19/10/2021

News and Analitics

Խաղաղապահն ինչո՞ւ պետք է կանչվի պատասխանատվության, եթե ադրբեջանական կողմից սադրանք է լինում

Հոկտեմբերի 9-ին ադրբեջանցի դիպուկահարի կրակոցից դաշտում գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնելիս զոհվել է Մարտակերտի 55-ամյա բնակիչը: Այդ պահին նրա կողքին եղել է ռուս խաղաղապահ, որը ըստ որոշ լուրերի վիրավորվել է:

Հատկանշական է, որ ռուսական խաղաղապահների կողմից այդ դեպքի առնչությամբ շատ կոշտ գնահատականներ չեն հնչում, ավելին, ռուսական կողմը հայտնում է, որ դիպուկահարը ձերբակալվել է, անգամ քրեական գործ է հարուցվել, սակայն ամբողջ խնդիրն այն է, որ քրեական գործը հարուցվել է այն հիմքով, որ դիպուկահարի գործողություններից կարող էր որևէ կերպ վտանգ սպառնար Ռուսաստանի ՊՆ զինծառայողներին:

Այս խնդրի շուրջ «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում Արցախի Ազգային ժողովի «Ազատ Հայրենիք-ՔՄԴ» խմբակցության ղեկավար Արթուր Հարությունյանը նշեց. «Արցախի ԱԳ նախարարությունը, ԱԺ նախագահը արդեն հայտարարություն տարածել են այդ դեպքի հետ կապված: Սա առաջին դեպքը չի, մենք հասկանում ենք, որ դրանց նպատակը Արցախում վախի մթնոլորտ ստեղծելն է:

Ես չեմ կարող ասել, թե ինչ հիմքով է հարուցվել քրեական գործը, ես գիտեմ, որ գործը հարուցվել է այդ դեպքի առթիվ, քանի որ այդ դիպուկահար զինծառայողի կողմից խախտվել է զինադադարի պայմանը»:

Նրա խոսքով՝ իր տեղեկություններում, ադրբեջանական կողմից ստորաբաժանման հրամանատարը աշխատանքից հեռացված է, գործ է հարուցված:

Հարցին, թե արդյոք պատասխանատվության կանչվել են նաև ռուս խաղաղապահներից որևէ մեկը, որ չեն կարողացել ապահովել արցախցիների անվտանգությունը, Արթուր Հարությունյանն ասաց. «Խաղաղապահն ինչո՞ւ պետք է կանչվի պատասխանատվության: Այսօր էլ իրենք այդ անվտանգությունն ապահովում են, բայց եթե ադրբեջանական կողմից սադրանք է լինում, չեմ կարծում, թե ռուս խաղաղապահներից որևէ մեկը մեղք ունի: Հենց միայն այն փաստը, որ ռուս խաղաղապահը հենց կողքն է եղել, որ տրակտորիստն իր աշխատանքը կատարի, այսինքն՝ ապահովի այդ աշխատանքների իրականացումը, փաստում է այն մասին, որ իրենք իրենց առաքելություևնն իրականացնում են: Ռուս խաղաղապահը որպես երաշխիք, որպես լրացուցիչ ապահովություն է այնտեղ գտնվել, որ գյուղատնտեսական աշխատանքներն իրականացվեն»:

Արցախի ԱԺ պատգամավորի խոսքով՝ այս պահի դրությամբ այդ հատվածում գյուղատնտեսական աշխատանքները անվտանգության կանոններից ելնելով ժամանակավորապես դադարեցվել են, բայց այնպես չէ, որ այդ աշխատանքները չեն իրականացվում ընդհանրապես. «Բոլոր տեղերում իրականացվում են, այդ հատվածում միայն դադարեցվել է, որ նույն միջադեպը նորցի տեղի չունենա»,-ասաց նա: