19/10/2021

News and Analitics

Վրաստանի վարչապետի հետ հանդիպումից հետո Պուտինի հետ ինչ է քննարկվելու

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին անդրադարձել է ռեգիոնալ գործակցության Վրաստանի առաջարկ-նախաձեռնությանը՝ հայ-ադրբեջանական միջնորդության «հայտի» համատեքստում, նշելով, որ Վրաստանը կշարունակի իր ջանքը այդ ուղղությամբ:

Վրաստանի վարչապետը թեմային անդրադարձել է Երևան այցից հետո, որը իր գնահատմամբ եղել է հաջողված: Թե ինչ կոնկրետ քննարկումներ են եղել Երևանում Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը, առ այսօր պարզ չէ, սակայն վրացական նախաձեռնությունը թերևս այնքան պարզ չէ, որքան կարող է թվալ առաջին հայացքից:

Իրակլի Ղարիբաշվիլին Հայաստան այցելեց հոկտեմբերի 9-ին և Նիկոլ Փաշինյանի հետ նրա հանդիպումն ու քննարկումը փաստորեն տեղի ունեցավ Փաշինյանի Մոսկվա այցից կարճ ժամանակ առաջ: Դա թույլ է տալիս ենթադրել, որ հայ-ադրբեջանական միջնորդությամբ հանդերձ, Վրաստանը Հայաստանն էլ դիտարկում է Ռուսաստանի հետ կապված որևէ հարցում, եթե ոչ միջնորդական, ապա գոնե հաղորդակցային ձևաչափ:
Ընդ որում, չի բացառվում, որ Ադրբեջանն էլ այդ իմաստով դիտվում է Թուրքիայի հետ կոմունիկացիա: Համենայնդեպս, հազիվ թե Հայաստանի վարչապետ Փաշինյանը Մոսկվա ՌԴ նախագահ Պուտինի հետ բանակցության մեկնելուց առաջ Վրաստանի վարչապետի հետ քննարկի թեմատիկա, որը Ռուսաստանը կարող է ընկալել իբրև սպառնալիք կամ մարտահրավեր: Այդ հանգամանքը անկասկած առաջացնելու է ավելորդ լարվածություն և նյարդայնություն Կրեմլում, բարդացնելով անկասկած առանց այդ էլ բարդ միջավայրում տեղի ունեցող Փաշինյան-Պուտին հանդիպումը: Այլ կերպ ասած, հազիվ թե Հայաստանի վարչապետը ՌԴ նախագահի հետ հանդիպումից առաջ «առիթ տար» Պուտինին:

Հետևաբար, առավել հավանական կարող է թվալ այն, որ Վրաստանի վարչապետի երևանյան այցը նախորդելով Հայաստանի վարչապետի մոսկովյան այցին, դրա հետ գտնվում է որևէ ուղղակի, թե անուղղակի կոմունիկացիայի մեջ: Դա էլ կնշանակի, որ Վրաստանի «միջնորդական» նախաձեռնությունն իր կառուցվածքով և տրամաբանությամբ շատ ավելի բազմաշերտ ու բարդ է, քան առաջին հայացքից թվացող ռեգիոնալ երեքի ձևաչափը: