19/10/2021

News and Analitics

Ալիևի դիակի վրայով․ Հուսահատ Ալիևը ավելի վտանգավոր Ալիևն է

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ՄԱԿ ԳԱ իր ելույթում հայտարարել է, որ չկա Լեռնային Ղարաբաղ արտահայտություն և կոչ է արել միջազգային հանրությանը չօգտագործել դա: Միջազգային հանրությունը սակայն դա օգտագործում է, առնվազն Մինսկի խմբի համանախագահ երկրները, նաև այլ տերություններ, որոնք այս կամ այն կերպ առնչվում են իրավիճակին և աշխարհաքաղաքական մեծ խաղի մասնակից են:

Ընդ որում, Ալիևն անկասկած գիտե, որ միջազգային հանրությունը չի ունկընդրելու իր հորդորին կամ կոչին: Հետևաբար, ինչո՞ւ անել դա: Հաղթողի դիրքից կամ իրավունքո՞վ, թե՞ ենթագիտակցությամբ ու գիտակցությամբ, որ հաղթանակը «սահում» է ձեռքից: Հաղթանակը ոչ թե դրա ֆիզիկական իմաստով, այլ քաղաքական, քաղաքական նախաձեռնության:

Բանն այն է, որ Ալիևը փորձում է առաջ մղել իր քաղաքական օրակարգը, միաժամանակ սակայն լավ պատկերացնելով, որ օրակարգն այդուհանդերձ թելադրվում է հենց «միջազգային» մասշտաբում, իսկ այստեղ, եթե կան անշուշտ խնդիրներ, լուրջ խնդիրներ Հայաստանի համար՝ որոնք այդ թվում առաջանում են Ադրբեջանի միջոցով, կան նաև ոչ պակաս լուրջ խնդիրներ Ալիևի համար: Հենց անձնապես Ալիևի, որովհետև նա կամ պետք է հասնի միջազգային մակարդակում Արցախի կարգավիճակի հարցն իսպառ չեզոքացնելուն, իսկ այստեղ նրա մրցակիցը Հայաստանը կամ միջազգային հանրությունը չեն, այստեղ նրա առանձին-առանձին մրցակիցներն են առնվազն Ռուսաստանը, Միացյալ Նահանգները, Ֆրանսիան, Իրանը, էլի խաղացողներ, ու հնարավոր է անգամ Թուրքիան, կամ այդ իրավիճակը ժամանակի ընթացքում հասունացնելու է այդ առանձին խաղացողների միջև մի ընդհանուր հայտարար՝ Իլհամի չեզոքացումը, որպես Ադրբեջանի նախագահ:
Այստեղ է Ալիևի գլխավոր մտահոգությունը և խորքային խնդիրը, ու ՄԱԿ ամբիոնից նրա հայտարարությունը «թարգմանաբար» թերևս ունի հետևյալ իմաստը՝ «կամ ոչ մի Լեռնային Ղարաբաղ, կամ միայն իմ դիակի վրայով»: Ամբողջ հարցը հենց այն է, որ միջազգային խաղացողները ավելի շուտ «կանսան» այդ իմաստի երկրորդ մասին: Սրանից իհարկե ամենևին չպետք է որևէ մոտ կամ հեռու, բացահայտ կամ ներքին ոգևորություն ապրի Հայաստանը:
Հուսահատ Ալիևը ավելի վտանգավոր Ալիևն է: Պարզապես հայկական կողմի համար այդ իրողությունները կարող են բացել քաղաքական մանևրի հնարավորություններ, իհարկե Ալիևի համար քաղաքական շանտաժի հնարավորությունները առավելագույնս ամուր փակելու պայմանով: