19/10/2021

News and Analitics

Խաղաղության դիսկուրսի օրակարգայնացումը Հայաստանի համար կարևոր է այդ «կռվում»

Խաղաղության մասին խոսակցությունը որ փորձում է ծավալել Հայաստանի կառավարությունը, հայտարարելով խաղաղության դարաշրջանը որպես նպատակ, Հայաստանում արժանանում է ամենատարբեր դիտարկումների, որտեղ սակայն ընդդիմախոսության առանցքում մի հարց է՝ ինչպես խաղաղ ապրել ադրբեջանցիների հետ, որոնք իրենց մեղմ ասած ոչ խաղաղ են պահում սահմանին, ճանապարհին, մինչև անգամ նախագահական մակարդակի ելույթներում:

Թվում է, որ փաստարկը բավականին հստակ է, միարժեք, անառարկելի: Սակայն, այստեղ շատ կարևոր է խնդիրը դիտարկել Հայաստանի համար իրավիճակի լայն գնահատման համատեքստում: Անշուշտ, խաղաղության գնալ Ադրբեջանի պահանջները և խաղաղության դիմաց պահանջվող գինը բավարարելով, դա նշանակում է գնալ ինքնասպանության: Բայց, հակառակը չի նշանակում, թե պետք է գնալ պատերազմի միջավայր ու հռետորաբանություն գեներացնելու ճանապարհով, ինչը թերևս Ադրբեջանի մղումն է: Բաքուն դիտարկելով իր ռազմա-քաղաքական առավելությունը, ընդ որում ոչ միայն առավելությունը Հայաստանի նկատմամբ, այլ նաև ընդհանրապես ռեգիոնալ ուժերի հարաբերակցության, այդ թվում ռուս-թուրքական հարաբերության իմաստով, դիտարկելով Իրանի թուլությունը, Ռուսաստանի որոշակի թուլությունը, այլ մի շարք այլ հանգամանքներ, փորձում է մարտաշունչ հռետորաբանության շարունակվող կիրառմամբ ստեղծել լարվածության բարձր աստիճան և այդ բարձր աստիճանը հնարավորինս թանկ վաճառել ոչ միայն Հայաստանի վրա, այլ բոլոր այն երկրների, որոնց համար Կովկասի նոր լարվածությունը բացարձակապես ընդունելի չէ և ավելին՝ լրջագույն խնդիր է: Մասնավորապես, նվազագույնը այդպիսիք են Ռուսաստանը, Իրանը:

Կայունության կարևորության մասին են արտահայտվում Ֆրանսիան, ԱՄՆ-ը, Եվրամիությունը: Իհարկե հրապարակային հայտարարությունները ոչ միշտ են արտացոլում ռազմավարական և մարտավարական իրական հաշվարկները, սակայն մյուս կողմից խնդիրն այստեղ այն է, որ լարվածության նոր էսկալացիան թերևս ավարտվելու է 44-օրյա պատերազմի աշխարհաքաղաքական և ռազմա-քաղաքական տրամաբանությամբ, որը բոլորովին հայկական շահերի օգտին չէ: Հետևաբար, չմտնելով Ադրբեջանի հետ այսպես ասած խաղաղության շուրջ սակարկության մեջ, այդուհանդերձ պետք է մնալ խաղաղության դիսկուրսի շրջանակում, առաջ մղել այդ օրակարգը և Ադրբեջանի մեջ չմտնել մարտաշունչ և լարված ճառասացության մեջ: Բաքուն սպասում է դրան, ավելի գործնական քայլերի համար հիմնավոր միջավայր ստանալու նպատակով: Հետևաբար պետք չէ արդարացնել, չի կարելի արդարացնել Բաքվի սպասումը, որովհետև լարվածության նոր էսկալացիան Հայաստանի համար բերելու է ոչ միայն ռազմա-քաղաքական ռիսկեր, այլ նաև բարոյա-հոգեբանական: Կասկած չկա, որ այդպիսի նոր էսկալացիան կարող է անդառնալիորեն դատարկել թե Արցախը, թե Հայաստանը, բերել արտագաղթի շոշափելի ալիքի: Այսօր անգամ, համեմատաբար կայունության պայմաններում, պատերազմի ցավագին թարմ տպավորության ներքո, հանրային բազմաթիվ շերտեր «կռիվ են տալիս» իրենց միջի հուսահատության և անորոշության հետ, փորձում են կողմնորոշվել՝ հեռանկարը խաղաղությու՞նն է, թե՞ պատերազմը:

Հետևաբար, խաղաղության դիսկուրսի օրակարգայնացումը Հայաստանի համար կարևոր է այդ «կռվում» իր քաղաքացիներին օգնելու համար, որպեսզի նրանք այդուհանդերձ մնան Հայաստանում, թեկուզ այսօր մի շարք ռիսկեր, մարտահրավերներ, սահմանային լարվածություն ունեցող Հայաստանում, սակայն մնալ՝ ավելի համոզված լինելով խաղաղության հեռանկարի հարցում: Հայաստանին անհրաժեշտ է այդ ժամանակը, որովհետև ոտքի չկանգնելու, կյանքի ընթացքի արդյունավետությունը, կառավարման արդյունավետությունը հիմնավորապես չփոխելու, հայությանը Արցախում ու նաև Հայաստանում չպահելու պարագայում, Հայաստանի կոշտ հռետորաբանությունը չի ունենալու գրոշի արժեք, որովհետև բոլորի համար է ակնառու լինելու դրա ներքո եղած դատարկությունը: Խաղաղության դիսկուրսը Հայաստանին պետք է ոտքի կանգնելու, ուժեղանալու, բաց թողնված ավելի քան քառորդ դարը վերականգնելու համար:

Խաղաղության դիսկուրսը Հայաստանը չի դարձնում ավելի խոցելի: Հայաստանը խոցելի դառնում է, երբ եղած դիսկուրսը չի համապատասխանում ունեցած հնարավորություններին: Սա ծուղակ է, որի մեջ Ադրբեջանը կարողացավ Հայաստանը գցել նախորդ շրջափուլում, և ձգտելու է անել առավելագույնը, Հայաստանն այդ ծուղակում նաև գալիք շրջափուլի համար պահելու ուղղությամբ: Չէ՞ որ Ալիևը բոլորից լավ է հասկանում, որ ռազմական հաղթանակը լուծել է իր համար որոշ հարցեր, սակայն բերել նոր և լուրջ մարտահրավերներ, որոնք ժամանակի ընթացքում ուժգնանալու են: