19/10/2021

News and Analitics

Պետական դավաճանության մեջ մեղադրվող Մայիս Սահակյանի և Ստելլա Սարգսյանի գործով նիստը

Այսօր՝ հոկտեմբերի 13-ին, Երևանի ընդհանուր իրավասության դատարանում կայացավ պետական դավաճանության մեջ մեղադրվող Մայիս Սահակյանի և նրա կնոջ՝ Ստելլա Սարգսյանի գործով դատական հերթական նիստը։

Մայիս Սահակյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը, իսկ Ստելլա Սարգսյանի նկատմամբ՝ ստորագրություն չհեռանալու մասին։

Այսօր դատական նիստին չէր ներկայացել Մայիս Սահակյանի պաշտպան Էդուարդ Աղաջանյանը։ Նա դիմում էր ներկայացրել դատարան՝ տեղեկացնելով, որ Փաստաբանական պալատում մասնակցում է պարտադիր վերապատրաստման դասընթացներին, և խնդրել էր հետաձգել նիստը։

Մայիս Սահակյանի կնոջ փաստաբան Տաթևիկ Հակոբյանը դատարանում հայտարարեց, որ ցանկանում է ստանձնել Մայիս Սահակյանի պաշտպանությունը։ Դատավորն էլ ի պատասխան նշեց, որ Մայիս Սահակյանն իր պաշտպանի ներկայությամբ իրավունք ունի համաձայնություն հայտնելու։

Դատական գործի քննությունը հետաձգվեց հոկտեմբերի 20-ին ժամը 13։00-ին։

Հիշեցնենք, որ Մայիս Սահակյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա կնոջ՝ Ստելլա Սարգսյանի օժանդակությամբ, լրտեսության, ռազմական բնագավառում պետական և ծառայողական գաղտնիքի շարքին դասվող տեղեկություններ հավաքելու ու հանձնելու, ինչպես նաև թշնամական գործունեություն իրականացնելու համար օտարերկրյա կազմակերպության ներկայացուցչին այլ օգնություն ցույց տալու եղանակով կատարել է պետական դավաճանություն՝ ի վնաս Հայաստանի Հանրապետության տարածքային անձեռնմխելիության և արտաքին անվտանգության:

Ստելլա Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա ամուսնու՝ Մայիս Սահակյանի կողմից, լրտեսության, ռազմական բնագավառում պետական և ծառայողական գաղտնիքի շարքին դասվող տեղեկություններ հավաքելու ու հանձնելու, ինչպես նաև թշնամական գործունեություն իրականացնելու համար օտարերկրյա կազմակերպության ներկայացուցչին այլ օգնություն ցույց տալու եղանակով պետական դավաճանություն կատարելուն օժանդակելու դիտավորությամբ, տրամադրել է անհրաժեշտ միջոցներ, ինչպես նաև վերացրել է այդ կապակցությամբ առկա խոչընդոտները: