19/10/2021

News and Analitics

Կրեմլի հրահանգը ԱՊՀ երկրների հատուկ ծառայություններին

ՌԴ նախագահ Պուտինը տեսակոնֆերանսի ռեժիմում հանդիպել է ԱՊՀ երկրների հատուկ ծառայությունների ղեկավարներին։ Հանդիպմանը մասնակցել են Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղըզստանի, Տաջիկստանի, Թուրքմենստանի, Ուզբեկստանի եւ Բաքվի պատվիրակությունների ղեկավարները, որոնք Մոսկվայում մասնակցել են ԱՊՀ երկրների հատուկ ծառայությունների խորհրդի նիստին, հայտնում են ՌԴ Արտաքին հետախուզության ծառայությունից (ԱՀԾ)։

Հաղորդագրության համաձայն, նիստում քննարկվել են «մեր երկրների վրա կոլեկտիվ Արեւմուտքի ապակառուցողական ազդեցության համատեքստում հատուկ ծառայությունների փոխգործակցության հրատապ հարցեր»։

Հատուկ ծառայությունների ղեկավարները հանգել են միասնական եզրակացության, որ Արեւմուտքի քաղաքականությունն ուղղված է ԱՊՀ երկրներում ներքաղաքական ապակայունացմանը եւ կրում է նպատակասլաց բնույթ։ Իսկ դրան ներգրավված ոչ կառավարական կազմակերպությունների համակարգողներն Արեւմտյան հատուկ ծառայություններն են։ Այս կապակցությամբ նիստի մասնակիցները պայմանավորվել են ակտիվացնել համատեղ ջանքերը այդ գործընթացներին դիմակայելու համար, ասվում է ՌԴ ԱՀԾ հաղորդագրության մեջ։

Պետք է ենթադրել, որ Լեռնային Ղարաբաղի խնդրի չկարգավորվածության, Արցախի կարգավիճակի, Հայաստանի ամբողջականության եւ եռակողմ հայտարարությունը չճանաչելու վերաբերյալ «կոլեկտիվ Արեւմուտքի» պնդումները համարվելու են եռակողմ հայտարարության կողմերի ներքին իրավիճակն ապակայունացնելու փորձեր։ Ժամանակին ՌԴ ԱՀԾ-ն ու դրա՝ բաքվեցի միլիարդատիրոջ մտերմությունը վայելող ղեկավարն օրինակ շատ արագ փակեց Արցախի օկուպացված տարածքներում Սիրիայից պրոթուրքական ահաբեկչական խմբերի ներկայության թեման։