17/10/2021

News and Analitics

Պատասխանատուն Հայաստանի կառավարությունն է, որպեսզի ամեն մի եվրո օգտագործվի նպատակահարմար

Կորոնավիրուսային իրավիճակի պատճառով մարտին ԵՄ Արևելյան գործընկերության ծրագրում ընդգրկված 6 երկրների ղեկավարների գագաթնաժողովը հետաձգվեց մինչև  դեկտեմբեր, որտեղ քննարկվելու և հաստատվելու է Հայաստանին 2,6 մլրդ եվրոյի օգնության փաթեթը։

Հիշեցնենք, որ Եվրահանձնաժողովի ընդլայնման և հարևանության քաղաքականության հարցերով հանձնակատար Օլիվեր Վարհեին հուլիսին հայտարարեց, որ Հայաստանի համար առաջարկում են 5 առաջնահերթ հատուկ ծրագիր՝ տրանսպորտային կապակցվածություն, էներգախնայողություն, վերականգնվող էներգետիկա, թվային վերափոխում, աջակցություն փոքր և միջին ձեռնարկություններին։

«1,6 միլիարդ եվրո ենք հատկացնում այս առաջնահերթ հատուկ ծրագրերի համար և այլ աղբյուրներով մոբիլիզացնելով հավելյալ 1 մլրդ եվրո, ամբողջը միասին վերցրած կարողանում ենք 2,6 միլիարդ եվրո համախմբել Հայաստանի համար այս ծրագրով», – նշել էր Վարհեին։

Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի/ՄԱՀՀԻ/ տնօրեն Ստեփան Սաֆարյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում, անդրադառնալով 2,6 մլրդ եվրոյի օգնության փաթեթին, նշեց, որ ճանապարհային քարտեզ է ներկայացվել, որտեղ նշված է 2,6մլրդը որ ոլորտներին են հատկացվելու.«Կասկած չունեմ, որ 2,6 մլրդը հատկացվելու է Հայաստանին, քանի որ տեսնում եմ Հայաստանի և Եվրամիության բացառիկ շահագրգռվածությունը»,-նշեց Սաֆարյանը։

Պատերազմից հետո, նրա խոսքով, ակտիվացում է նկատվում Հայաստան-ԵՄ հարաբերություններում, պատերազմից առաջ շատ ավելի պասիվ վիճակ էր։

ՀՅԴ Եվրոպայի Հայ դատի հանձնախմբի հաղորդակցության և հանրության հետ կապերի պատասխանատու Հարութ Շիրինյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց․ «Նախ՝ պետք է հստակ նշել, որ սա միայն Հայաստանին վերաբերող ծրագիր չէ, այլ ընդհանրապես ԵՄ «Արևելյան գործընկերության» ծրագրի 6 երկրների համար է, որին մաս են կազմում Հայաստանը, Վրաստանը, Ադրբեջանը, Ուկրաինան, Բելառուսը, Մոլդովան: Պետք է նաև հստակեցնել, որ խոսքը մեծ մասշտաբի ներդրումների մասին է, որը կարող է հասնել մինչև 17 մլրդ եվրոյի առաջիկա 5 տարիների ընթացքում: Այդ գումարից 2,5 մլրդ եվրոն Հայաստանի համար է հատկացվում: Այս ծրագիրը երկար աշխատանքի արդյունք է, որը ծնունդ առավ 2016-ին, երբ ԵՄ-ն միասնաբար այդ 6 երկրների հետ որոշեց նոր թափ հաղորդել «Արևելյան գործընկերության» երկրների տարբեր ոլորտների զարգացմանը: Հաշվի առնելով պատերազմի ընթացքում ԵՄ-ն ինքն իրեն չներկայացրեց որպես իսկական դրական ազդեցիկ գործոն և նկատի առնելով Հայաստանի հետպատերազմյան իրավիճակը, հավանական է որ ԵՄ-ն մի շարք վերաճշտումներ է արել դեպի Հայաստան ուղղվելիք ներդրումների առումով և շեշտը դրել է զուտ տնտեսական ոլորտների վրա, ինչպիսին են ճանապարհները, միջին ու փոքր բիզնեսը, բարձր տեխնոլոգիաների ոլորտը»,-ասաց Հարութ Շիրինյանը:

Նրա խոսքով՝ ողջունելի է այս ներդրումների հոսքը դեպի Հայաստան, և պետք է հուսալ,  որ տվյալ ոլորտներում իսկական առաջընթաց արձանագրվի, սակայն եթե խոսքը նման մեծ գումարների մասին է, կարևոր է նաև խոսել արդյունավետության և թափանցիկության մասին:

«Կարծում եմ, որ դրա պատասխանատուն Հայաստանի կառավարությունն է, որպեսզի ամեն մի եվրո օգտագործվի նպատակահարմար ձևով՝ տվյալ ոլորտների և տվյալ քաղաքացիների կողմից։ Այս ներդրումներից նաև նախատեսված է մաս Սյունիքի մարզին համար, իրականում ընդհանուր գումարի մեջ շատ փոքր մասն են ներկայացնում՝ ընդամենը 80 մլն եվրո: Բայց իսկապես անչափ կարևոր է այդ մարզում բնակչությանն օգնություն հասցնելը, որպեսզի նրանք կարողանան գոյատևել ու զարգանալ իրենց շրջանում: Բայց պետք է ուշադիր լինել, որ հանկարծ այս ծրագիրը կամ որևէ այլ ծրագիր, մանավանդ, որ խոսքը երթևեկության մասին է, չներկայանա որպես տեղի բնակիչների անվտանգությունը խաթարող ներդրում: Հայաստանի քաղաքացին, մասնավորապես, սահմանամերձ շրջաններում ապրող քաղաքացիները պետք է առաջին հերթին այդ վախի մթնոլորտից դուրս, անվտանգ ու ապահով ձևով ապրեն, հակառակ պարագայում ցանկացած ներդրում իզուր կդառնա»,-ասաց նա:

Շիրինյանը նշեց, որ չնայած նրան, որ այս ներդրումներն արևելյան գործընկերության շրջանակներում են, անհասկանալի է մնում այն, որ ԵՄ-ն օգնություն է ուղարկում տարածաշրջանների բոլոր երկրներին և բնակչություններին՝ բացառությամբ Արցախի բնակչության, որն ամենից շատ է տուժել պատերազմից․ ինչի՞ է ԵՄ -ն սպասում, որ գոնե մարդասիրական օգնություն ուղարկի Արցախ: