19/10/2021

News and Analitics

Բնակիչը կկարողանա իր գյուղում ԱՁ ձևավորել, գրանցել ամուսնությունը

Հայաստանում վարչատարածքային բաժանման փոփոխությունների գործընթացի արդյունքում հետագայում բնակիչները կկարողանան իրենց գյուղերում մի շարք ծառայություններ ստանալ, ձևավորել ԱՁ, ՍՊԸ, գրանցել ամուսնությունը:

Այս մասին ասաց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը՝ ԱԺ-ում «Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթի քննարկմանը՝ անդրադառնալով պատգամավորների հարցերին:

«Ուզում եմ վստահեցնել, որ Հայաստանում որևէ բնակավայր չի փակվելու: Որևէ բնակավայրի անուն կամ ցուցանակ չի փոխվելու: Այն բոլոր հարցերի համար, որ համայնքի բնակիչը գնում էր համայնքապետարան, շարունակելու է գնալ»,-ասաց Սանոսյանն ու հավելեց՝ պարզապես համայնքապետարաններում ավելի քիչ թվով մարդիկ են աշխատելու:

Նախարարի վստահեցմամբ՝ այդ գործընթացի շարունակությունը բերելու է նրան, որ ավելի շատ ծառայություններ են մատուցվելու տեղում, քան՝ հիմա կա: Խոսքը մոտ 60 պետական ծառայության մասին է:

«Համայնքների կենտրոնում ստեղծվում է քաղաքացիների սպասարկման գրասենյակ, որը բազմաթիվ ծառայություններ է մատուցում: Այդ գրասենյակն էլեկտրոնային կապով կապված է բոլոր բնակավայրերի համայնքապետարանների հետ: Քաղաքացին կարող է գնալ այնտեղ, կարգավորել իր խնդիրը: Այս գործընթացների արդյունքում կգա ժամանակ, որ մեր բնակիչը կկարողանա իր գյուղում իրավաբանական անձ ձևակերպել՝ ԱՁ, ՍՊԸ և այլն, կարող է իրենց գյուղում զագսավորվել, ստանալ կադաստրի վկայական և այլն»,-ասաց նախարարը:

Խոշորացման գործընթացը, սակայն, ենթադրում է որոշակի հաստիքների կրճատում: Օրինակ, 1700 մարդ կրճատվել կամ զրկվել է աշխատանքից 2016-2017թթ տեղի ունեցած խոշորացումների արդյունքում: Նախարարը նշեց, որ, սակայն, նրանցից 1200-ն աշխատում են: Այսինքն, որոշ հաստիքներ փակվել են, խոշորացված համայնքում են բացվել, կամ այլ նոր հաստիքներ են ի հայտ եկել: Ըստ նրա՝ երբեմն համայնքապետարանների հաստիքներն ուռճացված են:

«Համայնքապետարանում, օրինակ, մեկ ավել ոչ այդքան ծանրաբեռնված հաստիք կփոխարինվի մանկապարտեզում երաժշտության ուսուցչի կամ դաստիարակի հաստիքով, կամ՝ այլ աշխատատեղով, որը համայնքի կարիքից կամ շահից է բխում»,-ասաց նա:

Կան խոշորացված համայնքներ, որոնց միավորման արդյունքում հաստիքների քանակն ավելացել է, ոչ թե կրճատվել:

«Այնպես չէ, որ այս պրոցեսը համատարած մեծ սոցիալական խնդիր կառաջացնի»,-վստահեցրեց Սանոսյանը: