19/10/2021

News and Analitics

Ցանկալի է, որ ամերիկա-ֆրանսիական ճգնաժամը հարթվի

Ֆրանսիայի և Ռուսաստանի արտաքին գործերի նախարարներ Լը Դրիանն ու Լավրովը Նյու Յորքում ՄԱԿ ԳԱ շրջանակում տեղի ունեցած հանդիպմանը քննարկել են իրավիճակը արցախյան գոտում և դիտարկել իրավիճակի կայունացման ուղղությամբ հետագա աշխատանքը:

Այդ մասին հաղորդագրություն է տարածել ՌԴ արտգործնախարարությունը, որում թերևս ուշադրության է արժանի ձևակերպումը՝ «հետագա աշխատանքը առաջին հերթին ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափում»: Սրանից անշուշտ պետք չէ անել շտապ եզրակացություններ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափի ակտիվացման վերաբերյալ:

Անկասկած է, որ այդ խնդիրը գտնվում է բավականին բարդ, բազմաշերտ քննարկումների փուլում: Այդ հարցում իր էական նշանակությունը կունենա նաև սեպտեմբերի 29-ի համար ազդարարված Էրդողան-Պուտին հանդիպումը, որը ուղղակի, թե անուղղակի կներառի այդ հարցն էլ, ինչպես նաև այլ հարցերի համատեքստում կունենա իր ազդեցությունը: Միաժամանակ, Մինսկի խմբի համանախագահության ձևաչափի հեռանկարի առումով կարող է որոշակի ազդեցություն ունենալ նաև ամերիկա-ֆրանսիական ճգնաժամը, որ առաջացավ հնդկա-խաղաղօվկիանոսյան գոտում անվտանգային նոր եռակողմ ալյանսի ձևավորման մասին որոշումից հետո՝ ԱՄՆ-Մեծ Բրիտանիա-Ավստրալիա: Ֆրանսիան դժգոհություն հայտնեց այդ որոշումից դուրս մնալու, ինչպես նաև տնտեսապես կորցնելու առիթով:

Բանն այն է, որ Ավստրալիան հրաժարվեց Ֆրանսիայից ռազմանավեր ձեռք բերելու գործարքից, որովհետև Մեծ Բրիտանիան ու ԱՄՆ օգնելու են Ավստրալիային ստեղծել միջուկային սուզանավատորմ: Մեծ Բրիտանիայի վարչապետ ջոնսոնը բավականին կոշտ ձևով էր արտահայտվել Ֆրանսիայի դժգոհության առնչությամբ: ԱՄՆ նախագահ Բայդենը հեռախոսազրույց էր ունեցել Ֆրանսիայի նախագահ Մակրոնի հետ, որից հետո հայտարարվել է, թե երկու նախագահները առաջիկայում կանեն ստեղծված իրավիճակի վերաբերյալ հայտարարություն:

Ցանկալի է, որ ամերիկա-ֆրանսիական ճգնաժամը հարթվի, սակայն ամեն դեպքում մեծ է հավանականությունը, որ «նստվածք» այդուհանդերձ կմնա: Ահա այս ֆոնին է նաև ուշագրավ Լը Դրիան-Լավրով հանդիպումը, թեև եղել է իհարկե Ֆրանսիայի ու ԱՄՆ արտգործնախարարների հանդիպում: Ամբողջ հարցն այն է, որ միջազգային փորձագիտական որոշ շրջանակներ դիտարկում են ամերիկա-բրիտանական ալյանսի ընդգծման ֆոնին Ֆրանսիայի շարժում դեպի Ռուսաստան: Ու թեև ալյանսի մասին խոսելը թերևս վաղ է, կամ ոչ պատեհ, սակայն այդուհանդերձ ֆրանս-ռուսական փոխհարաբերությունը ունի այդ առումով պատմական խորք և նստվածք, հետևաբար այլ ուղղությամբ ճգնաժամային իրավիճակներում այդ խորքն առավել ևս կարող է զգացնել տալ իրեն, առնվազն առաջացնելով հարց՝ ամերիկա-բրիտանական ալյանսի ընդգծումը կբերի՞ ֆրանս-ռուսական հարաբերության սերտացման: