19/10/2021

News and Analitics

Կարմիր Խաչը տեղեկություններ ունի թե քաղաքացիական եւ թե զինվորականների հնարավոր գերեվարվելու մասին, սակայն Ադրբեջանը չի հաստատում

Կամիր խաչը կին ռազմագերու հետ կապված տեղեկություն ունի, սակայն ադրբեջանական կողմը չի հաստատում այդ տեղեկությունը: ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի այս հայտարարությունից հետո «Կարմիր խաչի» միջազգային կոմիտեի հայաստանյան գրասենյակի հաղորդակցության ծրագրերի պատասխանատու Զառա Ամատունը հայտնեց, որ կոնկրետ անձերի մասին չի կարող խոսել, սակայն հաստատեց, որ կան անձինք՝ թե քաղաքացիական, թե զինվորականներ, որոնց հնարավոր գերեվարված լինելու մասին տեղեկություններ ունեն, սակայն դրանք չեն հաստատել Բաքվից։

«Ես չեմ կարող մեկնաբանել որևէ իշխանությունների խոսքեր՝ կապված մեր գործունեության հետ։ Ինչ վերաբերում է կոնկրետ մարդկանց հարցերին՝ բնականաբար կան անձինք, որոնց մասին տեղեկությունները հաստատված չեն Ադրբեջանի իշխանությունների կողմից։ Ինչ-որ պահի դրությամբ այդ անձանց հետ կապված կան որոշակի տեղեկություններ՝ նրանց հնարավոր առևանգման կամ գերեվարման փաստերի մասին։ Այդ տեղեկությունների հետքերով մենք գնացել ենք, սակայն չենք ունեցել որոշակի թվով անձանց ճակատագրի առումով պարզաբանումներ»։

Ամատունին հայտնեց, որ այն անձանց մասին, որոնք ինչ -որ պահի հնարավոր է առևանգված են եղել կամ գերեվարված, շարունակում են հարցումներ ուղարկել մյուս կողմին՝ հուսալով, որ պարզաբանումներ կունենան։ Հարցումներն անում են՝ հիմնվելով տվյալ անձանց ընտանիքի անդամների տեղեկությունների վրա՝չնայած աշխատում են կողմերի պատկան մարմինների հետ։

«Կարմիր խաչի» միջազգային կոմիտեի հայաստանյան գրասենյակի հաղորդակցության ծրագրերի պատասխանատուն նշեց, որ բովանդակային մասով մանրամասն տեղեկություններ չի կարող հայտնել, թե ե՞րբ և ինչպե՞ս են անձանց մասին տեղեկություններ ստացել, սակայն հավաստիացրեց, որ իրենց գործունեության շրջանակներում հարազատների հետ կապի մեջ են։

Հարցին, արդյոք կա՞ն տեղեկություններ, թե անձինք, որոնց ճակատագիրն այսօր անհայտ է ՝ քաղաքացիակա՞ն են, թե զինվորական, նշեց, որ կան տարբեր կարգավիճակի անձինք։

Ամատունին հավելեց, շարունակում են որոշակի թվով անձանց հանդիպել, որոնց մասին հաստատում եղել է Ադրբեջանի իշխանությունների կողմից և որոնք պահվում են Բաքվում։ Նրանց անկախ կարգավիճակից պարբերաբար կերպով տեսակցում են։ Վերջին անգամ հաստատված գերիներին Բաքվում հանդիպել են սեպտեմբերին։