19/10/2021

News and Analitics

Ինչ սպասել այսօր մոսկովյան հանդիպումներից

Հոկտեմբերի 12-ին Կրեմլում տեղի կունենա Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը: Նշվել է, որ հանդիպման օրակարգում երկկողմ հարցեր են, բնական է, որ լինելու են նաև ռեգիոնալ, անվտանգային թեմաներ:

Անկախ օրակարգի մասին տեղեկատվությունից, անկասկած է, որ առանցքային հրատապության հարցը վերաբերելու է կովկասյան իրավիճակին և հայ-ադրբեջանական թեմային, այն օրակարգին, որ եռակողմ ձևաչափով փորձում է առաջ մղել Ռուսաստանը: Այստեղ, իհարկե ի հայտ են եկել նոր իրողություններ: Մասնավորապես, այն լարվածությունը, որ հանկարծ բռնկվեց Իրան-Ադրբեջան հարաբերությունում և առաջ բերեց Իրանի զորախաղեր ու կոշտ ազդակներ, այդ առումով Իրանի արտգործնախարարը այցելեց Մոսկվա և Լավրովի հետ հանդիպումից հետո ՌԴ արտգործնախարարը խոսեց «3+3» ձևաչափի մասին, որի վերաբերյալ հրապարակային հայտարարություններ չկային կարծես թե շատ վաղուց:

Վրաստանն է կարծես թե որոշակի «մաքոքային» գործընթաց ծավալում Հայաստանի ու Ադրբեջանի միջև: Սակայն, առանցքայինն անշուշտ այն է թերևս, որ նկատվում է շարժ Մինսկի խմբի համանախագահության գործընթացում: Նյու Յորքում տեղի ունեցան հայտնի հանդիպումները, որից հետո ՌԴ արտգործնախարար Լավրովը հայտարարեց, որ համաձայնեցվել են ռեգիոնալ այցի հետ կապված հարցեր, այդ թվում Ստեփանակերտ: Դրան ի պատասխան, Իլհամ Ալիևը հայտարարեց Նիկոլ Փաշինյանի հետ համանախագահության հովանու ներքո հանդիպելու համաձայնության մասին: Այստեղ ինչ-որ բան շարժվել է տեղից ակնհայտորեն, սակայն պարզ չէ, թե հատկապես ինչ, ու նաև պարզ չէ, թե այդ շարժի համատեքստում ո՞վ է զբաղված բլեֆով և ում միջև է առկա իրական համաձայնություն:

Մի բան է հստակ, որ Մինսկի խմբի ձևաչափում չի ծավալվի ոչ մի էական բան, եթե չկա համաձայնություն ԱՄՆ-Ռուսաստան մակարդակում: Այստեղ կարևոր է նաև Թուրքիայի գործոնը, սակայն առանցքայինը անշուշտ Վաշինգտոն-Մոսկվա տիրույթն է: Ինչպիսին է վիճակն այստեղ: Պատկերը հարաբերական է: Այն, որ Լավրովի մակարդակով ազդարարվում է համանախագահների ռեգիոնալ այցի, ընդհուպ Ստեփանակերտ այցելության հնարավորության մասին, խոսում է ամերիկա-ռուսական որոշակի համակարգված դիրքավորման մասին: Բայց, որքանով է դա խորքային և ինչ ժամկետային բնույթ կարող է ունենալ, կարծես թե դեռևս անորոշ է:

Չի բացառվում, որ այստեղ կարող է պարզություն մտնել Նիկոլ Փաշինյանի Մոսկվա այցին զուգահեռ ՌԴ մայրաքաղաք մեկ այլ այցի մասին, որ հոկտեմբերի 11-13-ը կատարում է ԱՄՆ դիվանագիտության ներկայիս փաստացի երկրորդ դեմք, պետքարտուղար Բլինքենի տեղակալ Վիկտորիա Նուլանդը: Ընդ որում այն, որ Նուլանդի այցը ունի առարկայական, գուցե որոշակի վճռական նշանակություն, վկայում է թերևս այցի կազմակերպման «ընթացքը»:

Բանն այն է, որ ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Նուլանդը այսպես ասած Ռուսաստանի «հակաամերիկյան պատասխան պատժամիջոցների» տակ է: Նուլանդի այցը հնարավոր է դարձել այն բանից հետո, երբ ԱՄՆ-ը չեղարկել է ՌԴ պաշտոնյաներից մեկի հանդեպ պատժամիջոցը՝ ԱՄՆ այցելելու հետ կապված, ինչին ի պատասխան էլ ՌԴ-ն չեղարկել է Նուլանդի հանդեպ պատժամիջոցը և նա կարողացել է այցելել Մոսկվա: Ի դեպ, թե ռուսաստանցի ո՞ր պաշտոնյայի մասով է ԱՄՆ-ը չեղարկել Վաշինգտոն այցի պատժամիջոցը, գոնե առայժմ պահվում է գաղտնի: Եվ, ընդ որում կարող է այս դեպքում առաջանալ հարց՝ արդյո՞ք չի եղել ոչ մի չեղարկում, պարզապես այդ մասին տեղեկատվությունը տրվել է Նուլանդին մուտքի հնարավորություն տալու գործում ՌԴ-ին այսպես ասած անհարմար դրության մեջ չթողնելու համար: Համենայնդեպս հետաքրքիր է, թե արդյո՞ք ի վերջո պաշտոնապես հայտնի կդառնա, թե ռուսաստանցի բարձրաստիճաններից ում հանդեպ է ԱՄՆ-ը չեղարկել մուտքի արգելքը: Բոլոր դեպքերում, Նուլանդը սկսում է այցը Մոսկվա, որը փաստորեն տեղի է ունենում Հայաստանի վարչապետի այցին և Պուտինի հետ հանդիպմանը զուգահեռ:

Նախատեսված է արդյոք Նուլանդ-Պուտին հանդիպում, պարզ չէ, սակայն անկասկած է, որ նրա այցը խոսում է ՌԴ-ԱՄՆ ամենաբարձր մակարդակի քննարկումների մասին, որոնց արդյունքից էլ հնարավոր է պայմանավորված նաև Բայդեն-Պուտին երկրորդ հանդիպումը, որի՝ հոկտեմբերին տեղի ունենալու հավանականության մասին ոչ պաշտոնական տեղեկություններ տարածվել էին դեռևս ամռան վերջին: Իհարկե մտածել, թե կա ուղիղ կապ Հայաստանի վարչապետի և ԱՄՆ պետքարտուղարի տեղակալի համաժամանակյա մոսկովյան այցերի միջև, կլինի թերևս ոչ այնքան իրատեսական: Սակայն կասկածից վեր է, որ Նուլանդի այցի աշխատանքային մթնոլորտը կթողնի իր ազդեցությունը նաև Հայաստանի վարչապետի և ՌԴ նախագահի հանդիպման բովանդակության վրա: Ինչպիսին կլինի այդ ազդեցությունը, Հայաստանի համար հնարավորություն, թե ռիսկեր առաջացնող, ասելն իհարկե չափազանց բարդ է:

Ի դեպ, ուշադրության է արժանի երևի թե նաև այն, որ երկու այցերին զուգահեռ, կա նաև նույն ժամանակահատվածում «հոգևոր» ձևաչափի հանդիպում Մոսկվայում՝ Ռուսաստանի Պատրիարքի, Ամենայն Հայոց Կաթողիկոսի և Կովկասի մահմեդականների առաջնորդի մասնակցությամբ: