30 ноября, 2021

Mitk.am

News and Analitics

Եթե հասարակության մոտ լիներ փողոցային պայքարի պահանջ, ապա այդ պայքարն արդեն կլիներ

«Հայաստան» դաշինքն ակտիվ աշխատանքներ է տանում պայքարի նոր ճակատ ձևավորելու ուղղությամբ: Այսպես ասած՝ «Հայրենիքի փրկության շարժում-2», որի նպատակն է՝ համախմբել ընդդիմադիր դաշտն ու գործիչներին, ստեղծել վերկուսակցական մի կառույց, ապա սկսել իշխանափոխության համար պայքարի նոր փուլ։  

«Հրապարակ» օրաթերթին  հաղորդել են, որ դաշինքի ներկայացուցիչները հանդիպումներ են ունեցել ոմանց հետ, կոնսուլտացիաների փուլում են, քննարկում են իրենց տեսլականը, գործողությունների ծրագիրը։ Աշխատանքների համար կազմակերպչական խումբ է ձեւավորվել, որը համակարգում է դաշինքի խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը։

Մինասյանը, սակայն, չի հաստատել տեղեկությունը։ Միայն նշել է, որ  ժամանակից շուտ ինչ-որ բաներ  չի ցանկանում հրապարակել։

ԳԽ պատգամավոր Ազատ Արշակյանի կարծիքով՝ եթե նրանք նախնական համաձայնություն ունեն Թուրքիայի ու Ադրբեջանի հետ՝ համատեղ ճակատ ստեղծել ու Տավուշի մարզից Նոյեմբերյանով 11-րդ բանակի օգնությամբ մտնեն ու ազատագրեն իրենց անազատության մեջ գտնվող գործընկերներին, որոնք մեղադրվում են ծանր պետական հանցագործությունների մեջ, այդ դեպքում նրանք հաջողություն կունենան․ «Իսկ եթե նրանց հետ չեն համաձայնեցրել, Թուրքիան ու Ադրբեջանը չեն  պատվիրատուն, նաև կարմիր 11-րդ բանակը, ուրեմն իրենք դատարաններում ժամկետները կստանան ու պատիժը կկրեն։ Ես կարծում եմ դատարանները նրանց նկատմամբ  մարդասիրաբար կվարվեն»,- ասաց նա։

Ըստ Արշակյանի՝ եթե հասարակության մոտ  լիներ փողոցային պայքարի պահանջ, ապա այդ պայքարն արդեն կլիներ։ Մեր հասարակությունն  անմեղսունակ չէ պատերազմից հետո հասարակությունը դուրս  գա փողոց, որ խորտակի՞ հայկական պետությունը, կործանի՞ հայկական պետությունը։ Մեր հասարակությանը ի՞նչ գնահատական են տալիս, երկրորդ ճակա՞տ բացել, հինգերորդ շարասյու՞ն դառնալ։ Նրանք այդքան վատ կարծիք ունեն մեր հասարակության մասին, որ 1991 թվականի սեպտեմբերի 21-ին 10 հազար 42 հոգի հայկական  պետության դեմ քվեարկեց՝ դա փաստ է։ Այդքան մարդ նրանք իրենց գրպանում ունեն, այդքան մարդ արդեն լյուստրացիա, ինքնաբացահայտում է արել, բայց ոչ դրանից ավել։ Միայն այդքան մարդ կարող է հարձակվել հայկական պետության վրա»,-եզրափակեց մեր զրուցակիցը։

«Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանի կարծիքով՝ շատ բարդ է միանշանակ պատասխանել, թե այդ նախաձեռնությունն ինչ հեռանկարներ կունենա․«Մի կողմից ազատ անկում ենք կատարում այս իշխանության օրոք դեպի անտեսանելի անդունդ, իսկ այդ անդունդի հիմքերը դրել են նախկինները, որոնք այսօր փրկության մասին են խոսում։ Նիկոլն արեց ամեն ինչ, որ իրենք լինեն հայրենքի փրկության դրոշակակիրը, որպեսզի ինքը շարունակի մնալ։ Անցած «ընտրությունները»  կյանքի կոչվեցին այդ բանաձևով՝ կա նախկինների հետ գալու սարսափը, ուրեմն Նիկոլը պետք է մնա»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։

Մեր զրուցակիցը կարծում է, որ երկու կողմն էլ հրահանգավորված են Կրեմլից․ «Եթե խնդիր է  դրված Նիկոլի հարցը լուծել՝ այդ շարժումը կունենա ապագա, բայց փրկությունը կլինի  Հայաստանը  Ռուսաստանի գուբերնյա դարձնելու շրջանակում։ Երկուսն էլ տանում ենք անկախության, ինքնիշխանության կորստի։ Դրա համար խնդիրը տեսնում ենք այլ մտահոգ մարդկանց համախմբումով։ Բոլոր ուժերը գտնվում են այս կամ ուժերի ազդեցության տակ։ Պետք է սթափվելու  հնարավորություն ունենալ, որ կանխենք երկու չարիքը փրկության ճանապարհից»։