19/10/2021

News and Analitics

Այս դեպքում ոչ թե «հակառուսականության» ուղիղ շեշտադրումով, այլ «անզորության

Ռուսական այսպես ասած լրատվափորձագիտական որոշ հարթակներում վերստին հայտնվում են հրապարակումներ, որոնցում «կարմիր թելով» անցնում է Արցախի հարցում Հայաստանը մի կողմ թողնելու և Ադրբեջանի հետ պայմանավորվելու «գաղափարը»:

Թե որտեղից է սնվում այդ գաղափարը, բավականին դժվար է ասել: Փոխարենը, դրա շահառուներ կարող են գտնվել թե Հայաստանի ներսում, թե Ռուսաստանում, թե անգամ Ադրբեջանում: Ըստ այդ «գաղափարի», Հայաստանի ներկայիս կառավարող ուժը և դրա առաջնորդը Ռուսաստանի դաշնակից չեն, հետևաբար տողատակում հստակ դրվում է ակնարկը՝ որ պետք է նրանց թողնել և Արցախում ռուսական ներկայության հարցը լուծել Ադրբեջանի հետ պայմանավորվելով, որը կարող է շահագրգռված լինել Ռուսաստանի ներկայությամբ Թուրքիայի գերազդեցությունը բալանսավորելու հեռանկարով: Ընդ որում, հմտորեն մատուցվող «սխեմայի» հեղինակները այդ ամենի համար պատասխանատվությունը թողնում են Հայաստանի կառավարող ուժի վրա, ինչպես պատերազմի առումով:

Պարզապես, այս դեպքում ոչ թե «հակառուսականության» ուղիղ շեշտադրումով, այլ «անզորության»: Այստեղ էլ ի դեպ կարող է լինել «գաղափարի» Հայաստանի ներքին որևէ շրջանակի շահառությունը: Ավելի կոնկրետ շրջանակի, որը կարող է փորձել այդ հողի վրա գալ իշխանության փոփոխության: Պատերազմի կորուստների հետևանքով իշխանափոխություն չեղավ, ըստ ամենայնի հարկ կա «զարգացնել» Արցախում կորուստները արդեն քաղաքական մակարդակում և փորձել այդ կերպ հասնել Հայաստանում իշխանափոխության: Այդպես գոհ կլինեն բոլորը՝ Հայաստանի այդ շրջանակները, Ռուսաստանը, Արցախի հարցում նրա հետ պայմանավորվող Ադրբեջանը: Այդ վտանգավոր գաղափարների գեներացիայով հատկապես զբաղվում է «Ռեգնում» գործակալությունը, որի սրահում դեռևս  2015 թվականին Արցախի նախագահ Բակո Սահակյանից փորձում էին կորզել Ստեփանակերտի օդանավակայանը ռուսական սիրիական արշավի տակ տրամադրելու մասին պատրաստակամություն: Ըստ ամենայնի, Կրեմլն առայժմ այդ «գաղափարները» չի վերցնում «զինանոց», ինչով էլ պայմանավորված է թերևս դրանք համառորեն առաջ մղելու, Կրեմլի սեղանին դնելու, «ճաշացանկ» ներառելու շարունակվող փորձը, այն էլ Նիկոլ Փաշինյանի Մոսկվա այցի շեմին: