19/10/2021

News and Analitics

Էրդողանն այսօր իսկապես պատրաստ է հանդիպել Հայաստանի ղեկավարի հետ կամ առավել ևս ունի կարիք մտածել Հայաստանի հետ հարաբերության մասին

Հայաստանի վարչապետն ինձ հանդիպման առաջարկ է արել, Վրաստանի վարչապետի միջոցով, հայտարարել է Թուրքիայի նախագահ Էրդողանն ու ասել, թե այդպիսի հանդիպում հնարավոր է, եթե Հայաստանը քննարկի «Զանգեզուրի միջանցքի» հարց՝ Նախիջևան-Ադրբեջան կապի համար:

Էրդողանը հայտարարել է, թե Հայաստանի վարչապետը մի կողմից ասում է, որ չի քննարկի միջանցքի հարց, մյուս կողմից ուզում է հանդիպել իր հետ: Ըստ Էրդողանի, այդպիսի հանդիպում հնարավոր է, եթե լուծվեն Հայաստանի ու Ադրբեջանի միջև հարցերը: Էրդողանը փաստորեն «բացահայտում» է Նիկոլ Փաշինյանի առաջարկը, ընդ որում որոշակի ուշադրության արժանի շեշտադրումով ու տոնայնությամբ:

«Եթե որևէ մեկն ուզում է հանդիպել Թայիբ Էրդողանի հետ», ասում է Թուրքիայի նախագահը, և շարադրում պայմանը՝ Հայաստանի ու Ադրբեջանի միջև հարցերի լուծում: Այդպիսով, Էրդողանը հղում է թերևս երկու ազդակ: Նախ, Բաքվին փորձում է ցույց տալ, որ չունի որևէ «սեպարատ» քննարկում հայկական կողմի հետ, կամ հայ-թուրքական հարաբերության թեմայով՝ որևէ այլ երրորդ կողմի հետ: Էրդողանն այդպիսով հղում է Բաքվին հանգստացնող ազդակ, թերևս կանխատեսելով այն մտահոգությունը, որ Բաքուն կարող էր ունենալ վերջին շրջանում հայ-թուրքական հարաբերության վերաբերյալ Էրդողանի հաճախակի անդրադարձերի կապակցությամբ: Միևնույն ժամանակ, Էրդողանը ակնարկում է, որ հայ-թուրքական հարաբերության վերաբերյալ խոսել պատրաստ է, սակայն ամենևին ոչ այսպես ասած հավասարը-հավասարի հետ սկզբունքով և «ինքը Թայիբ Էրդողանն» է, որը ավելի մեծ տրամաչափի խաղացող է: Սա է Թուրքիայի նախագահի մյուս ազդակը, որի տողատակում թերևս նաև այն է, որ հայ-թուրքական հարաբերության թեմայով ինքը նախ իր զրուցակից դիտարկում է այդ տրամաչափին համարժեք խաղացողների, հետո նոր Հայաստանին: Սա հասկանալի դրսևորում է, անկախ, թե որքան է մեզ համար անընդունելի:

Մեծ հաշվով չկա պատրանք, թե Էրդողանն այսօր իսկապես պատրաստ է հանդիպել Հայաստանի ղեկավարի հետ կամ առավել ևս ունի կարիք մտածել Հայաստանի հետ հարաբերության մասին: Ինչպես արձանագրեցի նրա առաջին իսկ հայտարարություններից, Էրդողանի համար հայ-թուրքական թեման առնվազն Մոսկվայի կամ Վաշինգտոնի հետ հարաբերությունների խաղաքարտ է, որ նա փորձում է խաղարկել, կամ ունենալով այդ կենտրոններում որոշակի մտադրությունների մասին իրազեկվածություն, կամ ունենալով որոշակկի խնդիրներ և հայկական հարցը դիտարկելով այդ խնդիրների լուծման գործում որոշակի միջոց: Ըստ այդմ, Էրդողանը թերևս խոսելով Փաշինյանի առաջարկի մասին, բարձրաձայնելով կամ «բացահայտելով» այն, ըստ էության ակնարկում է թերևս. «եթե ունեք ասելու բան, ապա ինքներդ ասեք ինձ»: Այդ ակնարկն ուղղված է Սպիտակ տանը, թե Կրեմլին, այստեղ կարող են լինել ենթադրություններ, չկա միարժեք ցուցիչ: Իհարկե հետաքրքիր կարող է լինել այն, թե ե՞րբ է արվել առաջարկը՝ վարչապետ Փաշինյանի Վրաստան կատարած այցի՞ ընթացքում, թե՞ շատ ավելի շուտ, դեռևս մի քանի ամիս առաջ, երբ Վրաստանի վարչապետն էր այցելել Թուրքիա, պարզապես Էրդողանը որոշել է բարձրաձայնել այժմ: Բանն այն , որ դա ամենևին երկրորդական դրվագ չէ, որովհետև, եթե խոսքը այդ վաղեմության առաջարկի մասին է, որ Էրդողանը որոշում է բարձրաձայնել այժմ: