19/10/2021

News and Analitics

Ինչ են խոսել Առաջին նախագահն ու Արցախի նախագահը. բարդ հանգույց

Հայաստանում քիչ ուշադրության արժանացավ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի և Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի հանդիպումը: Հայաստանի անկախության 30-րդ տարեդարձի օրն Արցախի նախագահը այցելել էր Առաջին նախագահին, շնորհավորել նրան տոնի առիթով: Հանդիպումը հանրային ուշադրության արժանացավ նաև այն առումով, որ մոտ մեկուկես ամիս առաջ էլ տեղի էր ունեցել Արցախի նախագահի հանդիպումը Հայաստանի Առաջին նախագահի հետ:

Ուշադրության առավել արժանի են սակայն երկու հանդիպումների վերաբերյալ հրապարակված մանրամասները, դրանց համեմատության առումով: Մասնավորապես, եթե օգոստոսի 5-ի հանդիպման մասին տարածված տեղեկության մեջ նշվում էր, որ քննարկվել են Արցախի սոցիալ-տնտեսական կարիքներին, բնակարանաշինությանը, տեղահանվածների վերադարձին, այլ տնտեսական խնդիրներին և այդ կապակցությամբ Հայաստանի անելիքին վերաբերող հարցեր, ապա սեպտեմբերի 21-ին տեղի ունեցած հանդիպման մասին տարածված տեղեկությունը ընդգծված քաղաքական բնույթի է. «Հանդիպման ընթացքում քննարկվել են Արցախում տեղի ունեցող վերջին զարգացումների, միջազգային կարգավիճակի հստակեցման, ինչպես նաև դրան հասնելու ջանքերին առնչվող հարցեր»: Այդ տեղեկությունը տարածել է Արցախի նախագահի աշխատակազմը:
Դեռևս ամիսներ առաջ, նոյեմբերի 9-ից կարճ ժամանակ անց ՌԴ դեսպանի և Առաջին նախագահի հանդիպման առիթով կարծիք հայտնեցի, որ հետպատերազմյան փուլում քաղաքական քննարկումներում ըստ ամենայնի «սեղանի վրա» է բովանդակություն, որը ձևավորվել է արցախյան հակամարտության կարգավորման առաջին տարիներից և քննարկվող հարցերը շոշափելիորեն փոխկապակցված են, ինչն էլ թերևս առաջացնում է ընդհուպ Առաջին նախագահի հետ հանդիպումների ու քննարկումների անհրաժեշտություն: Որովհետև ընթացիկ քաղաքական կյանքում դերակատարության մասշտաբի առումով Առաջին նախագահի գլխավորած քաղաքական ուժը չունի այն տեղը, որը հիմք տար այդ ուժը դիտարկել էական դերակատարների շարքում: Էական դերակատար դիտարկվում է արցախյան գործընթացի բանակցային մեկնարկին Հայաստանը գլխավորած Լևոն Տեր-Պետրոսյանը: Սակայն դրանով անշուշտ չի սահմանափակվում, այլ թերևս միայն սկսում է երևակվել արդեն հետպատերազմական փուլում գործընթացի շարունակության տրամաբանությունը:
Մեծ հաշվով այդ ամենը վկայում է, որ փոխվել է ռազմա-քաղաքական ստատուս-քվոն, իսկ մնացյալ առումով գործընթացի տրամաբանությունը ընդհանուր երկու-երեք տասնամյակների շարունակության համատեքստում է, իհարկե միջավայրային փոփոխությունների որոշակի ազդեցությամբ: Ավելին, դատելով նաև Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Քերի Քավանոյի օրերս տված հարցազրույցից և դրանում արած մի շարք հայտարարություններից, հնարավոր է եզրակացնել անգամ, որ հետպատերազմյան ժամանակաշրջանում գործընթացը վերադառնում է «դարձ ի շրջան յուր»:

Ամիսներ առաջ այդ մասին էլ առիթ ունեցա կարծիք, եզրակացություն հայտնել, որ ըստ ամենայնի քաղաքական խոշոր խաղացողների քննարկումներում արդիական է դառնում քիվեսթյան օրակարգը, թեկուզ որոշակի պայմանականությամբ կամ հարաբերականությամբ: Քավանոյի հարցազրույցը կարծես թե վկայեց այդ եզրակացության բարձր հավանականությունը: Այդ համատեքստում առավել հետաքրքիր է դառնում Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի հանդիպումները Առաջին նախագահ Տեր-Պետրոսյանի հետ: Ընդ որում, այստեղ գուցե հարկ է դիտարկել մի նրբերանգ, որ բավականին թափանցիկ կերպով արտացոլում էր Քերի Քավանոն: Խոսքը տարածքային փոխանակման «գաղափարի» մասին է, որն, իհարկե իր մեկնությամբ, բայց փորձում է առաջ մղել Ալիևը՝ «միջանցքի» տրամաբանությունը: Ալիևն իհարկե այն փորձում է կապել հաղորդուղիների ապաշրջափակման օրակարգին, գոնե առերևույթ, այդպիսով փորձելով հասնել առավելագույնի: Միաժամանակ, դատելով մասնավորապես ամերիկացի դիվանագետների հայտարարությունից, Նահանգներն օրինակ պատկերացնում է վերադարձ այդ «գաղափարին» Արցախի կարգավիճակի դիմաց տրամաբանությամբ:

Համենայն դեպս, Քերի Քավանոն օրինակ նշելով, որ փոխանակման գաղափարը ի հայտ է եկել Ռոբերտ Քոչարյանի և Հեյդար Ալիևի զրույցների արդյունքում, չի ներկայացնում քննարկված և գուցե համաձայնեցված մանրամասներ, ասելով, որ չի ուզում խանգարել խաղաղ բանակցությունը վերսկսելու հեռանկարին: Ռոբերտ Քոչարյանն առ այսօր լռություն է պահում Քավանոյի հայտարարության վերաբերյալ: Արցախի նախագահն ու Հայաստանի Առաջին նախագահը քննարկում են Արցախի կարգավիճակի հարց, բայց բավականին ուշագրավ ձևակերպումով՝ «միջազգային կարգավիճակի հստակեցման»: Արդյո՞ք քննարկվում են ուղիներ կարգավիճակի հարցը «փոխանակման» օրակարգից անջատելու համար: Բայց դրա համար թերևս հարկ կլինի խորհել քաղաքական դիրքավորման իմաստով Արցախը Հայաստանից «անջատելու» մասին, միաժամանակ անշուշտ խորքային առումով երաշխավորել Հայաստան-Արցախ օրգանականությունը: Այդ տեսանկյունից ի դեպ հետաքրքրության է արժանի թերևս Առաջին նախագահ Տեր-Պետրոսյանի և Արայիկ Հարությունյանի օգոստոսի 5-ի հանդիպման օրակարգը: