18/10/2021

News and Analitics

Հաագայի դատարանում Հայաստանի հայցը ըստ էության քննություն է միջազգային իրավա-քաղաքական համակարգի նկարագրի համար

Հաագայի միջազգային դատարանում քննվում է Ադրբեջանի դեմ Հայաստանի հայցը՝ էթնիկ զտումների, պատերազմական հանցագործությունների հարցով: Մասնավորապես, դատարանը սկսել է քննել հրատապ միջոցներ ձեռնարկելու Հայաստանի դիմումը, ըստ որի Երևանը դատարանից ակնկալում է ստանալ ռազմագերիներին և քաղաքացիական անձանց Բաքվից ազատ արձակելու, ռազմավարի պուրակ կոչվածը փակելու որոշումներ:

Հայաստանի ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը Հաագայի դատարանին ներկայացրել է այն փաստերը, որոնք խոսում են Ադրբեջանի հայատյաց քաղաքականության մասին, որն իրականացվել է ընդհուպ պաշտոնական ամենաբարռձր մակարդակով, լինելով ըստ էության պետական քաղաքականություն և գագաթնակետին հասնելով Արցախի դեմ 44-օրյա պատերազմի տեսքով: Ըստ էության այդ քաղաքականությունը շարունակվում է ռազմագերիների հարցում, շարունակվում է Բաքվում բացված այսպես կոչված ռազմավարի պուրակի տեսքով:

Թվում է, որ պետական մակարդակով հայատյացության քաղաքականության հարցում փաստերը այնքան աղաղակող են, որ միջազգային դատարանը թերևս չունի հավելյալ քննության կարիք: Միայն մի փաստը՝ մարդասպանին պետության ղեկավարի մակարդակով Ազգային հերոս հռչակելու, պատվելու, ազատություն շնորհելու, այլ կերպ ասած հայասպանությունը պետականորեն խրախուսելու օրինակը բավական է հարցը փակված համարելու և Ադրբեջանի հանդեպ վճիռ կայացնելու համար: Խոսքը բնականաբար վերաբերում է Ռամիլ Սաֆարովի պատմությանը, որով Իլհամ Ալիևը 2004 թվականին ըստ էության սկսեց իր ռազմատենչ և հայատյաց քաղաքականությունը, ներքին լեգիտիմության ահռելի խնդիր ունեցող, և ժամանակի հետ այդ խննդրի խորացման անխուսափելի հավանականություն ունեցող հանգամանքը փորձելով ծածկել ադրբեջանական հանրությանը ռևանշի և ատելության զգացում ներշնչելով:

Մեծ հաշվով, ռամիլսաֆարովյան պատմությունը ոչ միայն Հայաստանի քաղաքական իշխանության, այլ նաև միջազգային հանրության արձագանքները ստուգելու համար էր, ու Ալիևը հասկացավ, որ իր քաղաքականությունը միանգամայն մարսելի է: Ու, եթե 2004-ին կամ հետագա տարիներին միջազգային հանրությունը կարող էր լինել որոշակիորեն դյուրահավատ, ապա հետագա զարգացումներն ու ի վերջո 44-օրյա պատերազմը ցույց տվեցին, որ իրականում գլխավոր խնդիրն այն չէ, որ աշխարհում կան ալիևներ, այլ այն, որ աշխարհում չկա դրանց զսպող, դրանց ձեռքը բռնող համակարգ: Եվ այդ իմաստով, Հաագայի դատարանում Հայաստանի հայցը ըստ էության քննություն է միջազգային իրավա-քաղաքական համակարգի նկարագրի համար, ստուգարք, թե արդյո՞ք միջազգային իրավա-քաղաքական այդ համակարգի համար մնացել են կարմիր գծեր, թե՞ այլևս թույլատրելի է ամեն ինչ: Պատերազմի պատասխանատվությունը այսօր Ալիևի և Էրդողանի վրա է, և Հաագայի դատարանից է կախված՝ կմնա՞ նրանց վրա, թե՞ այդ պատասխանատվությունը կստանձնի այսպես կոչված միջազգային իրավակարգը, այդպիսով ազատելով պատերազմների նորանոր հանցագործների ձեռքերը: