19/10/2021

News and Analitics

Ովքե՞ր են իրական ադրբեջանական լրտեսները

Երեք անձինք, որ բերման են ենթարկվել ոստիկանություն, եղել են ոչ թե ադրբեջանական լրտեսներ, այլ Իրանի Իսլամական հանրապետությունից եկած զբոսաշրջիկներ, տարածել է Հայաստանի ոստիկանությունը ասելով, որ չտարածվեն չճշտված տեղեկություններ:

Իսկ «չճշտված տեղեկությունները» տարածվել էին դրանից առաջ, թե Հայաստանում իբրև թե «բռնել» են երեք անձի, որոնք ադրբեջանական լրտեսներ են: Այդ տեղեկությունը տարածում էին համացանցում, իսկ երեք իրանցի զբոսաշրջիկներին իբրև ադրբեջանական լրտես բռնել են Երևանի կենտրոնում, ինչ որ մարդիկ, հետո ահազանգել ոստիկանություն: Այն, որ Հայաստանի քաղաքացիները պետք է լինեն զգոն, ու նաև այն, որ ներկայումս խիստ զգայուն են անվտանգության հարցերում, միանգամայն հասկանալի է և անհրաժեշտ: Սակայն, այդ ամենով հանդերձ, երբ չկա որևէ գործողություն հիմնավորող լուրջ փաստարկ, ապա առաջանում է հակառակ «էֆեկտի» լուրջ ռիսկ, օրինակ Հայաստանի զբոսաշրջային վարկի, կամ ընդհուպ հայ-իրանական հարաբերության համար: Եվ այստեղ նկատվում է տարօրինակ մի սինքրոնություն:

Հայտնի է, որ ադրբեջանցիները Գորիս-Կապան հայ-իրանական միջպետական ճանապարհի այսպես ասած ադրբեջանական տարածքով անցնող հատվածներում ոստիկանական անցակետերով դեմարշ են իրականացնում Իրանի դեմ: Ահա այդ ֆոնին, հանկարծ «քաղաքացիական» մակարդակում Երևանի կենտրոնում էլ թիրախավորվում են իրանցիներ, այսպես ասած «ադրբեջանական լրտեսի» անհասկանալի կնիքի ներքո:
Այն, որ Ադրբեջանը հայ-իրանական հարաբերության թե քաղաքական, թե հասարակական մակարդակում խնդիրներ առաջացնելու թերևս ամենաշահառու պետությունն է, կասկած չկա: Իսկ ահա այդ ֆոնին հարց է առաջանում, թե ովքե՞ր են Իրանի, հայ-իրանական հարաբերության դեմ ադրբեջանական գործողություններին զուգահեռ Երևանում այդպիսի իրավիճակ խթանելու շահառուները: Ո՞ւմ էր այդքան անհրաժեշտ, որ, օրինակ իրանցիները հայտնվեն ոչ միայն ադրբեջանական ոստիկանությունում՝ երբ ճանապարհին ադրեջանցիները ձերբակալել էին իրանցի վարորդների, այլ նաև իրանցի զբոսաշրջիկներ Երևանում էլ հայտնվեն Հայաստանի ոստիկանությունում:
Եվ հարց է առաջանում, այս դեպքում թերևս հռետորական, թե ովքե՞ր են իրական ադրբեջանական լրտեսները, որոնք փաստորեն Ադրբեջանի հետ սինքրոն Իրանի և հայ-իրանական հարաբերության դեմ գործել են Երևանում: Ընդ որում կա մի ուշագրավ հանգամանք, որ Երևանում ինչ որ մարդիկ այդ թեման հրահրում են Դուշանբեում Հայաստանի վարչապետի և Իրանի նախագահի հանդիպումից հետո: