19/10/2021

News and Analitics

«Զանգեզուրի միջանցք» հասկացությունը ծնվել է Քի Վեսթում Հեյդար Ալիևի և Ռոբերտ Քոչարյանի առանձին բանակցությունների արդյունքում. Հայաստանի ներկա դիրքորոշումը ճիշտ է

«Ալիևը յոթ երգ գիտի, յոթն էլ՝ «Զանգեզուրի միջանցքի» մասին։ Ադրբեջանից այլ բան սպասել, քան բոլոր հնարավոր միջոցներով Հայաստանի վրա ճնշում գործադրելով իր նպատակին հասնելն է, չկա։ Պարզապես պետք չէ Ալիևի զառանցանքները տիրաժավորել, դրանց շուրջ քննարկում ծավալել»,- ասաց քաղաքագետ, Արցախի խորհրդարանի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախկին նախագահ Վահրամ Աթանեսյանը։

Հիշեցնենք, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հաստատել է Հայաստանի հետ խաղաղության համաձայնագրի շուրջ բանակցություններ սկսելու իր երկրի պատրաստակամությունը՝ կոչ անելով Երևանին «ընտրություն կատարել համագործակցության և հարևանների նկատմամբ տարածքային պահանջների միջև»։

«Հակամարտությունն ավարտված է, ուստի Ադրբեջանն արդեն հայտարարել է Հայաստանի հետ խաղաղության համաձայնագրի շուրջ բանակցություններ սկսելու պատրաստակամության մասին` սահմանների սահմանագծման և  սահմանազատման սկզբունքի, միմյանց ինքնիշխանության և տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչման հիման վրա: Նման համաձայնագիրը կարող է մեր տարածաշրջանը խաղաղության և  համագործակցության տարածաշրջանի վերածել: Սակայն մենք Հայաստանի կողմից դրական արձագանք մեր առաջարկին դեռ չենք տեսնում»,- ասել է Ալիևը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 76-րդ նստաշրջանին: Ն

րա խոսքով՝ խաղաղությանն ու համագործակցությանը ծառայող ոլորտներից մեկը կարող են դառնալ տրանսպորտային նախագծերը: Ադրբեջանի նախագահը նշել է, որ «Զանգեզուրի միջանցքը, որը Ադրբեջանի հիմնական մասը կկապի Նախիջևանի ինքնավար հանրապետության հետ», այս համատեքստում նոր հնարավորություններ կստեղծի տարածաշրջանի համար:

Ինչ վերաբերում է ստեղծված իրավիճակում Հայաստանի անելիքներին, ապա Աթանեսյանի խոսքով՝ Հայաստանն  իր անելիքները պետք է աներ մինչև պատերազմը՝ գնար հարցի  կարգավորման խաղաղ տարբերակի ճանապարհով։ Բայց քանի որ այդ  որոշումը  չկայացվեց ոչ միան 2018-2020 թվականներին, այլև սկսած 1998-ից 2018 թվականների քսանամյակում, հիմա Հայաստանն այս հարցով սուվերեն որոշում կայացնելու հնարավորություն չունի։ Աթանեսյանի խոսքով՝ բանակցություններն անվերջ երկարաձգելը չէր նշանակում, որ Հայաստանի համար ավելի բարենպաստ  միջավայր կամ աշխարհաքաղաքական հնարավորություն էր ստեղծվելու։

«Երբ ասում էին, որ բանակցությունները կարելի էր շարունակել ևս 30 տարի, ստատուս քվոն պահել ևս 30 տարի, դա պարզ  մանիպուլյացիա է։ 2016 թվականի քառօրյայից հետո բոլորի համար  պարզ է եղել, որ խնդիրը ձևակերպված է այսպես՝ խաղաղություն տարածքների դիմաց, տարածքներ՝ պատերազմը չվերսկսելու պայմանագրի դիմաց։ Բայց հիմա՝ նոյեմբերի 9-ի փաստաթուղթը ստորագրելուց հետո, Հայաստանը մեծագույն ցանկության դեպքում չի կարող սուվերեն որոշում կայացնել։ Այդ որոշումներն արդեն պետք է կայացվեն եռակողմ ձևաչափով՝ Ռուսաստան-Հայաստան-Ադրբեջան։

Առավելագույնը, ինչին կարող է հասնել հայ դիվանագիտությունը այս պահին, այն է, որ այս ֆորմատը չվերածվի քառակողմի՝ Ռուսաստան-Թուրքիա-Ադրբեջան-Հայաստան։ Այս դեպքում Հայաստանը բառի բուն իմաստով կդառնա սայլի հինգերորդ անիվ»,- ընդգծեց Աթանեսյանը։ Մեր զրուցակի խոսքով՝ Հայաստանը շատ ճիշտ է անում, երբ պնդում է, որ միջանցքի շուրջ խոսակցություն լինել չի կարող։ Դա բխում է նաև նոյեմբերի 9-ի հայտարարությունից, որտեղ խոսք անգամ չկա Զանգեզուրի միջանցքի մասին:

«Հայաստանը ճիշտ է անում, որ բացառում է միջանցքային տրամաբանությամբ Ադրբեջանին դեպի Նախիջևան կոմունիկացիա տրամադրելու  առաջարկությունը։ Այս հարցում վճռորոշ պետք է լինի Ռուսաստանի  դիրքորոշումը։ Ռուսաստանը պատերազմը դադարեցնելու համաձայնության կողմ է և, բնականաբար, իր վերաբերմունքը պետք է արտահայտի»,- ասաց Աթանեսյանը՝ հավելելով, որ հատկանշական է, որ մի քանի օր առաջ ՌԴ փոխվարչապետը Երևանում հայտարարեց, որ միջանցքի շուրջ  խոսակցություն չկա։ Քաղաքագետի խոսքով՝ այս հարցում անելիք ունի և անում է Իրանը:

«Ալիևի միջանցքային իդեա-ֆիքսը  գլոբալ, աշխարհաքաղաքական համատեքստ ունի։ Այն առաջին անգամ քննարկվել է Քի Ուեսթում։ Այն ծնվել է Հեյդար Ալիևի և Ռոբերտ Քոչարյանի առանձին բանակցությունների արդյունքում։  Բայց չի կարելի տուրք տալ, գեներացնել Իլհամ Ալիևի ասածները։ Կարծես ոմանք ցանկանում են Ալիևին հուշել, թե ինչպես կարող է Հայաստանի դեմ ճնշումներ բանեցնել։ Այս խառնակչական դիսկուրսը հայ իրականությունից պետք է բացառել։ Եթե չբացառվի, մենք ակնհայտ կորուստներ ենք ունենալու։ Ալիևի թիվ մեկ խնդիրը հիմա ոչ թե «Զանգեզուրի միջանցքն» է, այլ հայ հասարակությանը հուսահատության մատնելը»,- ասաց քաղաքագետը։