19/10/2021

News and Analitics

Հայկական կողմի իրավական և փաստաթղթային բազան այսքան հզոր է

Ասում են մի անգամ միջազգային ավտոսալոնի շրջանակներում ցուցադրվել է խորհրդային, թե ռուսական ամենագնացը` իր բացառիկ հնարավորություններով. Մեքենան հաղթահարել է գրեթե ուղիղ անկյան տակ բլուրը, նույն անկյան տակ իջել մյուս կողմից, կարողացել է անցնել մի ճանապարհ, ուր գցված են եղել իրենից մի քանի անգամ մեծ քարեր, մտել է ճահճի մեջ և կարողացել է դուրս գալ, թեև ցեխը արդեն ծածկելիս է եղել մեքենան: Հանդիսատեսը հիացած նայել, և միայն ճապոնացները բարձրաձայն հռհռացել են,ասելով. «ինչ ասես որ չեն հնարի ռուսները, միայն թե ճանապարհներ չկառուցեն…»:

Այդ նույն տրամաբանության շրջանակներում են գործում այսօր այն անձինք, որոնց ձեքում դեպքերի և ճակատագրի բերումով հայտնվել են պետության կառավարման լծակները: Իշխող խմբավորումն ինչ հնարքների, ճամարտակությունների ու բացահայտ սոփեստությունների ասես չի դիմում՝ հայկական տեղանունները վերափոխում են Էյվազլի-Չեյմազլիներով, առաջ են բերում Խորհրդային Հայաստանի և Խորհրդային Ադրբեջանի քարտեզներից ադրբեջանական կողմին առավել ձեռնտու տարբերակները, անհամաձայններին հակադարձում են, թե հո Տիգրան Մեծի քարտեզներով չենք ղեկավարվելու: Լավ է դեռ չեն հիշատակում Արգիշտի ու Մենուա թագավորների արձանագրությունները: Դիմում են ամեն անհեթեթության և «փաստարկում» ու պաշտպանում այն, միայն թե չասեն, որ Խորհրդային Հայաստանի և Խորհրդային Ադրբեջանի պետական սահման հասկացություն երբևիցե չի եղել և չկա, որ այսօրվա Ադրբեջան կոչվողը ինքը օրենսդրորեն հրաժարվել է Խորհրդային Ադրբեջանի իրավահաջորդը ճանաչվելուց, որ Խորհրդային Հայաստանը դա Խորհրդային Ռուսաստանի կողմից Հայաստանի Առաջին Հանրապետության օկուպացված և անեքսիայի ենթարկած ընդամենը մի մասն է, իսկ Առաջին Հանրապետության սահմաններն, ըստ էության, որոշված են եղել 1920-ի փետրվարին Ազգերի Լիգայի կողմից, որ Խորհրդային Հայաստանը չի կարող հանդիսանալ այն միջազգային իրավունքի սուբյեկտը, որի իրավահաջորդն ուզում են դարձնել այսօրվա Հայաստանի Հանրապետությունը, որ 1921թ. Մոսկվայի և Կարսի պայմանագրերը հակաիրավական են:

Օբյեկտիվորեն, հայկական կողմի իրավական և փաստաթղթային բազան այսքան հզոր է և աշխատանք տանելու դեպքում հայանպաստ արդյունքի հանգեցնող, որ ռուս-թուրքական տանդեմը չի ցանկանում «թաթախվել» այդ հարցերի մեջ: Քաջ գիտակցելով, որ դրանց մեջ «թաթախվելը» հղի է իրենց համար դիվանագիտական և քաղաքական տհաճ հետևանքներով: Եվ այդ հնարավորությունների չեզոքացումն անում են հենց հայկական ղեկավարության ձեռքով: Ինչն, ըստ էության, առավել արդյունավետ է, քանզի իրագործվում է «պողպատե մանդատով» և բերելու է պողպատե արդյունք: Աշխարհի առաջ էլ ոչ պատասխանատվության և ոչ էլ ամաչելու առիթ կլինի. Հայերն իրենք հոժարակամ հրաժարվում են իրենց իրավունքներից և հնարավորություններից:

Դա ունի կոնկրետ բնութագրում. ԿՈԼԱԲՈՐԱՑԻՈՆԻԶՄ: Այսօրվա հայկական իշխանությունը նման քաղաքական գծի, կարելի է ասել, տիպիկ օրինակն է: