18/10/2021

News and Analitics

Աբխազիայի եւ Հարավային Օսիայի հետ սահմանազատում անցկացնելու կոչով Ռուսաստանը հասկացնում է, որ չի զիջելու այդ հարցում

ՌԴ ԱԳ նախարարությունը Ժնեւում հանդիպումից հետո Վրաստանին կոչ է արել չհարձակման պայմանագիր կնքել Աբխազիայի ու Հարավային Օսիայի հետ, ինչպես նաեւ սկսել սահմանազատման գործընթաց նրանց հետ։ Վրաստանի վարչապետն իր հերթին պատրաստակամություն է հայտնել սահմանազատում անցկացնել Ռուսաստանի հետ՝ միայն միասնական Վրաստանի պայմանով։

Ռուսաստանը փորձում է Վրաստանին ներգրավել 3+3 ձեւաչափում, որի դիմաց Վրաստանին խոստանում են, որ նրա տրանզիտային շահերը չեն ոտնահարվի։ Նման կերպ, Ռուսաստանն Իրանին էր խոստումներ տալիս։ Իրանը չի հավատացել այդ խոստումներին, վերջին շրջանում կոշտացնելով իր դիրքորոշումը շրջանում սահմանների փոփոխության հնարավորության հարցում, նկատի ունենալով Արցախի հարավի օկուպացիան եւ Սյունիքի մարզում միջանցքը։ Լավրովը չէր պատասխանել Իրանի ԱԳ նախարարի հարցին՝ Ռուսաստանը կո՞ղմ է սահմանների փոփոխությանը, թե ոչ։

Կոմունիկացիոն խնդիրները տվյալ պարագայում գլխավորը չեն։ Աբխազիայի եւ Հարավային Օսիայի հետ սահմանազատում անցկացնելու կոչով Ռուսաստանը հասկացնում է, որ չի զիջելու այդ հարցում։ Մնում է Վրաստանին շահագրգռել ռուս-թուրքական ծրագրերի իրագործման օբյեկտով՝ Հայաստանով, օրինակ՝ ՀՀ հյուսիսային շրջաններում նախատեսվող «միջանցքներով»։

Մոսկվան Վրաստանին առաջարկում է ճանաչել Աբխազիան ու Հարավային Օսիան։ Նման առաջարկ օրինակ երբեք չի արվել Բաքվին՝ Արցախի հարցում։ Այս իրադարձությունները եւս մեկ վկայություն են, որ Մոսկվան է Արցախի օկուպացիայի ու հայաթափման ծրագրի հեղինակը։ Տեր-Պետրոսյանից մինչեւ Փաշինյան՝ Արցախի չճանաչման «ողջախոհությունը» Ռուսաստանի ոճրի հիմքն են։