19/10/2021

News and Analitics

Գյումրիում Բալասանյան դաշինքը՝ բացակա, հետաքրքիր զրույցներ, մյուսները ․․․

Երեկ Գյումրիում էինք, որտեղ հոկտեմբերի 17-ին համայնքապետի — ավագանու ընտրություններ են՝ համամասնական ընտրակարգով։ Մի քանի տեսազրույցներ ունեցանք առաջադրված դաշինքների ու մեկ կուսակցության ցուցակներն առաջնորդողների հետ, որոնք կարող եք դիտել ու կարդալ մեր կայքի Ընտրություններ և Տեսանյութեր խորագրերում։

Ում կամ՝ որոնց հետ չհանդիպեցինք և ինչու։

Ամենահետաքրքիրը Բալասանյան դաշինքի թեկնածուներից որևէ մեկի հետ չհանդիպելու ոդիսականն էր։ Մինչ Գյումրի մեկնելը ֆեյսբուքյան նամակով տեղեկացրեցին, որ դաշինքի համամասնական ընտրացուցակը գլխավորող Վարդգես Սամսոնյանը բուժվում է Էրեբունի ԲԿ-ում, և խնդրել էին կապվել շտաբի պետ Արման Շաբոյանի հետ։ Կապվեցինք, պարզվեց, նա էլ է Երևանում՝ ԿԸՀ-ում հաշվետվություն հանձնելու, սակայն ուղղորդեց հանդիպել ցուցակի հաջորդող համարներում ներկայացված թեկնածուների հետ, որոնց հեռախոսահամարներն ունեինք։

Բալասանյան դաշինքի համամասնական ընտրացուցակի երկորդ տեղը զբաղեցնող Հայկ Սուլթանյանը մեզ հետ հեռախոսազրույցում հայտնեց, որ ճիշտ է ինքը թիվ 2-ն է ցուցակում, բայց արձակուրդ չի գնացել քաղաքապետարանի իր պաշտոնից, իսկ ընտրություններն իրեն բացարձակ չեն հետաքրքրում, ինքը հարցազրույց չի տա։ Երրորդ հորիզոնականը զբաղեցնող Լուսինե Սանոյանը կես ժամ ժամանակ խնդրեց, որ հստակեցնի, որտեղ ենք հանդիպելու, ճշտեց ինչի համար ենք հանդիպելու և ինչի մասին ենք խոսելու, ստացավ նախընտրական երկուստեք պատասխանն ու ․․․ կես ժամ անց նորից մենք ստիպված եղանք զանգահարելու և պարզելու, որ հենց նոր դժբախտություն է պատահել իրեն /?/։ Չորրորդ հորիզոնականում ընդգրկված Մխիթար Սահակյանն այնքան զարմացավ մեր հարցազրույցի առաջարկից, որ մենք էլ զարմացանք, թե նա թեկնածու է, բայց առավել հետաքրքիր էր նրա պատասխանը մեր հեռախոսազրույցի առաջարկին․ Այ ցավդ տանեմ, ինչ ընտրություններ, ուտել — խմելու հարց լինի, ասա ․․․ Ի վերջո, շտաբի պետ Արման Շաբոյանի հետ հստակեցրեցինք, որ որևէ թեկնածու չկա, ով կարող է խոսել, համաձայնեց՝ լավ։

Ըստ Գյումրիում շրջանառվող ասեկոսեների, մինչև այսօր Գյումրիի քաղաքապետի պաշտոնը զբաղեցնող Սամվել Բալասանյանը չի ցանկացել գլխավորել իր ազգանվամբ կազմված համամասնական ընտրացուցակը, որովհետև ճիշտ է ցուցակը հիմնականում առաջնորդում են համայնքապետարանի իր աշխատակիցները, բայց շանսերը ավագանի դառնալու, առավելապես՝ համայնքապետ դառնալու, շատ չնչին է։ Իսկ այսօր Սամվել Բալասանյանն անգամ ներկա չի եղել Գյումրու քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատարի ներկայացմանն, ասել է, թե պաշտոնի ներկայացուցչական հանձնմանը։

Արժանապատիվ ուղի նորաստեղծ կուսակցության համամասնական ընտրացուցակը ղեկավարող, նախկին ՕԵԿ-ական ու ԱԺ պատգամավոր Հովհաննես Մարգարյանը Երևանում էր, գնացել էր ԿԸՀ հաշվետվություն հանձնելու ու երեկ չէր վերադառնալու Գյումրի։

Երևան էր գնացել նաև Գյումրին կռնա դաշինքի առաջնորդ Վարդան Սրտաշյանը, ինչի մասին նա նախորդ օրն էր տեղեկացրել, ու ցավոք, չկայացավ մեր հանդիպումն այդպես էլ, թեև պայմանավորվել էինք վերադառնանք ու հանդիպենք մայրաքաղաքում։

Ապրելու երկիր կուսակցության համամասնական ընտրացուցակը գլխավորող Կարեն Մալխասյանն ընդունեց ֆեյսբուքյան ընկերությունը, սակայն հարցազրույցի առաջարկն ու դրա համար հեռախոսահամարն ունենալու առաջարկն անարձագանք թողեց։ Այս թեկնածուն թեև հեռուստագովազդում խոսում է իր հեռախոսահամարը բուկլետների վրա գյումրեցիներին տրամադրելու մասին, սակայն նրա բուկլետի որևէ օրինակ չգտանք Գյումրիում, ինքն էլ մեսսինջերով նամակը թողեց անպատասխան։

Քաղաքացիական պայմանագիր իշխանական կուսակցության համամասնական ընտրացուցակը գլխավորող, Շիրակի գործող մարզպետ Հովհաննես Հարությունյանի հետ կապվելու խնդրով տեղում դիմեցինք մարզպետարանի մամուլի խոսնակ Արաքսյա Կիրակոսյանին, ով հայնեց, թե մարզպետն արձակուրդում է, սակայն կփորձի նրա նախընտրական շտաբից համապատասխան պատասխանատուի հեռախոսահամարը ճշտել և ետ զանգահարել, սակայն մնացինք զանգին սպասող։

Կոմունիստական և Զարթոնք կուսակցությունների ցուցակները գլխավորողներին էլ չփնտրեցինք ․․․

Հ․Գ․ Մենք նաև հարցումներ ենք անցկացրել Գյումրի քաղաքում, չափահաս քաղաքացիների շրջանում, թե ում են ընտրելու հոկտեմբերի 17-ին, զրուցել շարքային գյումրեցիների հետ, ինչի մասին՝ հաջորդիվ, բնականաբար՝ նախընտրական ժամանակահատվածում։