18/10/2021

News and Analitics

Պատվաստված կինը հղիացել է ու հաջող ծննդաբերել. Օկոևը՝ պատվաստանյութերի հնարավոր ազդեցության մասին

Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնն ունեցել է կորոնավիրուսի դեմ պատվաստված բուժառու, որը հետագայում հղիացել է:

Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնի տնօրեն, պրոֆեսոր Գեորգի Օկոևը նշեց, որ հղիությունն անցել է նորմալ, ծննդաբերությունը եղել է բարեհաջող:

«Պատվաստանյութերի հետ կապված ամենաշատ տրվող հարցն ու մտահոգությունը վերարտադրողական առողջության վրա դրա հնարավոր ազդեցության մասին է: Մենք բացատրում ենք, պարզաբանում ենք, որ նման խնդիր չկա: Եկեք դիտարկենք  միջազգային փորձը, ապա կտեսնենք, որ կան երկրներ, որտեղ բնակչության 80-90 տոկոսը պատվաստված է, բժիշկների 90-ից ավելի տոկոսն է պատվաստված: Տեսեք, մենք ունեցել ենք դեպք, որ պատվաստված կինը հղիացել է, նորմալ ընթացք ու ծննդաբերություն է գրանցվել: Մյուս կողմից՝ մենք ունեցել ենք կորոնավիրուսով վարակված և չպատվաստված հղի կնոջ մահ, մենք ունեցել ենք ներարգանդային պտղի մահ: Դրա համար նորից ենք հորդորում պատվաստվելն անհրաժեշտություն է»,- ասաց Գեորգի Օկոևը:

Հարցին, թե կրծքով կերակրող մայրերը ևս կարո՞ղ են պատվաստվել, մասնագետը նշեց, որ որևէ հակացուցում չկա նման դեպքերի համար: