19/10/2021

News and Analitics

Հայաստանում քաղաքական որակական վերափոխումը պահանջում է նոր որակի եւ նշաձողերի սահմանման պատասխանատվության նոր սուբյեկտներ

Հայաստանի ներքաղաքական կյանքը «կենտրոնացել» է ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովի փոխնախագահի պաշտոնի շուրջ մեծամասնության եւ ընդդիմության «թեկնածուական» ոդիսականի վրա:

«Հայաստան» դաշինքի ներկայացրած թեկնածուն արդեն չորրորդ անգամ մերժվում է խորհրդարանի մեծամասնության քվեարկությամբ: Մեծամասնությունը պնդում է, որ թեկնածու Ղազինյանի անձի հետ չունի ոչինչ, բայց նրա գործունեությունը առաջացնում է հարցեր, որոնց վերաբերյալ ամբողջական պատասխան իրենք չեն ստանում արդեն չորրորդ անգամ:

Մեծամասնությունն ակնկալում է, որ ընդդիմությունը ներկայացնի այլ թեկնածու: Խորհրդարանական ընդդիմությունն էլ պնդում է, որ Դոնթի բանաձեւի համաձայն, եթե տվյալ կարգավիճակը վերապահված է ընդդիմությանը, ապա մեծամասնությունը չունի ընդդիմությանը կոնկրետ թեկնածու թելադրելու իրավունք եւ պետք է հավանության արժանացնի ներկայացրած թեկնածուին: Այսպես շարունակվում է արդեն մի քանի շաբաթ եւ խոշոր հաշվով, եթե փորձենք դիտարկել, թե սրանից բացի էլ ինչ է կատարվում Հայաստանի ներքաղաքական կյանք կոչված տարածությունում, ապա ցավոք սրտի պետք է արձանագրենք, որ կատարվում է ՈՉԻՆՉ, համենայնդեպս որակապես այլ ուշադրության արժանի: Եվ սա այն դեպքում, երբ Հայաստանի շուրջ եռում է ռեգիոնալ ու համաշխարհային քաղաքական կյանքը, Հայաստանի համար բարդագույն մարտահրավերներով եւ լրջագույն օրակարգային խնդիրներով:

Այդ իրողության եւ հայաստանյան ներքաղաքական-ներտեղեկատվական կյանքի բնույթը եւ հարաբերակցությունը լավագույն խոսում է այն մասին, թե Հայաստանի ներքաղաքական որակները ինչպես են շարունակում մնալ հայկական պետականության խնդիրներին ու մարտահրավերներին անհամարժեք աստիճանի վրա, ընդ որում թե կառավարող մեծամասնության քաղաքական բովանդակության, թե ընդդիմության իմաստով: Որովհետեւ, քաղաքական արժեքավոր նշաձող չեն սահմանում թե մեկը, թե մյուսը, փոխադարձաբար ընդամենը դրա համար պատասխանատվությունը դնելով միմյանց վրա: Այս հանգամանքը եւս մեկ անգամ վկայում է, որ Հայաստանում քաղաքական որակական վերափոխումը պահանջում է նոր որակի եւ նշաձողերի սահմանման պատասխանատվության նոր սուբյեկտներ: Դժբախտաբար, այդ խնդիրը բավականին լուրջ է նաեւ արտախորհրդարանական քաղաքական դաշտ համարվող տարածության գերակշռող մասում, հազվադեպ բացառություններով, եւ նաեւ փորձագիտական-տեղեկատվական հանրույթի գերակշռող մասում: Մեծ հաշվով ամենուր դաշտերը ենթարկված են ընդամենը երկու ծայրահեղությունների ազդեցության եւ Հայաստանում շարունակում է գերխնդիր մնալ ռացիոնալության հրամայականը, անգամ ռազմա-քաղաքական այն ծանր հարված-դասից հետո, որ արժեցավ մի ամբողջ լուսավոր սերնդի գին: