18/10/2021

News and Analitics

Պուտինի շեշտադրումները վկայում են, որ այդ ունիվերսալ ռեսուրսը կրկին կարող է կիրառվել

Իրաքից, Սիրիայից մարտական գործողությունների փորձ ունեցող զինյալներն ակտիվորեն ձգվում են Աֆղանստան: Հետեւաբար, բացառված չէ, որ ահաբեկիչները փորձեն ապակայունացնել իրավիճակը հարեւան պետություններում, ներառյալ՝ ԱՊՀ երկրներում, ընդհուպ ուղղակի էքսպանսիա սկսելը, ԱՊՀ երկրների հատուկ ծառայությունների ներկայացուցիչների հետ տեսակոնֆերանսի ձեւաչափով հանդիպման ժամանակ ասել է ՌԴ նախագահ Պուտինը:

Մենք բոլորս շատ լավ հասկանում ենք, թե ինչ լուրջ ազդեցություն կարող են ունենալ այս երկրի իրադարձությունները Կենտրոնական Ասիայում, Անդրկովկասում եւ այլ տարածաշրջաններում իրավիճակի վրա, ասել է Պուտինը:

Ահաբեկիչների թեման տարածաշրջանում սահմանների հնարավոր փոփոխության համատեքստում բարձրացրեց Իրանը, նշելով, թե հայտնի էլ չէ՝ նրանք հեռացել են, թե ոչ։ Իսկ Իրանի գլխավոր դատախազը Երեւանում կոշտ հայտարարություններ արեց այս կապակցությամբ, չբացառելով սրման դեպքում կտրուկ քայլերը։

Ուշագրավ է, որ Արցախյան 2020-ի պատերազմի ժամանակ Սիրիայից տեղափոխված ահաբեկիչների եւ տարածաշրջանում «սիոնիստական ռեժիմի» ներկայության հարցով Իրանը հարցեր է ուղղում Ռուսաստանին ու Բաքվին։

Արցախյան 2020-ի պատերազմի օրերին ՌԴ ԱԳ նախարարը եւ ՌԴ Արտաքին հետախուզության ծառայության ղեկավարը նշում էին, որ Սիրիայից հարյուրավոր ահաբեկիչներ մեկնում են Լեռնային Ղարաբաղ, եւ Անդրկովկասը կարող է դառնալ «պլացդարմ ահաբեկիչների համար»։ Ի պատասխան Բաքվի դժգոհության՝ ՌԴ ԱԳՆ-ն հավաստել էր, որ Լավրովի հայտարարության մեջ կշտամբանք որեւէ երկրի հասցեին չկա։ Ավելի ուշ Լավրովը հայտարարել էր, որ ահաբեկիչներն այլեւս որեւէ վտանգ չեն ներկայացնում։

Պուտինի շեշտադրումները վկայում են, որ այդ ունիվերսալ ռեսուրսը կրկին կարող է կիրառվել։ Իր հերթին, Իրանի պնդումները շրջանում ահաբեկիչների ներկայության վերաբերյալ այդ տարածքները դարձնում են օրինական թիրախ։