19/10/2021

News and Analitics

Սյունիքում տեղի ունեցող վերջին իրադարձությունները կարող են ազդել Գորիսի, Մեղրիի և Տեղի ընտրությունների վրա

Հոկտեմբերի 17-ին Հայաստանի 6 մարզի 9 համայնքում տեղի կունենան ՏԻՄ ընտրություններ։ Սյունիքի մարզի Գորիս, Մեղրի, Տաթև ու Տեղ համայնքներում առաջին անգամ համամասնական ընտրակարգով կիրականացվեն ընտրությունները:

Սյունիքում տեղի ունեցող վերջին իրադարձությունները, ըստ տարբեր գնահատականների, կարող են ազդել Գորիսի, Մեղրիի և Տեղի ընտրությունների վրա։

«Իրազեկ քաղաքացիների միավորման» ծրագրերի համակարգող, ընտրությունների ժամանակ «Անկախ դիտորդ» նախաձեռնության անդամ Դանիել Իոաննիսյանն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց, որ դեռ անկախ դիտորդություն Սյունիքում չեն սկսել, չունեն որակյալ մասնագիտական տեղեկատվություն այն մասին, թե ինչպես է Սյունիքում ՏԻՄ ընտրություններին ընտրողների կարծիքը ձևավորվում, ուստի կդժվարանա ասել՝ ինչպիսի ազդեցություն կունենան Սյունիքի իրադարձություններն ընտրությունների արդյունքի վրա. «Պետք է հաշվի առնել, որ այս անգամ նոր ընտրակարգով են անցկացվում ընտրությունները, ինչը ոչ միայն Սյունիքի համար է նոր, այլ որոշակիորեն նոր է հետհեղափոխական Հայաստանի համար։ Հետհեղափոխական Հայաստանում այս ընտրակարգով ՏԻՄ ընտրություններ եղել են միայն 2018-ի սեպտեմբերին»,-նշեց Իոաննիսյանը։

Այնուամենայնիվ, Իոաննիսյանի խոսքով, Սյունիքի մարզի որոշ հատվածներ ունեն առանձնահատկություններ, օրինակ՝ Գորիսը, Կապանը, Քաջարանը տարբերվում են իրենց առանձնահատկություններով, բայց ԱԺ ընտրությունները ցույց տվեցին, որ այդ առանձնահատկությունն այնքան էլ մեծ չէ. «Որոշ մարդիկ Սյունիքում նույնիսկ սյունյաց կուսակցություն հիմնեցին, որին ամբողջությամբ աջակցում էին Քաջարանի պղնձամոլիբդենային կոմբինատը, համայնքապետերը, բայց նույնիսկ այնտեղ չստացան հանրային աջակցություն»։

Իոաննիսյանի դիտարկմամբ՝ անշնորհակալ գործ է ընտրությունների արդյունքները կանխատեսելը.«Սյունիքում շատ փող կա, Սյունիքը մյուս մարզերի համեմատ հարուստ է, առավել ևս Կապան, Քաջարան հատվածները… և որտեղ շատ փող, այնտեղ էլ ավելի շատ կոռուպցիոն ռիսկեր կան մի կողմից, մյուս կողմից Քաջարանի կոմբինատի ազդեցությունը, և ամենակարևոր հանգամանքը, որ չպետք է մոռանանք, այդ ամենը Սյունիքում հակառակ էֆեկտ ունեցան, մարդիկ զզված էին կոմբինատի ճնշումներից, ճորտատիրական կարգերից, նաև դա էր պատճառը, որ Սյունիքում ՔՊ-ն հաղթեց ԱԺ ընտրությունների ժամանակ»,-հավելեց Դանիել Իոաննիսյանը։

Հարցին՝ արդյոք խնդիր չէ՞, որ ՔՊ ցուցակների առաջին համարները զբաղեցնողները անկուսակցականներ են, նշեց, որ ծանոթ չէ ՔՊ ցուցակներին.«Ամեն դեպքում դա իրենց որոշելիքն է, կուսակցությունը որոշում է՝ ում վստահի իր անունը, և եթե այդ մարդիկ ընտրվեն և պարզվի, որ վատն են, այսինքն՝ կուսակցության անունը օգտագործելով ընտրվեն, դա ուժեղ հարված կլինի այդ կուսակցության հեղինակությունը և հաջորդ ընտրություններին ավելի քիչ հատված է նրանց ընտրելու, սա կարևոր հանգամանք է, և պետք է հաշվի առնել։ Հույս ունեմ, որ կուսակցությունները հաշվի կառնեն։ Հայաստանում կան կուսակցություններ, որոնք, ըստ նրա, մեծամասամբ չեն մտածում մյուս ընտրությունների մասին, ապագայի մասին։ Հուսավ եմ, որ գոնե այն կուսակցությունները, որոնք երկարաժամկետ հեռուն գնացող նպատակներ ունեն, դրանց թվում են ակնհայտորեն ՔՊ-ն, Դաշակցությունը, իրենք պետք է մտածեն, որ պետք է առաջադրեն այնպիսի մարդկանց, որոնք կուսակցության անունը բարձր կպահեն, լինեն ընդդիմություն, թե իշխանություն ավագանիում»։