19/10/2021

News and Analitics

Ինչ հեռանկար ունի գունագեղ Fest-ը Հայաստանում

Հայաստանում սպասվում է չտեսնված տոն, բայց դա ընդամենը անցածի կրկնություն է: Երբ գերմանական զորքերը 1941-ին մեկը մյուսի հետեւից բլիցքրիգով գրավում էին խորհրդային շրջանները, ընդհուպ մոսկովյան Խիմկիի մատույցները, շտապում էին այնտեղ das Fest՝ զվարթ տոնահանդես կազմակերպել բնիկների մասնակցությամբ եւ նրանց համար առատ հյուրասիրությամբ: Այն ժամանակ դա պատերազմում նվաճված ժողովրդին հնի կորստյան մտքին սովորեցնելու եւ «խաղաղության դարաշրջանի» դուռը բանալու նորագյուտ մեթոդ էր.

Ժամանակակից պատերազմական գործողությունների այսպես կոչված «փսի», հոգեբանական բաղադրիչը կազմված է պայմանով դրական եւ պայմանով բացասական ազդեցությունների հարուստ համադրությունից: Գունագեղ տոնակատարությունը, դժվար չէ կռահել, պայմանական դրականն է: 1941-ին գրավյալ արեւելյան տարածքներում հաստատվում էր գերմանական Neuordnung կաղապարը, այսինքն կարգ ու կանոնի վերաձեւումը, մեզ ծանոթ պերեստրոյկան հակառակ ստալինյան կաղապարի՝ իր միլիոնավոր աքսորյալների եւ սպանվածների ԳՈՒԼԱԳ-ով: Տեռորի զոհ մարդկանց ճակատագրի մասին հարազատները քիչ թե շատ ստույգ տեղեկություն այն պահին չունեին՝ ստացան միայն 15 տարի անց:

Պատերազմի դաշտերում 1941-ի չորս ամիսներին 7-8 միլիոն սպանված, գերի ընկած եւ անհետացած խորհրդային մարտիկների մասին առհասարակ տեղեկություն չկար: Fest-ը կոչված էր ստիպել մոռանալ կորուստները եւ համակերպվել նոր կարգ ու կանոնի հետ՝ այն սիրել տալ:

Ինչ հեռանկար ունի գունագեղ Fest-ը Հայաստանում

2021 թվականին Սեպտեմբեր 21-ը գունագեղ նշելու ակցիան «փսի» պատերազմ է դասակարգվում՝ դասական օրինակ հանդիսանալով ապագա պատմաբանների համար: Տոնը եւ դրան նախորդած հաղթանակի փարթին ու աշնանային ցուցադրական «ձորի քեֆը» ամենեւին գավառական պարզամտություն եւ չտեսություն չեն, ինչպես կարելի էր ենթադրել հոգեբանական ակցիայի գլխավոր դերակատարներին նայելով: Իրականում դրանք հայտնի նպատակներով, որոշակի կենտրոնից ծրագրած թշնամական բիրտ գործողություններ են: Նշանաբանն է. մոռացեք եղածը, հիմա խաղաղության էրա է լինելու՝ ռուսաց լեզվով, թուրքական կապիտալով, արտատարածքային միջանցքներով, օտար սահմանապահներով եւ քրդա-հնդկական երգուպարով: Այսուհետեւ «անկախությունը» հենց սա է լինելու՝ մի քանի կոպեկի տեր դարձած ձեր ընտրյալների անպակաս ներկայությամբ:

«Փսի» պատերազմի գերմանական մասնագետների ջանքերը բավականին արդյունավետ էին մերկ ու սոված, տանջահար եւ որբացած խորհրդային զանգվածների շրջանում: Բայց կար երկրի ղեկավարության կամքը, որ 1942 աշնանից արդեն կարողանում էր հակազդել բնակչության վրա թշնամու գործադրվող հոգեբանական ճնշմանը: Մեր դեպքում այդպես չէ: Հենց իշխանություններն են բանեցնում օտարի, պատերազմի հրձիգի, օկուպանտի հոգեբանական լծակը, դառնալով թշնամու մեղսակից:

Հանցավոր փորձը գերազանցված է

Անցյալի եւ հայկական ներկայի միջեւ կա եւս մեկ տարբերություն: Նույնիսկ Օսվենցիմների եւ Բաբի-Յարերի դահիճները չէին հատել մի գիծ, որ փորձում է ժպիտը երեսին հաղթահարել ՀՀ իշխանությունը: Նացիստները չէին նվիրում իրենց Fest-երը բնիկների ընկած երկրակիցների հիշատակին: Ոչ միայն գաղափարային ինչ-ինչ դրույթները, ավանդական արժեհամակարգը, այլեւ պարզ բանականությունը խեղելուն ուղված այս ճիզվիտական նողկանքը, իհարկե, հայկական ծագում չունի, բայց իրականացվում է իրենց հայ կոչողների միջոցով:

Հոգեբանական պատերազմի գունագեղ «դրական» բաղադրիչը, որպես կանոն, կիրառվում է «բացասական» բաղադրիչի զանգվածային կիրառումից հետո: Հայաստանի պարագային, խոսքը, մասնավորապես, համատարած ողբ ու կական սերմանելուն ուղղված «TV-Ռեքվիեմների» եւ նման շարանների մասին է, որ ամիսներ շարունակ հեռասփռում էին ներկայիս ընդդիմության լրատվամիջոցները: Այս փաստը վկայում է մի տխուր իրողության մասին. իշխանությունն ու պառլամենտական ընդդիմություն կոչվածը ղեկավարվում են մեկ կենտրոնից:

Նոր «անկախությունը» եւ «խաղաղությունը», որ փորձելու են փաթաթել ժողովրդի վզին, մոսկովյան է՝ թրքական հեռանկարով: Այդուհանդերձ, ապագան մեզանից է կախված՝ լինի լավ, կամ վատ: Այս երկուսի հրամցրածը՝ հայտնի է, թե ինչ է:

Էրդողանն ու Պուտինը սիրիական Իդլիբը կիսելու մասին պայմանավորությունից հետո. 2018 Սոչի   |  Անատոլիական գործակալություն

Ezerk.am