19/10/2021

News and Analitics

Լևոնը տեսավ, որ ձեռքը չկա. ասաց՝ բա ես ընկերուհի ունեմ, հիմա էդ աղջկան ինձ չեն տա. բժշկի պատմությունը

Արսեն Թադևոսյանը մասնագիտությամբ դիմածնոտային վիրաբույժ է, Արցախյան պատերազմին մասնակցել է որպես անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգ։

«Սեպտեմբերի 27-ին լսեցի պատերազմի մասին և դիմեցի առողջապահության նախարարություն: Արդեն սեպտեմբերի 28-ին ես մեկնեցի Արցախ որպես ՇԲՕ բրիգադի անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգ՝ հիվանդներին տարհանելու: Քանի որ հիվանդներին պետք էր ռեանիմացիոն բուժօգնություն կյանքեր փրկելու համար, որոշեցի, որ ռեանիմացիոն բուժօգնությունն առավել կարևոր է ներկայում, և համաձայնեցի առաջարկին: Անսովոր էր առաջին մեկնումը Արցախ: Ամբողջ ճանապարհին մտածել և պլանավորել եմ, թե որ վիրավորին ինչպես եմ կազմակերպելու բուժօգնությունը ՇԲՕ մեքենայում:

Արցախ առաջին անգամ էի գնում: Երբ հասա Ստեփանակերտի հոսպիտալ ու Հանրապետական բժշկական կենտրոններ ու տեսա վիրավորների քանակը, ծանրության աստիճանը, բուժաշխատողների թիմային աշխատանքը, նոր պատերազմի իրական վտանգը զգացի: Բոլորն օգնում էին բոլորին ինչով կարողանում էին: Վիրահատություններն արագ էին ու էֆեկտիվ»,-ԳԱԼԱ-ի հետ զրույցում պատմում է երիտասարդ բժիշկը:

«Առաջին տեսածս վիրավորը գրեթե ամբողջությամբ ոտքի ամպուտացիայով զինվոր էր: Գիտակցություն չուներ արդեն, արնահոսում էր, ստորին վերջույթը պահում էր մարմնին կապված մի քանի փափուկ հյուսվածք: Սկսվեց վիրահատությունը: Ընդունարանից տեղեկացրին, որ մոտենամ վերակենդանացման բաժանմունք, հիվանդ կար, ում վիրահատությունը վերջացել էր, և շտապ պետք է սկսեի տեղափոխել Երևան: Բուժքրոջ հետ մոտեցանք մեր առաջին վիրավորին, ծանոթացանք ու սկսեցինք տեղափոխել: Հիվանդը զինվոր էր, վիճակը ծայրահեղ ծանր էր: Ամբողջ ճանապարհին լարված հասել ենք հոսպիտալ: Հոգնել էինք, բայց հիշում եմ, երբ հասանք նախարարություն, ասեցին՝ դե գնացեք գիշերը քնեք, առավոտը կգնաք Արցախ։ Բուժքույրը որպես խնդրանք ու պահանջ պնդեց, որ մեզ ՇԲՕ մեքենա տան, հետ գնանք միանգամից, մեզ հանգիստ պետք չէ: Բոլորս համաձայն էինք: Մեզ կարճ ժամանակում տրամադրեցին մեքենա, մենք նորից շարժվեցինք Արցախ: Ու սկսվեց արագ տեղափոխումներ անելը:

Հիշում եմ, որ ռեանիմատոլոգները քիչ էին Արցախի հիվանդանոցներում և մեր բրիգադներում: Ավելի շատ գծային բրիգադներ էին: Հիվանդանոց մտնելուց արդեն գիտեին՝ ռեանիմացիոն բրիգադ ենք, ու միանգամից ծայրահեղ ծանր հիվանդ էին տալիս, արհեստական շնչառության ապարատներին կցված: Տեղափոխում էինք հիմնականում մեկ ծայրահեղ ծանր անգիտակից և մեկ նստած վիրավորի, երբեմն երկու նստած հիվանդի»,-շարունակում է բժիշկը։

Արսեն Թադևոսյանի խոսքերով՝ եղավ այնպես, որ ռմբակոծեցին նաև հիվանդանոցները, ու բոլորով տեղափոխվեցին հիվանդանոցների թաքստոցներ։

«Վիրահատությունները շարունակում էինք թաքստոցներում՝ իրար հերթ չտալով: Հիվանդանոցների երևացող պատուհանները փակված էին ավազե պարկերով: Դրված էին արնոտ պատգարակներ: Ամեն անգամ Արցախ գնալուց Երևանում ընկերներս ամեն բժշկական պարագա ուղարկում էին իմ հետ: Արցախ մտնելը դարձել էր վտանգավոր։

Մենք ամենուր տեսնում էինք վառվող սարեր ու երկնքից թափվող կրակ: Սկզբից գիտեինք՝ ուղղակի կրակ է: Երբ հասանք հիվանդանոց հերթական անգամ, հասկացանք, որ կրակն ուղղակի կրակ չէր, արգելված ֆոսֆորն էր օգտագործվել, վիրավորել ու ծանր վիրավորում պատճառել տղաներին:

Բոլորը դրա մասին էին խոսում, սպասում էին, թե երբ է վերջանալու պատերազմը: Ամեն գիտակից հիվանդից հարցնում էին՝ որ պոստերում են մեր տղաները, առաջ ենք գնում, թե հետ: Տղաները ասում էին՝ առաջ ենք գնում, հետո հետ գալիս: Կրակում ենք, բայց շատ են ու առանց գիտակցելու գալիս են, կրակում ենք, բայց էլի անգիտակցաբար գալիս են: Հետո իմացանք, որ խոսքը վարձկանների մասին էր, որոնց մոտ գտնում էին դեղամիջոցներ մերոնք, որ առանց վախի ու գիտակցելու ուղղակի գան ու մահանան»,- հիշում է Արսենը։

Երիտասարդ բժիշկն ասում է՝ սկզբում մի քիչ շատ էր լարվածությունը, հետո սկսել է սթափ դատել և ռեալ գնահատել իրավիճակը։