19/10/2021

News and Analitics

Ամարասի վրա դարձյալ տեղադրվել է Արցախի դրոշը․ «Մենք ապրում ենք մեր հողում, և չպետք է ուրիշները մեզ ասեն, թե ինչ անենք»

Արցախի Ամարասի վանական համալիրի վրա դարձյալ տեղադրվել է Արցախի դրոշը։ Այս մասին Lragir.am-ին ասաց Մարտունի քաղաքի ավագանու անդամ Արտակ Մկրտչյանը։

Նշենք, որ օրերս տեղեկություն եղավ, որ ադրբեջանցի զինվորականները սեպտեմբերի 21-ին իրենց դիրքերն առաջ էին բերել Արցախի Մարտունու շրջանի Մաճկալաշեն գյուղի ուղղությամբ և փորձել էին խրամատավորվել չեզոք տարածքում։ Ըստ տեղեկությունների՝ ռուս խաղաղապահների մասնակցությամբ բանակցություններից հետո ադրբեջանցիները հետ էին քաշվել, սակայն պահանջել էին Արցախի դրոշը հանել Ամարասի վանքի վրայից ու դիրքերից։ Մաճկալաշենի համայնքապետն ասել էր, որ ռուս զինվորականները դրոշը իջեցրել էին։

Արտակ Մկրտչյանը մեզ հետ զրույցում նշեց, որ երեկ դրոշը դարձյալ տեղադրվել է վանական համալիրի վրա։ «Դրոշը երեկվանից իր տեղում է, ոնց եղել է, նույն վիճակով իր տեղում է։ Ես հայտարարել էի, որ եթե ոչ ոք այս հարցով չի զբաղվում, ես գիտեմ ինչ պիտի անեմ ու անելու եմ, հասնելու եմ ժողովրդի ուզածին։ Դրանից հետո չգիտեմ՝ ով, ինչպես, բայց դրոշը նորից տեղադրվել է իր տեղում։ Ես աչքովս տեսել եմ, որ դրոշն իր տեղն է։ Այն հավերժ պետք է մնա այնտեղ»,- նշեց նա։

Ըստ Արտակ Մկրտչյանի՝ Արցախի այդ տարածքները հայկական վերահսկողության տակ են, հետևաբար դրոշներ հանելու պահանջները չպետք է կատարվեն։ «Մենք ապրում ենք մեր տանը, մեր հողում, և չպետք է ուրիշները մեզ ասեն, թե ինչ անենք։ Մենք ենք որոշում մեր տան մեջ ինչպես ապրել, ինչպես այն լինի կահավորված»,- ասաց ավագանու անդամը։