19/10/2021

News and Analitics

Դավութօղլուն խոսել է Էրդողանի բանակցային պարտության մասին

Թուրքիայի նախկին արտգործնախարար, ապա վարչապետ, «Ապագա» կուսակցության ներկայիս ղեկավար Ահմեդ Դավութօղլուն հարցազրույց է տվել թուրքական Halk TV հեռուստաալիքին։

Ըստ հարցազրույցում նրա առաջ քաշած թեզի՝ Սիրիայում առկա խնդիրները վկայում են Ռուսաստանի նախագահ Պուտինի հետ ունեցած բանակցություններում Թուրքիայի նախագահ Էրդողանի պարտության մասին։

«Եթե Սիրիայում գործերը լավ չեն գնում, եթե Սիրիայում խնդիր կա, նշանակում է, որ մեծարգո նախագահ Էրդողանն այն սեղանին, որի շուրջ Սոչիում նստել է Պուտինի հետ, ինչ-որ բաներ տանուլ է տվել։ Սիրիայի ռեժիմը, առանց Պուտինի կանաչ լույսի տեղից չէր շարժվի»,-ընդգծել է Ահմեդ Դավութօղլուն։

Նա անդրադարձել է նաև Թուրքիայի ներքաղաքական խնդիրներին։ Նշել է, որ Թայիփ Էրդողանը, պարբերաբար խոսելով սեպտեմբերի 28-ի հեղաշրջման մասին, ցանկանում է ծածկել իր կոռումպացվածությունը և վախ է տարածում հանրության շրջանում՝ «ինձանից հետո թեկուզ ջրհեղեղ» սկզբունքով։

Թուրքիայի նախագահի խոսնակ Իբրայիմ Քալընը ներկայացրել է այն հարցերի շրջանակը, որոնք հնարավոր է քննարկվեն G-20-ի գագաթնաժողովի շրջանակներում կայանալիք Էրդողան-Բայդեն հանդիպման ընթացքում:

Ըստ Քալընի՝ ԱՄՆ-Թուրքիա  հարաբերությունները լայն շրջանակ են ընդգրկում՝ ներառելով երկկողմ քաղաքական և տնտեսական հարաբերությունները, էներգետիկ, անվտանգային, ահաբեկչության դեմ պայքարի, առևտրային, պաշտպանական արդյունաբերության ոլորտները, ինչպես նաև տարածաշրջանային և միջազգային այնպիսի հարցեր, ինչպիսիք են Աֆղանստանի, Սիրիայի, Իրաքի, Ղարաբաղի, Կովկասի, Լիբիայի, Արևելյան Միջերկրականի խնդիրները:

Քալընը հայտնել է, որ այս բոլոր հարցերը լինելու են երկու երկրների ղեկավարների հանդիպման օրակարգում:

«Մեր ցանկությունն այն է, որ երկու ռազմավարական գործընկեր և դաշնակից երկրներն այս բնորոշումներին համապատասխանող մոտեցմամբ և դրական օրակարգով խնդիրները քննարկեն, այն հարցերում, որտեղ հնարավոր է համաձայնության գալ, առաջ շարժվեն, իսկ այն հարցերը, որոնց շուրջ չեն կարողանում համաձայնության գալ՝ լուծեն բանակցությունների և երկխոսության միջոցով»,-եզրափակել է Էրդողանի խոսնակը: