում առավելապես ուշադրության է արժանացել Նահանգների դեսպանի հայտարարության այն հատվածը, որտեղ նա խոսում է Արցախի հարցի կարգավիճակի բաց լինելու, և ըստ այդմ հակամարտության չկարգավորվածության, Մինսկի խմբի համանախագահության մանդատի ներքո բանակցության անհրաժեշտության մասին:

Իհարկե, այդ հայտարարությունը բավականին ականջահաճո է հայկական դիրքերից, թեև իր հերթին առաջացնում է մի շարք հարցեր, որոնք փորձեցի շոշափել ավելի վաղ արված մեկնաբանությունում: Սակայն, դեսպան Թրեյսիի ճեպազրույցի առումով թերևս առավել առանցքային է հենց այն հատվածը, որտեղ նա խոսում է ռազմագերիների վերադարձի մասին և փաստորեն անուղղակի, սակայն բավականին նշմարվող տողատակում ակնարկում, որ գերիների վերադարձի հանգամանքը կարող է պայմանավորել քննարկումներ, որոնցից հայկական կողմն առայժմ զերծ է մնում հենց այդ հարցը բաց լինելու պատճառով: Հայաստանում ԱՄՆ դեսպանի այդ հայտարարությունը թերևս գրավեր փոքր ինչ ավելի պակաս ուշադրություն, եթե գրեթե զուգահեռ չլիներ Ազատություն ռադիոկայանի հայկական ծառայությանը ամերիկացի նախկին համանախագահ Քերի Քավանոյի հարցազրույցը, որտեղ նա դիվանագիտական կարգավիճակից բխող շրջանակի համար չափազանց բաց և թափանցիկ բովանդակությամբ ներկայացնում էր արցախյան բանակցային գործընթացի ավելի քան քառորդդարյա պատմությունը, նրբերանգները, քննարկման ենթակա բավականին զգայուն հարցերը, այդ հարցերում աշխարհաքաղաքական կենտրոնների, այդ թվում թե Մինսկի խմբի համանախագահների, թե Թոււրքիայի փոխհարաբերությունը, դերակատարումները, հետաքրքրությունները և այլն:

Քի Վեսթի կարգավորման շրջանում պաշտոնավարած համանախագահ Քերի Քավանոն մեծ հաշվով առերեսում է հայկական հանրությանը մի շարք իրողությունների հետ, որոնք գոյություն են ունեցել անցնող ավելի քան քառորդ դարում, սակայն մնացել են ծածկված՝ տարբեր պատճառներով, բայց որոնք, ըստ նախկին համանախագահի, առ այսօր սեղանին են, համենայն դեպս՝ հայկական կողմի առաջ: Ահա այստեղ է, որ առաջանում է մեկ այլ հիմնարար հարց՝ ի՞նչ օրակարգ և ինչ զգայուն ասպեկտներ են դրվում հայկական կողմի առաջ, գուցե այդ թվում նաև դրանց համաձայնության դեպքում միայն ռազմագերիների հարցն ամբողջապես լուծելու առումով: Այդ ցավոտ հարցերի մասի՞ն էր Նիկոլ Փաշինյանին Մոսկվայում ակնարկում Պուտինը: Դրա՞նց շուրջ են դիտարկում կարգավիճակի վերաբերյալ բանակցությունը ԱՄՆ ու Ֆրանսիան, երբ խոսում են բանակցության վերսկսման մասին: Չէ՞ որ կարգավիճակի հարց քննարկելու համար, Ադրբեջանը կամ պետք է ենթարկի անասելի ճնշման՝ ինչը գոյություն չունի, կամ պետք է ունենա որևէ բան ստանալու ակնկալիք:

Անկասկած է, որ հայկական կողմին հարկ է լինելու անցնել չափազանց բարդ միջավայրով, առերեսվելով իսկապես ցավոտ ու զգայուն օրակարգերի հետ, և գտնվելով ի տարբերություն նախորդ բանակցային քառորդդարի՝ խնդրում ներգրավված ուժային խաղացողների առավել բարդ փոխհարաբերությունների և հակադիր ռազմավարությունների միջավայրում: Սա այն դեպքում, երբ ներքին կյանքում գործնականում ոչնչացված է, կամ ոչնչացվում է առկա իրադրության ռացիոնալ քննարկումների կենսականորեն անհրաժեշտ միջավայրը և լցվում փորձագիտական մակերեսային էպատաժով կամ քաղաքական երեսպաշտությամբ: