19/10/2021

News and Analitics

Առուշ Առուշանյանն ազատ չի արձակվի

Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանն ազատ չի արձակվի։ Վերաքննիչ քրեական դատարանը՝ դատավոր Մհեր Արղամանյանի նախագահությամբ մերժել է Առուշանյանի կալանավորումն անփոփոխ թողնելու և նրան գրավի դիմաց ազատ արձակելու միջնորդությունը՝ մերժելու մասին առաջին ատյանի դատարանի որոշման դեմ բողոքը։

Նշենք, որ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Գնել Գասպարյանի նախագահությամբ, սեպտեմբերի 10-ին մերժել էր Առուշ Առուշանյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը գրավով փոխարինելու մասին միջնորդությունը։

Դատական այսօրվա նիստին չի ներկայացել մեղադրող դատախազ Մուրադյանը՝ տեղեկացնելով, որ մասնակցում է վերապատրաստումների, սակայն չի առարկում, որ պաշտպանն այսօր կայացած դատական նիստին ներկայացնի իր բողոքը։ Դատական նիստին չի ներկայացվել նաև Առուշ Առուշանյանը։

Հիշեցնենք, որ Գորիսի համայնքապետին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 35-154.2-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով, 38-149-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով և 38-154.2-րդ հոդվածի 3-րդ մասով (քվեարկության գաղտնիությունը խախտելը, ընտրական իրավունքի իրականացմանը խոչընդոտելը)։

Նշենք նաև, որ ԱԺ արտահերթ ընտրություններից հետո Սյունիքի 5 համայնքապետերից 4-ի նկատմամբ հարուցվել է քրեական գործ: