18/10/2021

News and Analitics

Բաքուն Հայաստանի պահանջով «ռազմավարի պուրակից» հեռացրել է մանեկեններն ու սաղավարտները

Հայաստանի պահանջով Բաքվի «ռազմավարի պուրակից» արդեն հեռացվել են բոլոր մանեկեններն ու սաղավարտները:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այդ մասին Առաջին ալիքի «Լուրեր» լրատվական ծրագիրը երեկոյան թողարկման եթերում ասել է Հաագայի դատարանում Հայաստանի կառավարության ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը:

«Ադրբեջանական կողմը հավաստում է ներկայացրել, որ այդ «ռազմավարի պուրակից» հանվել են մանեկենները, սաղավարտները: Դա կարևորագույն հանգամանք է շեշտելու համար, որովհետև փաստացի դա կատարվել է Հայաստանի կողմից հայցը ներկայացնելուց հետո ընկած ժամանակահատվածում», ասել է Արդարադատության միջազգային դատարանում ՀՀ շահերի ներկայացուցիչը: Հայկական կողմը, սակայն, պահանջում է պուրակը փակել ամբողջությամբ:

Հաագայի միջազգային դատարանն այսօր՝ հոկտեմբերի 14-ին, սկսել է «Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի» գործի լսումները:

Երևանը սեպտեմբերի 16-ին էր ներկայացրել հայցը Ադրբեջանի կողմից Ռասսայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին միջազգային կոնվենցիայի հիմքով: Հայաստանը Արդարադատության միջազգային դատարանին խնդրել է քննել հրատապ միջոց կիրառելու միջնորդությունը: Ներկայացված պահանջներից է նաև Բաքվում պահվող հայ ռազմագերիների վերադարձը, հոգևոր, կրոնական, մշակութային ժառանգության ոչնչացման դադարեցումը: Լսումները կշարունակվեն նաև վաղը՝ հոկտեմբերի 15-ին: