19/10/2021

News and Analitics

Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը մնում է չլուծված. Նիկոլ Փաշինյանը՝ Վլադիմիր Պուտինին

Ռուսաստանի Դաշնություն կատարած աշխատանքային այցի շրջանակում վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կրեմլում առանձնազրույց է ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:

Ողջունելով վարչապետին ՌԴ նախագահը նշել է. «Հարգելի Նիկոլ Վովայի, շատ ուրախ եմ Ձեզ տեսնել, շնորհակալություն, որ ընդունեցիք հրավերը: Մենք Ձեզ հետ հեռախոսով մշտական կապի մեջ ենք, բայց իհարկե, հանդիպումները մշտապես արդյունավետ են անհրաժեշտ արդյունքի հասնելու համար: Հույս ունեմ, որ այդպես կլինի նաև այս անգամ, կխոսենք և ֆորմալ, և ոչ ֆորմալ մթնոլորտում: Կճաշենք միասին և կքննարկենք ընթացիկ գործերը, կխոսենք հեռանկարների մասին:

Շուտով ԱՊՀ գագաթաժողովն է, կցանկանայի Ձեզ հետ «ճշգրտել ժամերը» այս ուղղությամբ և նաև մեր փոխգործակցության մյուս հարցերի, այդ թվում` այսօրվա դրությամբ և երկարաժամկետ հեռանկարում տարածաշրջանում կարգավորման հարցով: Շատ ուրախ եմ Ձեզ տեսնել, բարի գալուստ»:

Իր հերթին վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել է. «Հարգելի Վլադիմիր Վլադիմիրի, շատ ուրախ եմ տեսնել Ձեզ, սա այս տարի մեր չորրորդ հանդիպումն է: Առաջին հերթին ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Ձեզ` Մոսկվա այցելելու հրավերի համար: Նման հաճախակի հանդիպումները, կարծում եմ, վկայում են մեր հարաբերությունների բարձր դինամիկայի, փոխըմբռնման, մեր ռազմավարական, դաշնակցային հարաբերությունների կարևորության մասին:

Իհարկե, այժմ մեր տարածարջանում, նաև աշխարհում տեղի են ունենում դինամիկ գործընթացներ և շատ կարևոր է, որպեսզի դաշնակիցները հաճախ հանդիպեն, խոսեն, ինչպես Դուք ասացիք, «ճշգրտեն ժամերը»: Ցավոք մեր տարածաշրջանի հետ կապված դեռևս չի կարելի խոսել իրավիճակի լիարժեք կայունացման մասին։ Ինչպես Դուք եք նկատել, Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը մնում է չլուծված և հասկանալի է, որ հակամարտության լուծման ու մեր տարածաշրջանում անվտանգության ապահովման գործում Ռուսաստանն ունի առանցքային դերակատարություն` հանդիսանալով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկիր: Այս բոլոր հարցերը շատ կարևոր են, առանցքային, և ես շատ ուրախ եմ քննարկել Ձեզ հետ բոլոր օրակարգային հարցերը»:

Կողմերը քննարկել են 2020 թվականի նոյեմբերի 9-ի և 2021 թվականի հունվարի 11-ի եռակողմ հայտարարությունների կատարման ընթացքին, տարածաշրջանում կայունության ամրապնդման, տնտեսական կապերի վերականգնման հետագա քայլերին ու տեղի ունեցող զարգացումներին վերաբերող հարցեր։

Նիկոլ Փաշինյանն ու Վլադիմիր Պուտինն անդրադարձել են նաև հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների օրակարգային, ինչպես նաև ինտեգրացիոն միավորումներում հետագա փոխգործակցությանը վերաբերող հարցերի: