18/10/2021

News and Analitics

Միջազգային դատարանում այդօրինակ գործերում շատ կարևոր է դառնում նաև ընդհանուր քաղաքական մթնոլորտը

Ադրբեջանը Հաագայի դատարան հայց է ներկայացրել Հայաստանի դեմ: Ըստ էության, խոսքը Բաքվի այսպես ասած հայելային հայցի մասին է: Բաքուն Երևանի դեմ հայց է ներկայացրել ռասսայական խտրականության մեղադրանքով:

Սա ծիծաղելի կլիներ, եթե իհարկե խոսքը չվերաբերեր բավականին կանխատեսելի արձագանքի, որ Բաքուն պետք է տար Հաագայի դատարան Հայաստանի ներկայացրած հայցին: Օրերս դատարանը տեղեկացրել էր Հայաստանի հայցի մասին: Երևանը ռասսայական խտկանության և պատերազմի հանցագործությունների մեղադրանքով հայց է ներկայացրել ընդդեմ Բաքվի, որի հիմքում ոչ միայն 44-օրյա պատերազմն ու Արցախի դեմ ագրեսիան է, այլ նաև նախապատերազմական շրջանում Ադրբեջանի քաղաքականությունն ու գործողությունները:

Երբ Բաքուն է մեղադրում հայկական կողմին ռասսայական խտրականության համար, սա իհարկե ուղղակի զավեշտալի է: Բայց, չկա զավեշտի ժամանակ, որովհետև մեզ համար այդ զավեշտի ուղղությամբ Բաքուն նետելու է իր ամբողջ ներուժը, ինչին միանալու է նաև Անկարան, փորձելով հակազդել Հայաստանի ներկայացրած հայցին: Եվ որքան էլ ադրբեջանական մեղադրանքը ուղղակի ծիծաղելի է, այն լինելու է լուրջ մարտահրավեր, պահանջելով մեզանից բավականին մեծ ջանք, որպեսզի թույլ չտանք Բաքվին զավեշտը և զառանցանքը ներկայացնել իբրև Հայաստանի դեմ լուրջ դատական գործընթաց:

Այդ իմաստով, բավականին պատեհ և կարևոր է նաև ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատում ընդունված բանաձևը, որով Բաքվից անհապաղ պահանջվում է ազատ արձակել մեր ռազմագերիներին, և նաև խոսվում Ադրբեջանի պատերազմի հանցագործությունները քննող զեկույցի պատրաստման մասին:

ԱՄՆ Կոնգրեսում այդ իրողությունը կարող է շոշափելի աջակցություն լինել Հաագայում Հայաստանի դատական գործընթացին, միաժամանակ նաև Ադրբեջանի դատական այցին հակազդմանը: Այդ իմաստով, հայկական կողմը պետք է շարունակի սերտ աշխատանք ամերիկացի օրենսդիրների հետ, ձգտելով հասնել այդ գործում ավելի ու ավելի ամուր և ընդգրկուն զարգացումների:
Ինչ խոսք, զուտ ֆորմալ տեսանկյունից Հաագայի դատարանն ու Կապիտոլիումը «հեռու» են, բայց անկասկած է, որ չնայած իրավական գործընթացին, միջազգային դատարանում այդօրինակ գործերում շատ կարևոր է դառնում նաև ընդհանուր քաղաքական մթնոլորտը, առավել ևս, որ դրանում կան էական բաղադրիչներ, որոնք գալիս են թիվ մեկ գերտերության Կոնգրեսից, որն անկասկած միջազգային հեղինակության ու վարկի մեծ պաշար ունեցող ինստիտուտ է, ըստ այդմ դրանից եկող քաղաքական ակտերը ունեն ազդեցություն քաղաքական միջավայրի վրա, իսկ իրավական փաստարկները ունեն բնականաբար որոշակկի համոզչականություն, ինչպիսին կարող է լինել ԱՄՆ Կոնգրեսի պատրաստած կամ պատրաստելիք զեկույցը, կազմելով միջազգային դատարանում հայկական թղթապանակի մաս: