18/10/2021

News and Analitics

Համատեղ ուժերով գտնել լուծումներ. Անահիտ Ավանեսյանը հանդիպել է բուժհաստատությունների ղեկավարների հետ

Հայաստանի առողջապահական համակարգի առաջիկա բարեփոխումները լայն քննարկման առարկա դարձնելու նպատակով ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի նախաձեռնությամբ տեղի է ունեցել աշխատանքային հանդիպում հանրապետության բուժհաստատությունների տնօրենների հետ:
Ողջունելով ներկաներին` նախարարն ընդգծել է, որ կառավարության հնգամյա ծրագրով նախատեսված բարեփոխումների իրականացման համար ոլորտի փորձառու մասնագետների հետ քննարկումները չափազանց կարևոր են:
«Կարծում եմ` ընթացիկ աշխատանքային քննարկումների և հարցերը ճիշտ ժամանակին վերհանելու միջոցով լուծումներ գտնելու մոտեցումը կօգնի մեզ առաջ շարժվելու. առանց դրա դժվար է պատկերացնել որևէ բարեփոխում»,- նշել է Անահիտ Ավանեսյանը:
Խոսելով առողջության համապարփակ ապահովագրության ներդրման մասին` Ավանեսյանը տեղեկացրել է, որ մեկ ամսվա ընթացքում հանրային քննարկման կներկայացվի առողջության ապահովագրության ամփոփված հայեցակարգը, որի ներդրումը համալիր գործընթաց է լինելու:
Մասնավորապես` ֆինանսական միջոցների ծավալի մեծացումը կուղեկցվի առաջիկա տարիներին ապահովագրության տարբեր բաղադրիչների մասով ծավալուն բարեփոխումներով` էլեկտրոնային առողջապահության ներդրում, որակի չափանիշների սահամանում և դրանց շարունակական մոնիտորինգ, տեսչական մարմինների աշախատանքի վերանայում, լիցենզավորման և մասնագիտական զարգացման ինստիտուտի ներդրում և այլն:
«Ակնկալում եմ բոլորիդ աջակցությունը` մտքերի փոխանակման, առկա խնդիրների օբյեկտիվ գնահատականը մեզ փոխանցելու, համակարգի ճիշտ ներդրման գործիքներ մատնանշելու իմաստով»,- ասել է նախարարը:
Անահիտ Ավանեսյանը կարևորել է պետական միջոցների կենտրոնացմամբ` առողջության առաջնային պահպանման օղակի հզորացման միջոցով բուժհաստատությունների միջև ծանրաբեռնվածության ճիշտ բաշխումը: Այդ նպատակով առաջիկայում կապիտալ ծախսերի գերակա մասը կուղղվի մարզային պոլիկլինիկաների ամբողջական վերանորոգմանն ու վերազինմանը:
Նախարարն անդրադարձել է նաև պետպատվերի ծավալներին` նշելով, որ վերջին տարիներին օբյեկտիվ հիմքերով առողջապահության համակարգն աշխատել է գերծանրաբեռնված, սակայն պետպատվերի համար հատկացվող բյուջետային միջոցները չեն կրճատվել, հակառակը` աճել են և այդ աճը շարունակական է լինելու:
Միաժամանակ, նախարարն ընդգծել է առկա և հատկացվելիք ռեսուրսներն ըստ հասցեական օգտագործելու անհրաժեշտությունը` արդյունավետության բարձրացման նկատառումներով: Բուժհաստատությունների տնօրեններն իրենց աջակցությունն են հայտնել այդ բարեփոխումներին, հնչեցրել իրենց առաջարկները:
Հանդիպման վերջում Անահիտ Ավանեսյանը խոստացել է, որ բարեփոխումների տարբեր փուլերում նման հանդիպումները պարբերական բնույթ են կրելու: