18/10/2021

News and Analitics

ՌԴ ծրագրի այս փուլի խնդիրը Հայաստան ռեզերվացիան է

ՀՀ Անկախության 30-ամյակի շեմին Երեւանում հայ-ռուսական Armenian Business Forum-ի ժամանակ ռուսական կողմը, այդ թվում հայազգի գործարարներ, Հայաստանին խոստացան պրեֆերենցիաներ «խաղաղ դարաշրջանի» համար։

Տաշիր խմբի ղեկավար Սամվել Կարապետյանը խոստացավ մոտ 800 միլիոն դոլարի ներդրումներ Հայաստանում ու Արցախում, ռուսերենին պաշտոնական կարգավիճակ տալու առաջարկով։ Ռուս եւ հայ պաշտոնյաներն իրենց հերթին խոսեցին հաղորդակցությունների ապաշրջափակման դեպքում հայ-ռուսական տնտեսական հարաբերությունների խորացման եւ ընդլայնման մասին։

Մտրակից հետո բլիթի դասական միջոցառում։ Սակայն, ինչպես միշտ, մտրակն էլ, բլիթն էլ ռուսների մոտ ստացվում է նույն բանը, եւ այլ կերպ չէր էլ կարող լինել՝ Հայաստանի դեմ 2020-ի աշնանը Ռուսաստանի նախաձեռնած ու ընթացքի մեջ գտնվող՝ ԼՂՀ ոչնչացման ու Հայաստանի ինքնիշխանությունն արտատարածքային միջանցքներով վերացնելու քաղաքականությունը բլիթն էլ վերածում է մտրակի։

Բիզնես ֆորումի ժամանակ պայծառ հեռանկարի դատարկախոսության ֆոնին երկու ելույթ ամեն ինչ տեղն են գցում։ Կրեմլի գլխավոր պրոպագանդիստ Վլադիմիր Սոլովյովը հայերին կոչ արեց համակերպվել տեղի ունեցածի հետ եւ կենտրոնանալ այն բանի վրա, ինչը, ըստ Պուտինի՝ գետնի վրա է՝ տնտեսական հարցերի։ Իսկ ՀՀ «կուրատոր», ՀՀ նոր խորհրդարանի հեղինակ ՌԴ դեսպան Կոպիրկինը, թվարկելով Հայաստանում արդեն եղած ռուսական սեփականությունն ու բիզնեսը, հայտարարեց, որ պետք է մտածել նոր բաների եւ «համագործակցության» նոր ոլորտների մասին։

Էականն այս երկու ելույթներն էին, որոնք հստակ արտահայտում են Հայաստանի հանդեպ ՌԴ քաղաքականությունը՝ ՀՀ քաղաքական իրավունքների, ՀՀ քաղաքական ու տնտեսական ինքնիշխանության բացառում, ՀՀ մեկուսացում՝ «եռակողմ» փաթեթի շրջանակներում։

ՌԴ ծրագրի այս փուլի խնդիրը Հայաստան ռեզերվացիան է՝ մինչեւ Լավրովի պլանի ընդլայնված կիրառման հերթական փուլում Հայաստանի ու հայերի զոհաբերությունը։ Հիմա հայ հանրության ավելի ու ավելի շատ շերտեր են ընկալում այս քաղաքականության իմաստը, հատկապես՝ «ռուսական բլիթի»։