19/10/2021

News and Analitics

Օգոստոսին Սև լճի հատվածից անհետ կորած զինծառայող Արթուր Դավիդյանի կինը համոզված է՝ «ամուսնուն ադրբեջանցիները առևանգել ու գերեվարվել են»

Դեռևս օգոստոսի 22-ին Սյունիքի Սև լճի հատվածից մոլորված ու անհետ կորած պայմանագրային զինծառայող Արթուր Դավիդյանի մասին մինչ այժմ որևէ տեղեկություն չկա։ Նրա կինը՝ Հասմիկ Աբգարյանը, այլ վարկած չի տեսնում, քան ամուսնու գերեվարված լինելու հանգամանքը։

«Ադրբեջանը պաշտոնապես չի հաստատում, որ իմ ամուսինը գտնվում է իրենց մոտ, բայց ուրիշ տարբերակ չկա։ Ես, իմ ամուսնուն շատ լավ ճանաչելով, իմանալով իր աշխատանքային տարիների փորձը, այն եզրահանգման եմ գալիս, որ թշնամին իրեն առևանգել է ՀՀ տարածքից։ Այս հարցն ընդհանրապես քննարկման առարկա չէ՝ Ադրբեջանի զինված ուժերը ապօրինի հատել են Հայաստանի տարածքն ու առևանգել են իմ ամուսնուն»,-մեզ հետ զրույցում պնդեց Հասմիկ Աբգարյանը։

Նա հավելեց, որ երբ զանգահարում է պաշտպանության նախարարություն կամ Ազգային անվտանգության ծառայություն, ասում են՝ երբ նորություն լինի, կտեղեկացնենք. «Ասում են՝ ներկայումս բանակցություններ են գնում բոլոր գերիների մասով, բայց անհատական բանակցություններ տեղի չեն ունենում»։

Անհետ կորած Արթուր Դավիդյանի կինը իր երկու անչափահաս երեխաների հետ է ապրում՝ վարձով բնակարանում, ասում է՝ իրենց եկամտի միակ աղբյուրը ամուսնու աշխատավարձն էր. «Կարծում եմ՝ պետությունը կպահպանի ամուսնուս աշխատավարձը, ես սեպտեմբեր ամսին ստացել եմ իր օգոստոսի աշխատավարձը, բայց քանի որ մանրուքներ կան, չեմ կարող ասել՝ օգոստոսի վերջին օրերի համար հաշվարկվե՞լ է, թե՞ ոչ»:

Նշենք, որ մայիսի 12-ից հետո, երբ Ադրբեջանի զինծառայողները հատեցին ՀՀ պետական սահմանը և առաջացան Սյունիքի ու Գեղարքունիքի մարզերում, հայկական կողմը, բացի զոհերից ու վիրավորներից, ունեցավ նաև 4 անհետ կորած զինծառայող՝ Արթուր Նալբանդյանը, Արամայիս Տոռոզյանը, Նարեկ Մկրտչյանը և Արթուր Դավիդյանը։

Ադրբեջանը չէր հաստատել 4 անհետ կորածների գերեվարման փաստը, սակայն երբ Մարտակերտում Ադրբեջանի զինծառայող Ջամիլ Բաբաևը ներխուժեց հայկական տներից մեկն ու բերման ենթարկվեց, դեռևս հուլիսի 14-ին Սև լճի հատվածից անհետ կորած Արթուր Նալբանդյանն ու Արամայիս Տոռոզյանը սեպտեմբերի 7-ին Բաքվից վերադարձվեցին Երևան՝ փոխանակվելով Ջամիլ Բաբաևի հետ։
Արթուր Դավիդյանի և Նարեկ Մկրտչյանի ճակատագիրը շարունակում է անհայտ մնալ։