19/10/2021

News and Analitics

Հայաստանի անվտանգային հեռանկարների համար կարևոր ելակետ է

Մասնակցելով ֆրանսիական Շամոնի քաղաքում տեղի ունեցած Մտքերի գագաթնաժողովի հերթական ամենամյա միջոցառմանը, Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը սեպտեմբերի 18-ին ունեցած ելույթում անդրադարձել է Արցախի պատմությանը, Արցախի հարցին և Արցախի ու Հայաստանի դեմ 44-օրյա պատերազմին:

Արմեն Սարգսյանը ոչ ուղիղ հռետորաբանությամբ, սակայն բավականին պարզորոշ խոսել է այն մասին, որ տարիների ընթացքում աշխարհաքաղաքական փոփոխություններին համարժեք չարձագանքած Հայաստանը 44-օրյա պատերազմում մնացել է Թուրքիայի ու Ադրբեջանի դեմ մենակ, կռիվ տալով հերոսաբար, սակայն անկարող լինելով հաղթել այդ խիստ անհավասար պատերազմում:

Միաժամանակ, Արմեն Սարգսյանն իր ելույթում տվել է ժամանակակից պատերազմի մի բնորոշում, որը դիտարկել է Հայաստանի դիմադրունակության և անվտանգության ապագայի հիմքում՝ ասիմետրիկ պատերազմ: Ըստ նրա, այսօր պետությունների միջև պատերազմը ունի ասիմետրիկ բնույթ: «Կան մի քանի կարևոր կատեգորիաներ, որոնցում մենք ապրում ենք: Դրանցից մեկը կանվանեմ ասիմետրիա: Աշխարհում այսօր պատերազմում են ոչ միայն անօդաչուներով, այլև կիբեր հարձակումների միջոցով: Այդ կիբերպատերազմներն ասիմետրիկ են։ Չկա աշխարհաքաղաքական սիմետրիա պետությունների միջև պատերազմում»:

Այս բանաձևը թերևս Հայաստանի անվտանգային հեռանկարների համար կարևոր ելակետ է: Հայաստանի համար «սիմետրիկ պատերազմի» պատրաստվելը թերևս բախվելու է էական սահմանափակումների, թե տնտեսական, թե աշխարհաքաղաքական մի շարք գործոնների ու բարդությունների բերումով: Ըստ այդմ, Հայաստանի անվտանգային հեռանկարը պետք է կառուցվի «ասիմետրիկ պատերազմի» տրամաբանությամբ: Հենց «սիմետրիկ պատերազմի» տրամաբանությամբ առաջնորդվելն է, որ Հայաստանը անցնող երկու-երեք տասնամյակի ընթացքում անհամեմատելիորեն հետ է թողել իր գլխավոր սպառնալիքներից:

Անկասկած, առանցքային նշանակություն ունի կառավարման արդյունավետությունը, կոռուպցիայի դեմ պայքարը, օրինականությունը, արդարությունն ու արդարադատությունը: Սակայն ժամանակակից աշխարհում դրանք անհրաժեշտ, բայց ոչ բավարար պայման են առկա սպառնալիքներին հակազդելու ռազմա-քաղաքական, դիվանագիտական կարողությունը զարգացնելու համար: Հատկապես, երբ խոսքը «սիմետրիկ տրամաբանության» փուլում բաց թողնված ժամանակի ու հնարավորությունների ահռելի բեռ ունեցող սուբյեկտի մասին է, սիմետրիկ զարգացման տրամաբանությունը ի զորու չէ ապահովել բաց թողնվածը լրացնելու այն դինամիկան և մասշտաբը, որը անհրաժեշտ է Հայաստանին անվտանգային համարժեք մակարդակի առավելագույնս արագ դուրս գալու համար: Այստեղ անշուշտ գլխավոր խնդիրն այն է, որ կարևոր ընդհանրական բանաձևումը պետք է ենթարկվի հանգամանալից հայեցակարգման, առարկայացման, առնվազն մեխանիզմների «ողնաշարային» գծագրման, հասկանալու համար նաև այն, թե ճշգրիտ ուղենշումը այդուհանդերձ որքանով է իրատեսական իրականանալիության առումով:

Առավել ևս, որ իր հերթին այլ խնդիր է, որ Հայաստանի հանդեպ նույն այդ մարտահրավերների շարքում իրենց լայնաճակատ ներկայությունն ունեն հանրային ռացիոնալ, իրատեսական դատողության դեմ կիրառվող տարատեսակ հուզական ծայրահեղությունների աքցանի էֆեկտով տեղեկատվական հնարքները, որոնք առաջին հերթին միտված են հայաստանյան իրականության «սիմետրիան» անփոփոխ ու անխախտ պահելուն: