19/10/2021

News and Analitics

Էրդողանին ուղղված Փաշինյանի միջնորդավորված առաջարկին հավանություն է տվել Մոսկվան

Հանրային խորհրդի նախկին նախագահ Ստյոպա Սաֆարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Ստանիսլավ Տարասովի հարցազրույցը ադրբեջանական Կալիբր.ազ-ին հաստատելու եկավ երեկվա գրածս։ Էրդողանին ուղղված Փաշինյանի միջնորդավորված առաջարկին հավանություն է տվել Մոսկվան, որովհետև

-Բացի տարածաշրջանի ապաշրջափակման ռուսական մոտեցումների հարցում Բաքվի դժգոհություններից, Անկարան էլ բացահայտ ու թաքուն խոչընդոտում է դրան՝ իբրև թե Բաքվի համար է դա անում։ Իրականում, Թուրքիան դժգոհ է մնացել, որ պատերազմում իր եւ եղած դերակատարման հետ մեկտեղ ինքը եռակողմ ձեաչափում չկա, իրեն սոսկ տեղեկացնում են, ու ռուսական մոդելով ապաշրջափակման դեպքում, միեւնույնն է, Արաքսի սահմանն իր համար պատի նման կանգնած է։ Հետեւաբար, ինչպես Էրդողանն է նշել, ճիշտ է, իբրև թե կրտսեր եղբոր համար, Զանգեզուրի միջանցք է պահանջում։ Դա իրեն էլ ոչ պակաս չափով պետք է։

-Երբ Երասխի մոտ բզբզում էին, Ռուսաստանում շատ ճիշտ են հասկացել ուղերձը, որ Թուրքիան էլ թույլ չի տալիս առանց «միջանցք» ապաշրջապակումն ու Երասխ-Գյումրի-Թբիլիսի կամ ավելի շատ աշխատանքի դեպքում Երեան-Իջեան-Ղազախ երկաթգծի շահագործումը։

Դրա համար որոշեցին գծերի ստուգում անել, ըստ որում դա արվեց վրացական խողովակով, ու պարզ դարձավ, որ Էրդողանն էլ միջանցք է ուզում։ Իսկ եռակողմ կառավարական հանձնաժողովի ռուս փոխվարչապետը առաջին անգամ հայտարարեց, որ միջանցքի հարց չեն քննարկում, ասել է թե՝ Թուրքիան չէ ասողը։

Ու հենց դա Տարասովն է ավելի ուղիղ ասում, որ նա եռակողմ ֆորմատի անդամ չէ, եռակողմ հայտարարությունների ստորագրողներից չէ, ու դիտողություն է անում Բաքվին, որ իրեն «հաղթողի» նման չի պահում, այսինքն Անկարայի խելքին է ընկել ու հայկական կողմին փակուղի է մղում… Ասել է թե՝ Անկարային չպետք է լսեն…

-Բաքուն էլ պահանջում է կապիտալիզացնել իր «հաղթանակը» «Խաղաղության» պայմանագրի անվան տակ, բայց Ռուսաստանի շահերից էլ չի բխում խնդիրը հավերժ փակելը։ Բաքուն պատրաստ կլինի տարանջատվել անգամ Անկարայից, ենթարկվել Մոսկվայի խաղին, եթե վերջինս կապիտալիզացնի իր հաղթանակը քաղաքակամ տերմիններով։ Իսկ Մոսկվան առայժմ առաջարկում է Բաքվին չընկնել Էրդողանի խելքին, Հայաստանի հետ չխոսել ուժի դիրքերից, և մտածել Արցախում հայերին ադրբեջանցիների հետ համատեղ կյանքում ինտեգրելու մասին, հետո կտեսնեն թե ինչ է դուրս գալի (Էշ մի սատկի, գարուն կգա…)։ Ասել է թե’ այստեղ էլ Ռուսաստանն իր մոդելն ունի, որը տարբերվում է Ալիեւ ցանկություններից…

Պրոցեսը չափազանց բարդ է, խաղը նույնպես։ Միով բանիվ, ոչ միայն Մոսկվայի, այլ նաև Երևանի շահերից է բխում առանձնացնել թուրքական խնդիրը ադրբեջանական խնդրից։ Ու առանձնացնել ու հարաբերվելը չեն նշանակում «բարիշել». Երեւանը պետք է հիշի, որ ցանկացած պայմանագրում արտացոլված է լինում կողմերի ուժը։

Այսօր Հայաստանը չափազանց թույլ դիրքեր ունի, հետեւաբար չի կարող շահել որեէ համաձայնությունից կամ պայմանագրից, մանավանդ որ պահանջները բոլոր կողմերից հակառակորդի «հաղթանակի» կապիտալիզացիայի’ կապիտուլյացիայի մասին են։ Հետեւաբար՝ պետք է պահել պրոցեսները առանց վերջնարդյունքի, քանի դեռ Հայաստանը լիովին չի վերագտել իրեն։

Այսքանը, բայց ոչ ամբողջը ամենակարեւորի մասին»։