19/10/2021

News and Analitics

Եղբայր-հոգեւորականները վաղուց արդեն «չորս ոտքով» խճճված են ռուսական ցանցի մեջ

Մոսկվայում գտնվող Գարեգին Բ կաթողիկոսը Մոսկվայի պատրիարք Կիրիլի հետ հանդիպմանը հույս է հայտնել, որ Հայաստանում կբացվի Ռուս ուղղափառ եկեղեցու ներկայացուցչություն, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստին.-ն։ Գարեգին Բ-ն ափսոսանք է հայտնել, որ այդ հարցի լուծումը ձգձգվում է, բայց հույս է հայտնել, որ շուտով ՌՈՒԵ-ն ամենաբարձր մակարդակով ներկայացված կլինի Հայաստանում։

Հաղորդվում է, որ Գարեգին Բ-ն Մոսկվայում մասնակցելու է նաեւ եռակողմ հանդիպմանը Կիրիլի եւ Բաքվի մուսուլմանների առաջնորդ Փաշազադեի հետ, որի մասին նրան նախօրոք տեղյակ էլ չէին պահել։ Երեւում է Վեհափառը եռակողմ փաթեթում «իր բաժին» անելիքն ունի։

Արցախում հայ հոգեւորականներին վաղուց արգելվում է մուտք գործել Դադիվանք։ Արգելված է նաեւ ուխտավորների մուտքը Դադիվանք։ Արցախի «ռուսական» գոտուց դուրս, Բաքվի կողմից ԼՂՀ զավթած տարածքներում, դրությունը ավելի ծանր է՝ հոգեւոր ժառանգությունը պղծվում է եւ ոչնչացվում:

Տեղի է ունենում Արցախի հայկական եկեղեցիների յուրացում․ յուրացնողը՝ ՌՈՒԵ (Մոսկվայի պատրիարքարան, Կիրիլ միտրոպոլիտ) եւ յուրացնող երկիրը՝ ՌԴ։ «Գաղափարական» եւ օպերատիվ աշխատանքը դրված է ՌԴ համապատասխան կառույցների եւ ՌՈՒԵ Բաքվի թեմի վրա։ Այսպես կոչված «ադրբեջանի» կրոնական համայնքների ներկայացուցիչների Շուշի այցի ժամանակ ՌՈՒԵ Բաքվի թեմի ներկայացուցիչը հայտարարել էր, որ Արցախում հայկական եկեղեցիներ չկան։

Ավելին, Ռուս ուղղափառ եկեղեցին եւ Բաքուն ծրագրում են ՌՈՒԵ Ադրբեջանի թեմի ընդլայնումը: Խոսքն առաջին հերթին բռնազավթած տարածքների մասին է: Քանի որ այդ տարածքներում չկան ռուսական ուղղափառ եկեղեցիներ, ՌՈՒԵ թեմին կարող են հանձնվել «հայկականի վերափոխված ալբանական ուղղափառ եկեղեցիները», գրել են Բաքվի ԶԼՄ-ները Շուշիի այդ այցի նախօրեին, անդրադառնալով Մոսկվա-Բաքու համագործակցությանը «հոգեւոր ոլորտում»:

Հայ Առաքելական եկեղեցու ղեկավարությունը, Գարեգին Բ կաթողիկոսը համառ լռություն է պահպանում այս հարցում, երբեմն-երբեմն քննադատական հայտարարություններ հնչեցնելով «ադրբեջանի» հասցեին եւ շնորհակալություն հայտնելով Մոսկվայի պատրիարքին։

Արցախի խնդիրը քաղաքակրթական արմատներ ունի եւ տանում է հայերից ռուսների ստացած ծննդական տրավմայի 1000-ամյա խորքեր։ Հայաստանի դեմ ագրեսիան Արցախում եւ այդտեղ ծավալվող կրոնական պատերազմը քաղաքակրթական մեծ պատերազմի դրսեւորում է: Պետք է հասկանալ, որ ռուսները եւ թուրքերը քաղաքակրթական իմաստով 13-ից դարից մեկ ազգ են, իսկ ռուսական եկեղեցին՝ այդ եղբայրության գործիք:

Այս ֆոնին, Հայաստանում ՌՈՒԵ ամենաբարձր մակարդակով ներկայացվածության առաջարկը չարագուշակ է հնչում, Հայաստանի դեմ կրոնական, քաղաքակրթական պատերազմի ընդլայնման եւ հայկական ինքնության ոչնչացման ընթացքի ընդլայնման գույժ։

Վեհափառն Արցախում տեղի ունեցողը բնութագրել է որպես «Փաշազադեի քմահաճույք»․ այդպես ավելի հեշտ է՝ սեփական ահռելի պատասխանատվության բեռը մի կողմ գցելու եւ ներկայիս քաղաքական իշխանությանը հավասարվելու համար, որին Վեհափառը քննադատում է ապազգային լինելու մեջ։ Զարմանալի բան չկա՝ Էջմիածնում եւ Մոսկվայում հայ եկեղեցական իշխանությունը իրականացնող եղբայր-հոգեւորականները վաղուց արդեն «չորս ոտքով» խճճված են ռուսական ցանցի մեջ եւ ավելի շուտ թույլ կտան «ալբանացնել» հայկական տաճարները, քան դեմ կգնան Մոսկվային: